ՌեպորտաժներՏնտեսական

Վարելահողեր, ուր գյուղացին մտնում է միայն ցերեկը՝ փաստաթղթերով․ ոռոգման ջուրը հասել է Արաքս գյուղ

Սահմանամերձ Արաքս համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի հիմնական մասը սահմանային գոտում է։ Արաքսի ափին գտնվող վարելահողերը երկար տարիներ չեն մշակվել ոռոգման խնդրի պատճառով: Այժմ խնդիրը լուծվել է գյուղում ջրամբար ու պոմպակայան կառուցելով: Գյուղացիներն օգտվել են նաև բուսաբուծության պետական աջակցության ծրագրից ու հացահատիկային մշակաբույսեր ցանել:

Էջմիածնի  տարածաշրջանի Արաքս բնակավայրը սահմանամերձ է Թուրքիային: Գյուղի շուրջ 600 հա վարելահողերը  սահմանային գոտում են, ինչպես ժողովուրդն է ասում՝ սահմանի ներսում: Այստեղ գյուղացիները մուտք ու ելք ունեն միայն ցերեկային ժամերին: Ոռոգման ջրի խնդրի պատճառով այս տարածքի վարելահողերը տարիներ շարունակ չեն մշակվել` ասում է զրուցակիցս, որը սահմանին շուրջ 4000 քմ հող ունի: Չցանկացավ ներկայանալ:

«Մենք այնտեղ հողեր ունենք, բայց պետք է փաստաթղթերով մտնենք: Ոչ մի բան չենք մշակում, ջուր չկա: Բոլորն էլ հեկտարներով հողեր ունեն սահմանագոտում: Մինչև սահմանին հասնելը մեր հողերն են, անցաթղթով են հասնում այնտեղ, իսկ իրիկվա կողմ՝ դուրս գալիս, քանի որ արդեն փակ է: Ինչ երկիրը խառնվել էր, մենք այդ հողերը չէինք մշակում: Առաջ ցորեն ու առվույտ ենք ցանել»:

Սեփականաշնորհված հողերը չեն մշակել, սակայն պարապ էլ չեն նստել, տնամերձ հողամասերում ջերմոցներ են հիմնել՝ բանջարեղեն ու կանաչի մշակել: Ոռոգման հարցն էլ ինքնուրույն են լուծել՝ սեփական ջրհորի միջոցով.

«Հորեր ենք փորել, ու պոմպով ենք աշխատեցնում՝ հոսանքով, իսկ էն ժամանակ մենք դպրոցի դիմացի աղբյուրի ջրով էինք ջրում: Անընդհատ բացում, փակում էինք, դրա համար էլ մեր ջուրը պակասեց»:

Տնամերձ 2000 քմ հողամասն ամբողջությամբ ջերմոցի տակ է դրել, մի մասում լոլիկ է աճեցնում, մյուսում՝ կանաչի: Լոլիկն իրացնում է մոտակա մեծածախ շուկայում՝ 1կգ-ը 350 դրամով:

««Ռաներ» սորտի լոլիկ է, պինդ է, քաղցրություն ունի, մեջն էլ խոց չկա, նորմալ է, բայց այդքան էլ լավ սորտ չէ, որ ասես՝ ընտիր պոմիդոր է, բայց դե ոչինչ: Շուկայում մի քիչ դժվարությամբ եմ վաճառում»:

Արաքս գյուղում ոռոգման ջրի խնդիրն այս տարի լուծվել է՝ սուբվենցիոն ծրագրերով ջրամբար ու պոմպակայան է կառուցվել: Արաքս բնակավայրի վարչական ղեկավար Վարդան Գրիգորյանն ասում է, որ ջրամբարը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին արդյունահանված ավազահանքի տեղում, որտեղ ջրի որոշակի պաշար կա, իսկ պոմպակայանն ամիսներ առաջ է շահագործվել:

«Ջրամբար, պոմպակայան կառուցեցինք, որովհետև ջրի մեծ խնդիր ունեինք: Նույն ջրամբարից օգտվում էինք և՛ մենք, և՛ Ջրառատ գյուղը: Երբ մարդիկ հողը մշակում էին, ու գալիս-հասնում էր բերքը հավաքելու ժամանակահատվածը, պետք է ջրեին 2-3 անգամ՝ ջուրը չէր հերիքում: Ստացվում էր, որ մարդկանց չարչարանքը ապարդյուն էր լինում: Դրա համար այս տարի պոմպակայան կառուցվեց»:

Պոմպակայանի հզորությունը 300լ/վայրկյան է: Ծրագրի արժեքն ավելի քան 94 մլն դրամ է, որի 70 տոկոսը վճարել է կառավարությունը: Ջրարբիացումից հետո սահմանամերձ գոտու սեփականաշնորհված վարելահողերի մի մասը՝ շուրջ 300 հեկտարը, սկսել են մշակել: Այս տարի գյուղացիներն օգտվել են բուսաբուծության ծրագրից ու կերային մշակաբույսեր ցանել՝ մանրամասնում է Արաքսի վարչական ղեկավարը:

«Պետական աջակցություն էլ կա այստեղ գարնանացան առվույտի, եգիպտացորենի ու ցորենի մշակության համար՝ 80, 100,120 հազարական դրամի վերադարձի տեսքով։ Դա մեծ խթան է, որ ժողովուրդը վերադառնա հող: Եթե ծրագրերը չլինեին, էլի չէին անի, էլի չէին ցանի, քանի որ շահավետ չէ: Ծրագրով գոնե վարելու, ցանելու, հնձելու գումարը պետությունը տալիս է»:

Արաքս գյուղի բնակիչ Հուսիկ Խաչատրյանի սեփականաշնորհված հողատարածքը նույնպես սահմանամերձ գոտում է։ Պատմում է, որ 2006թ-ից այն անմշակ էր թողել ոռոգման ջրի պատճառով: Այս տարի այն վարձակալությամբ տվել է այլ մշակողների:

«Ջուր չկար, հիմա  կա, տալիս եմ մշակողներին, իրենք հիմնականում ցորեն են մշակում: Մարդիկ կան, որ տեխնիկա ունեն, ու իրենց ձեռնտու է ցորեն մշակելը: Տեխնիկա, տրակտորներ ունեն, վարում են, ցանում են, բայց եթե մենք գնանք անենք, տրակտորին փող տանք, ցանքին փող տանք՝ տակը բան չի մնա»:

Հուսիկ Խաչատրյանն ասում է՝ գյուղն ու հարակից բնակավայրերը երկար են սպասել ջրին։ Հույս ունի, որ խնդրի լուծումն աստիճանաբար գյուղացուն կվերադարձնի դեպի հողը։

Կարդացեք նաև

Back to top button