
ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Մասկատում կիրակի՝ հունիսի 15-ին, X-ում հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին:
«Ուրախ եմ հաստատել, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա այս կիրակի՝ Մասկատում», — գրել է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, որը բանակցային գործընթացում հանդես է գալիս որպես միջնորդ կողմ:
ԱՄՆ-ն և Իրանը ապրիլից բանակցություններ են վարում Օմանի միջնորդությամբ: Բանակցություններում իրանական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուրանի հարստացման շուրջ տարաձայնությունների պատճառով նոր համաձայնության հասնելու մի քանի փորձերից հետո բանակցությունները վտանգի տակ են։ Ամերիկյան կողմը պնդում է, որ Իրանն իր միջուկային օբյեկտներում պետք է հրաժարվի ուրանի հարստացումից:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, թեև դադարել է պահպանել 2015 թվականի համաձայնագրով նախատեսված սահմանափակումները՝ արագացնելով ուրանի հարստացումը մինչև 60%:




