
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանին նախօրեին երեկոյան նշանակված արտահերթ նիստում պետք է ընտրեր համայնքի ղեկավարի: Նախորդ քաղաքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին սոցիալական հարթակում գրառմամբ տեղեկացրել էր պաշտոնից ու ավագանու անդամի լիազորություններից հրաժարվելու մասին: Վաղարշապատն այժմ ժամանակավորապես ղեկավարում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Նա և ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 14 անդամները չեն մասնակցել ավագանու արտահերթ նիստին: Անհրաժեշտ քվորում չլինելու պատճառով ավագանու նիստը չի կայացել: Արմավիրի մեր թղթակից Սաթիկ Իսահակյանն է մանրամասնում։
Նախօրեին աշխատանքային օրվա գրեթե ավարտին՝ ժամը 17-ին Վաղարշապատում հրավիրված ավագանու արտահերթ նիստին ներկա էին միայն ավագանու «Էջմիածին կուսակցությունների դաշինք» և «Հայրենատէր» խմբակցությունների անդամները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 15 անդամները բոյկոտել էին նիստն ու չէին ներկայացել։ Ընդ որում, չէր ներկայացել նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, որին վերապահված էր վարել նիստը:

«Էջմիածին կուսակցությունների դաշինք» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը կարծում է, որ այս քայլով ՔՊ-ն հետաձգում է համայնքի ղեկավարի ընտրությունն ու նախապատրաստվում նոր ընտրությունների: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախատեսվում է Վաղարշապատ ու Խոյ համայնքերի վերամիավորում: Վաղարշապատում միավորված են Էջմիածին քաղաքն ու Ոսկեհատ գյուղը, Իսկ Խոյում՝ 17 գյուղական բնակավայր:
Խաչատրյանի ենթադրությամբ՝ «Դա արվում է, որպեսզի իրենք բավարար ձայներ փորձեն ապահովել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարծիքով՝ իրենք այնտեղ ունեն որոշակի ընտրազանգված, որն, իմ կարծիքով, այդպես չէ»:

Ըստ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների՝ ավագանու ՔՊ խմբակցության անդամները նիստը բոյկոտել են, որպեսզի Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին նշանակեն Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Վերջինս շուրջ երեք տարի ղեկավարել է Խոյ համայնքը: Վաղարշապատում համայնքի ղեկավար ընտրելու նպատակով նախատեսվում է երկու շաբաթվա ընթացքում ևս մեկ արտահերթ նիստ հրավիրել:
Սևակ Խաչատրյան. «Օրենքով ավագանին իրավունք ունի 1/3-ի պահանջով ցանկացած ժամանակ հրավիրել արտահերթ նիստ: Հիմա մենք ևս մեկ անգամ կհրավիրենք արտահերթ նիստ: ՏԻՄ օրենքի համաձայն՝ մեկ ամսում պետք է համայնքի ղեկավարն ընտրված լինի: Եթե չեմ սխալվում՝ ամսի 27-ին է մեկ ամիսը լրանում: Եթե մինչև այդ նիստը էլի չկայանա, ապա ամսի 27-ից հետո նշանակելու են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»:
«Հայրենատէր» խմբակցության ղեկավար Ջիվան Աբրահամյան. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքի ուժով պետք է Էջմիածնի ժամանակավոր ղեկավար նշանակի, երբ մենք այստեղ չկարողանանք քվորում ապահովել, իրենք գնան այդ քայլին, քաղաքական «դիվերսիա» անեն, հետո առաջադրեն: Ինչ պետք է անեն, ասֆա՞լտ»:

Հնարավոր զարգացումներից առաջ՝ մինչև համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը, «Էջմիածին կուսակցությունների դաշինք» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն առաջարկում է հետևել Գյումրու և Փարաքարի օրինակներին, այն է՝ համայնքում անցկացնել նախնական քվեարկություն՝ փրայմըրիզ:
«Ես կարծում եմ, որ չի լինի, որովհետև իրենց պաշտոնյաներն արդեն հայտարարում են, թե ով է թեկնածուն: Ինչո՞ւ էջմիածնեցուն չեն հարցնում՝ ուզում են, թե չէ, ինչու էին Փարաքարում հարցնում փարաքարցիներին, Գյումրիում հարցնում գյումրեցիներին, էջմիածնեցիներին ինչո՞ւ չեն հարցնում»:
Ավագանու նիստի նշանակված ժամանակից 30 րոպե հետո Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սմբատյանն արձանագրեց ավագանու նիստի չկայանալը։
«Հաշվի առնելով հանգամանքը, որ ավագանու հրավիրված նիստին, օրենքով սահմանված կարգով, կես ժամվա ընթացքում չեն ներկայացել նիստը վարողը՝ համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը և ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին, ուստի նիստը իրավազոր չէ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով՝ նիստը համարվում է չկայացած»:
Ավագանու նիստին 27 անդամներից ներկա էր 10-ը: Ավագանու մի շարք անդամներ կոչ են անում իրենց բացակա գործընկերներին՝ մասնակցել ավագանու հաջորդ արտահերթ նիստին:




