
Եվրոպական հանձնաժողովը նոր պատժամիջոցների փաթեթ է հրապարակել։ Կազմակերպությունը հույս ունի, որ Վաշինգտոնը ևս կխստացնի պատժամիջոցները Մոսկվայի դեմ։ Ենթադրվում է, որ դա զգալի արդյունք կտա ՌԴ-ն ուկրաինական հարցով բանակցությունների տանելու գործում։ Պատժամիջոցների փաթեթում առաջարկվում է ռուսական նավթի գինը 60-ից իջեցնել մինչև 45 դոլարի։ Փաթեթը պատժամիջոցներ է սահմանում նաև ռուսական 22 բանկի դեմ։
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մանրամասները։
Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք» գազատարների դեմ և ռուսական նավթի գինը մեկ բարելի համար նվազեցնել մինչև 45 դոլար։
Հանձնաժողովն առաջարկում է արգելել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներին առնչվող ամեն գործարք։ Այդ արգելքը նույնպես համարվում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 18-րդ փաթեթի մաս։ Այդ առիթով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է․
«Մենք այժմ առաջարկում ենք խիստ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Հիմնականում թիրախավորում ենք երկու ոլորտ՝ Ռուսաստանի էներգետիկ և բանկային ոլորտները։ Մենք ընդլայնում ենք արտահանման արգելքներն ու վերահսկողությունը։ Առաջին անգամ առաջարկում ենք արգելք սահմանել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներին վերաբերող բոլոր գործարքների համար։ Սա նշանակում է, որ Եվրամիության ոչ մի օպերատոր չի կարողանա ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել «Հյուսիսային հոսք» խողովակաշարերին առնչվող որևէ գործարքի։ Անցյալին վերադարձ չկա։ Մենք նաև առաջարկում ենք նավթի գինը մեկ բարելի համար իջեցնել առավելագույն 60–ից մինչև 45 դոլար։ Նավթի գինը իջեցնելով՝ հարմարվում ենք փոփոխվող շուկայական պայմաններին և վերականգնում դրա օգտագործման արդյունավետությունը»։
Ռուսաստանի դեմ փաթեթը ներառում է նաև պատժամիջոցներ ռուսական 22 բանկի դեմ։ Դրանք կանջատվեն SWIFT համակարգից։
Բացի այդ՝ պատժամիջոցների ցանկում կավելացվեն նաև ռուսական և օտարերկրյա որոշ ընկերություններ, որոնք աջակցում են Ռուսաստանի զինված ուժերին։ Դրանց թվում են Բելառուսի և Չինաստանի մի շարք ձեռնարկություններ։ Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ սահմանափակող միջոցառումները կազդեն նաև անօդաչու սարքերի արտադրության ամբողջ շղթայի վրա։ Դրանց հետևանքով, ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի, Մոսկվան կզրկվի այս ոլորտում եվրոպական տեխնոլոգիաների հասանելիությունից։
«Այս փաթեթով մենք ուժեղացնում ենք ճնշումը Ռուսաստանի վրա: Մեր նպատակը շատ պարզ է․ մենք կրկնում ենք առնվազն 30 օր տևողությամբ լիարժեք, անվերապահ հրադադարի կոչը: Ռազմական գործողությունների այս դադարը կարող է ծառայել որպես կենսական քայլ քաղաքացիական բնակչության իրական տառապանքների նվազեցման և խաղաղության համար իմաստալից բանակցություններ սկսելու նպատակով»:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կարևորում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, քանի որ համոզված է, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում․
«Այն համատեքստը, որով մենք այսօր ընդունում ենք այս փաթեթը, շատ, շատ հստակ է: Ակնհայտ է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում: Ոչինչ չի վկայում, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության: Ընդհակառակը՝ Ռուսաստանը սրում է պատերազմը Ուկրաինայում»:
Ռուսական նավթի գինը մեկ բարելի համար 60-ից 45 դոլար իջեցնելու և սակագնային նոր շեմ հաստատելու հարցում անհրաժեշտ է Մեծ յոթնյակի երկրների միասնականությունը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը համոզված է, որ եթե այս քայլերը Միացյալ Նահանգների հետ համատեղ ձեռնարկվեն, ապա կտրուկ կմեծանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդհանուր ազդեցությունը․
«Ռուսաստանի նպատակը խաղաղությունը չէ, այլ ուժի գերիշխանությունը պարտադրելը։ Հետևաբար պետք է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, քանի որ ուժը միակ լեզուն է, որը Ռուսաստանը կհասկանա»։
Եվրամիությունը փորձում է ռուսական նավթի գնի իջեցման շուրջ համաձայնության հասնել G7-ի երկրների և մասնավորապես Միացյալ Նահանգների հետ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը երկխոսություն են վարում այս թեմայով։ Այս հարցով հաջորդ քննարկումը տեղի կունենա հունիսի 15-ից 16-ը Կանադայում՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում։




