
Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Երևան-Բաթումի-Երևան երթուղով գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։
Գնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրումեջ։
Ամառային սեզոնի ընթացքում դադարեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել Բաթումիի գնացքով։
Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ՝ գների մեջ էական փոփոխություններ չեն կատարվել։
Լրացուցիչ տեղեկություններ և տոմսերի գները հասանելի են ընկերության պաշտոնական կայքում՝ www.railway.am։
Հունիսի 13-ից գործարկվել է նաև սեզոնային մերձքաղաքային էլեկտրագնացք՝ Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղով, որը գործում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։




