
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովում ամենից քննարկվող թեման այսօր Իրանի դեմ իսրայելական հարձակում է եղել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցրել է, որ Հայաստանն այս առումով տարբեր սցենարներ է դիտարկել, սակայն նա դեռ վաղ է համարել եզրահանգումներ անելը։ Իսկ մամուլում շրջանառվող այն լուրը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, նա ամբողջությամբ հերքել է։
Իսրայելի հարձակումն Իրանի դեմ ոչ միայն Թեհրանի կամ Մերձավոր Արևելքի, այլև Հայաստանի համար է սպառնալիք՝ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա վստահեցրեց, որ որոշ ժամանակ առաջ իրադարձությունների փոփոխման տարբեր սցենարներ են քննարկել Անվտանգության խորհրդում։
«Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որոնց համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, և դրանց շրջանակներում կատարել ենք նաև պլանավորում։ Ըստ սցենարների՝ մենք ունենք պլանավորում, որին համապատասխան էլ կշարժվենք։ Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ հարցերը»։
Արմեն Գրիգորյանը զերծ մնաց Իրանի դեմ հարձակումն այսօր գնահատելուց և չխոսեց հավանական իրադարձությունների մասին։ Նա միայն ասաց, որ Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել ստեղծված իրավիճակի առնչությամբ, սակայն եթե դրա կարիքը լինի, կգումարվի։
«Ես չէի շտապի՝ գնահատական տալու այս էսկալացիային։ Եկեք սպասենք ու հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն։ Կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք գնահատելու ,թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»։
Իրանի դեմ Իսրայելի հարձակումը շատ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված անկայուն իրավիճակից, Թեհրանի առջև ծառացած խնդիրներից ու հարձակում գործել Հայաստանի վրա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու նպատակով։ Լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը պարզաբանեց, որ այս պահին չկան նման տեղեկություններ, չկա նաև տեղեկություն ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին։
ԱԽ քարտուղարի պարզաբանմամբ՝ դասական անվտանգային սպառնալիքը այժմ հիմնականն է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերից ԱԽ քարտուղարը շեշտում է խաղաղության օրակարգը առաջ մղելը։
«Բնականաբար, մեր օրակարգը խաղաղության օրակարգն է, բնականաբար, մեր օրակարգը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, և այդ ստորագրման համար մեր ողջ ջանքերը պետք է ներդնենք և մոբիլիզացնենք մեր կարողությունները, որպեսզի այդ նպատակին հասնենք, և այս առումով կարծում եմ, որ, իհարկե, մենք ամբողջությամբ խաղաղության օրակարգը չենք կարողացել իրականացնել, բայց շատ հարցերում նաև կարողացել ենք որոշակի կայունության հասնել, և կարծում եմ՝ այդ կայունությունը տեսանելի է։ Իհարկե, կարող են օրինակներ լինել, նաև կարող է որոշ առումով հարցականի տակ դրվել իմ ասածը, բայց նաև կարող եմ ասել, որ բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ առնվազն որոշակի կայունություն կա Հայաստան –Ադրբեջան հարաբերություններում»։
Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցված է, և այժմ Բաքվի հետ բանակցություններ են ընթանում դրա ստորագրման ժամկետների շուրջ։
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ Երևանը Բաքվին է փոխանցել վերջին շրջանում հրադադարի խախտումների մասին հետաքննության նյութերը և սպասում է պատասխանի ։
«Ադրբեջանական կողմին մենք խնդրել ենք դետալներ մեզ փոխանցեն ըստ իրենց միջադեպերի խախտումների վերաբերյալ։ Մենք մանրամասն հետաքննություն ենք կատարել և պատասխանել ենք։ Կարող եմ ասել, որ գրեթե մեր կողմից խախտում չի եղել։ Մենք նաև ինֆորմացիա, դետալներ ենք փոխանցել իրենց կողմից խախտումների վերաբերյալ, նույնիսկ տեսագրություններ ,որոնք փաստում են, և ակնկալում ենք ադրբեջանական կողմի հետաքննությանը»։
Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստանը Ադրբեջանին վաղուց է առաջարկել սահմանային միջադեպերը հետաքննող համատեղ հանձնաժողով ստեղծել, որպեսզի հստակացվի, թե որ կողմն է կրակում, սակայն հայկական կողմի առաջարկը մինչև օրս անպատասխան է։
Վերջերս հայկական մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Նշվում էր, որ սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններով՝ կողմերը համաձայնության են հանգել սահմանագծման հարցում։ Հրապարակվել էին նաև քարտեզներ, ըստ որոնց՝ Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին է զիջելու 180 քառակուսի կիլոմետր տարածք, փոխարենը ստանալու է ընդամենը 25 քառակուսի կիլոմետր: Հայաստանի ԱԽ քարտուղարն այդ լուրերն ամբողջությամբ հերքեց․
«Բնականաբար, ամբողջությամբ կեղծ լուր է, սահմանազատման գործընթացի բանակցությունները ընթանում են փոխվարչապետների մակարդակով, և իրենք են բանակցում, և եթե ինչ-որ համաձայնություն լինի որևէ հարցի շուրջ, բնականաբար, հանրությանը կտեղեկացնենք, այդ բոլոր լուրերը կեղծ են և, բնականաբար, այլ նպատակ են հետապնդում»։
Արմեն Գրիգորյանը չհերքեց առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու և նախագահ Էրդողանի հետ հանդիպելու մասին շրջանառվող լուրը, սակայն չպարզաբանեց, թե ինչ օրակարգով է վարչապետը Թուրքիա մեկնում, և թե ում նախաձեռնությամբ է այցը տեղի ունենալու։




