ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Արտառոց անուններով բախումներ՝ ծանրացող հետևանքներով․ թիվ 1 հարցն է՝ ԱՄՆ-ն կներգրավվի՞ Իրան-Իսրայել բախումներում

Իրանա-իսրայելական բախումները միջազգային լրատվամիջոցների գլխագրերում են և փորձագիտական շրջանակների քննարկումների առանցքում։ Սցենարները տարբեր են, սակայն բոլոր դեպքերում միանշանակ է, որ հետևանքները ծանր են լինելու, ընդ որում՝ ոչ միայն պատերազմող կողմերի, այլև տարածաշրջանի համար։ Հայաստանն այս առումով իր լուրջ մտահոգություններն ունի նաև այն պատճառով, որ թե Իրանը, և թե Իսրայելը հայկական համայնքներ ունեն։ Վերջին տվյալներով՝ հայերի շրջանում տուժածներ չկան։

Իրանական «Խիստ պատիժ»՝ իսրայելական «Վեր խոյացող առյուծին»։ Գործի է դրվում «Իրական խոստում -3»-ը․ ուրբաթ 13-ին սկսված իսրայելա-իրանական բախումներն անուններ ունեն, պայքարը գնալով լարվում է։ Երկու կողմում էլ կան զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, երկու երկրում էլ  հայերի շրջանում տուժածներ չկան։

Իրանի մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով հայեր չեն տուժել։

«Բարեբախտաբար, մինչև այս պահը հայ համայնքի և ՀՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան, շենքերը ևս չեն խոցվել։ Բայց երեկ գիշերը և լույս առավոտ լսվել են ԱԹՍ-ների ձայներ, ՀՕՊ համակարգերի ակտիվությունը չափազանց շատ է եղել։ Որոշ չափով խուճապ կա։ Տեսնում ենք որ իրանցիների մի մասը փորձում է դեպի հյուսիս ճամփորդել կամ ավելի ապահով վայրեր գնալ։  Բնականաբար մեր համայնքի մոտ էլ գոյություն ունի, բայց շատերը սպասում են հասկանալու համար թե ինչպես կզարգանան իրադարձությունները»։

Իսրայելի հայ համայնքի շրջանում ևս տուժածներ չկան՝ « Ռադիոլուրին» տեղեկացրեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի  «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը․

«Հայերի շրջանում զոհեր, վիրավորներ չկան, մենք այդ մասին որևէ տեղեկություն չունենք։ Ունենք համապատասխան խմբեր, և  տարբեր քաղաքներից հայերը տեղեկություններ են ստանում սովորաբար, թե ինչ իրավիճակ է։ Ինչ վերաբերում է փլված շենքերին, վնասված մեքենաներին՝ մեզանում այդ թեմաները շատ երկրորդական  են, որովհետև մեզ համար ամենակարևորը մարդկային կյանքերն են։

Մեզ մոտ չկա   տագնապ, և սա մեզ համար սովորական երևույթ է, այսինքն՝ գիտենք, թե ինչ պետք է անենք, որտեղ պետք է թաքնվենք։ Խուճապն էական դեր փրկության հարցում չի կարող խաղալ։ Իսրայելի մյուս քաղաքացիների նման՝ մենք էլ ենթարկվում ենք «թիկունքի ծառայության» բոլոր հորդորներին և հրահանգներին, կատարում ենք դրանք և, բարեբախտաբար, այս առումով ամեն ինչ նորմալ է, բոլորս, մեր երեխաները գիտեն , թե որը որտեղ պետք է այդ պահին գտնվի, եթե տագնապ հայտարարվի»։

Իրանա-իսրայելական փոխադարձ հարվածների ֆոնին  երկու երկրում էլ անորոշություն է ու գերլարված վիճակ։ Կողմերը հայտարարում են փոխադարձ նոր հարվածների մասին։

Իսրայելի գործողությունները համարժեք են պատերազմի հայտարարման՝ շեշտել է  ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ  Ամիր Սաիդ  Իրավանին։  Իրանի քաղաքացիները զոհվել են Իսրայելի կողմից ամերիկյան զենքի կիրառման հետևանքով՝    ընդգծել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։

Իսկ Ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է,  որ Իսրայելի հարվածից ոչնչացվել է Նաթանզի միջուկային օբյեկտի վերգետնյա գործարանը։ Ըստ Գրոսսիի՝ տեղում քիմիական և ռադիոակտիվ աղտոտման տարրեր կան, սակայն  դրանք վերահսկելիի սահմաններում են։

Իրանական իշխանությունները հայտնել են նաև Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների մասին։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն  իրադարձությունների զարգացման երկու սցենարի մասին է խոսում

