
Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլում երեկ դիրիժորական վահանակի մոտ են կանգնել Ավստրալիան ներկայացնող Լեոնարդ Վայսը, Շուն Օին Ճապոնիայից և Ֆերնանդո Գաջինին Արգենտինայից՝ ղեկավարելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտությամբ, և երկրորդ փուլ են անցել 6 դիրիժորներ։ Ի դեպ, «դիրիժորությունը» մրցույթի անվանակարգերում ավելացել է 2016 թվականին՝ մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։

Լեոնարդ Վայսը խոստովանում է, որ անակնկալ էր իր համար, երբ իմացել է, որ անցել է մրցույթի եզրափակիչ փուլ։ Նա բարձր է գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը, որը բերել է այդ արդյունքին։ Ասում է, որ երջանիկ կլինի, եթե արժանանա առաջին մրցանակին, սակայն նաև հավելում է, որ երկրորդ փուլ անցած իր գործընկերները հանդես են եկել բարձր մակարդակով։
Շուն Օին նկատում է, որ մրցույթին մասնակցության ընթացքում կենտրոնացած է միայն երաժշտության վրա և չի մտածում արդյունքների մասին։ Երկրորդ փուլում իր ելույթն էլ նվիրում է Արամ Խաչատրյանին։
Ֆերնանդո Գաջինիի կարծիքով էլ՝ երկրորդ փուլ անցած երաժիշտներից ով էլ հաղթի մրցույթում, արժանի է, քանի որ մասնակիցները մասնագիտական բարձր մակարդակ են ցուցաբերել։
Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրների անունները հայտնի կդառնան արդեն այսօր երեկոյան՝ պարգևատրման արարողության գալա համերգի ընթացքում։ Նախատեսված են 1-ին, 2-րդ, 3-րդ, ինչպես նաև հատուկ մրցանակներ։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամն է։ Երաժշտական ստուգատեսը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Freedom Broker Armenia-ի ռազմավարական հովանավորությամբ։ Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև աշխարհում հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը։