«Երկու ճանապարհ կա՝ առաջինը, հիշենք, որ նախկինում երկու անգամ լարվածություն եղել է, ըստ այդմ՝  կողմերը  կամ կհարվածեն իրար ու կհանգստանան ինչ-որ ժամանակով, դեէսկալացիա կլինի։  Մյուս սցենարը, որ Իրանի հարվածից հետո Իսրայելը դարձյալ հարվածի կամ ավելի ուժեղ հարվածի, և դա կարող է բերել Իրանի կողմից ավելի ուժեղ հարվածի։  Եվ շատ կարևոր է, թե ԱՄՆ-ը որքանով կներգրավվի  Իրանի և Իսրայելի միջև  պատերազմում։ Եթե անցնի Իսրայելին ուղիղ աջակցության, արդեն բավականին լուրջ պատերազմի մասին է խոսքը»։

Իրանը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որ եթե օգնեն Իսրայելին՝ հետ մղել Իսլամական Հանրապետության  հարվածները, ապա Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի երկրներում գտնվող նրանց ռազմական օբյեկտները կդառնան իրանական հարվածների թիրախ՝ հայտնում է «Մեհր» գործակալությունը։ Լեոնիդ Ներսիսյան․

«Առանց ԱՄՆ-ի Իսրայելը կկարողանա օդային հարվածները շարունակել ինչ-որ ժամանակ,  բայց Իրան պետությունն այն ձևով, որը այսօր կա, իրենք  ոչնչացնելու որևէ ռեսուրս չունեն։ Օբեկտիվ որ լինենք, ռազմական ուժը օդային հատկապես անհամեմատելի մեծ է ԱՄՆ-ինը, քան Իրանինը՝ թե ՀՕՊ-երի առումով, թե ավիացիայի։  Եթե իրենք լուրջ գնան այդ քայլին, շատ ծանր կարող է լինել Իրանի համար իրավիճակը»։

Իրանական Nour News-ը ևս ուշագրավ տվյալներ է հաղորդել․ ըստ այդմ՝ Իրանում հայտնաբերվել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր տեղափոխող մի քանի մեքենա։  Գործակալությունը չի նշում՝ դա տեղի է ունեցել Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումից առա՞ջ, թե՞ հետո: Ըստ որոշ փորձագետների, փաստորեն, իսրայելական հետախուզությունը կարողացել է հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ներ անցկացնել Իրանի տարածք:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, հետևելով իրանական լրատվամիջոցների ու սոցցանցերի գրառումներին, տելեգրամյան իր էջում գրում է՝

«Դատելով հակաիրանական սոցցանցային զգալի ակտիվությունից՝ գրեթե կասկած չկա, որ քարոզչական տիրույթում ներիրանական պանթյուրքական ցանցն աշխատում է Իսրայելի դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող հրահանգավորմամբ և ուղղորդմամբ։ Չնայած նույն այդ վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր հերքել է, որ Իրանի ներսում Իսրայելն օգտագործել է հենց Բաքվի հովանու ներքո գտնվող պանթյուրքիստների լրտեսական ցանցը, կարծում եմ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանի համապատասխան մարմինները կզբաղվեն այս խնդրով, որն անվտանգային լուրջ մարտահրավեր է դարձել իրանական պետության համար»։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը հարցը դիտարկում է Հայաստանի դիտանկյունից և կարևորում կայունությունը տարածաշրջանում։

«Մեզ, բնականաբար, պետք է, որ մեր ռեգիոնում կայուն իրավիճակ լինի, ու մենք որևէ ձևով հետաքրքրված չենք այսօրինակ լարվածությամբ։  Որքան ավելի շատ էսկալացիա այնքան բնականաբար վատ՝ տարբեր պատճառներով, ու ոչ միայն Ադրբեջանի հարձակման հետ կապված այլ նաև օրինակ եթե այդ ամենավատ սցենարով գնանք, օրինակ, քանի  փախստական կարող է Իրանից Հայաստանի սահմանը հատել դրան էլ պետք է պատրաստ լինել»։

Թե Իսրայելի, թե Իրանի կողմից հայտարարությունները սպառնալից են, կա նաև միջուկային զենքի կիրառման ռիսկ։ Քաղաքագետ,  էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն էլ ուշադրություն է հրավիրում Իրանի Հորմուզի ջրանցքի գործոնի վրա։

«Իրանի զինանոցում կա մի կարևոր ռազմավարական գործիք՝ Հորմուզի ջրանցքը: Մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել ջրանցքը՝ Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում: Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից կտուժի հատկապես աշխարհի գլխավոր նավթ ներկրողը՝ Միացյալ Նահանգները: Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկոգեն է՝ հաշվի առնելով նրա լեգիտիմության սրընթաց անկումն ու ներքին լարվածության աճը: Հորմուզի կշիռը համաշխարհային նավթի ծովային արտահանման կառուցվածքում կազմում է մոտ 30%»:

Ավելին, ըստ փորձագետի, Հորմուզով է արտահանվում Պարսից ծոցում արդյունահանված նավթի 90%-ը: Համաշխարհային տնտեսության համար առանցքային նշանակության այս հաղորդակցության խաթարման դեպքում նավթի գները կարող են հասնել 300-350   դոլարի: Վահե Դավթյանը հիշեցնում է, որ համաշխարհային շուկայում նավթի գներն արդեն կտրուկ աճել են՝ գերազանցելով 75 դոլարը։

Կարդացեք նաև

Back to top button