
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել երկու պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը։ Այդ պատգամավորներն են «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նույն խմբակցության անդամ, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։ Երկու պատգամավորին առնչվող քրեական գործերը փոխկապակցված են, կապված են իրենց՝ նախարար եղած ժամանակվա հետ և առնչվում են, այսպես կոչված, «Սևանի գործ»-ին։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ ուղարկած փաստաթղթերով «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագիրը կազմված է 74 թերթից, նույն խմբակցության անդամ, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանինը՝ 66 թերթից։
Հակիրճ կերպով ներկայացնենք փաստաթղթերի բովանդակությունը։ Ըստ գլխավոր դատախազության՝ Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ՝ 2010-2015 թվականներին, զավթել, առանց հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք՝ «Սևան» ազգային պարկում ներառված, պետական սեփականություն, 10․000 քմ մակերեսով հողատարածք, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում։ Այս գործով դատախազությունն արձանագրել է նաև ՔՕ սահմանված այլ չարաշահումներ և խախտումներ։
Ըստ նույն գործին առնչվող փաստաթղթերի՝ Արծվիկ Մինասյանը բնապահպանության նախարարի պաշտոնում եղած ժամանակ չարաշահել է իր լիազորությունները և զարտուղի ճանապարհներով փորձել օրինականացնել պաշտպանության նախկին նախարարի օրինախախտ քայլերը։
Ուշագրավ է, որ միջնորդագրերի ներկայացումից մոտ մեկ ամիս առաջ՝ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, միջադեպ էր տեղի ունեցել վարչապետի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև, ընդ որում՝ շոշափվել էր հենց, այսպես կոչված, «Սևանի գործի» թեման։

«Դու ի՞նչ իրավունք ունես Սևանի ափին տուն ունենաս, մի հատ էլ գաս մատ թափ տաս։ Ի՞նչ գործ ունեք դուք ընդհանրապես այս դահլիճում նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ՝ բոլորիդ պետք է տանեմ լցնեմ ԱԱԾ պադվալը։ Առաջինը դու պիտի գնաս ու դու կգնաս»։
«Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը համոզված է, որ իրավական այս հարցերը կապված են հենց վերջին միջադեպի հետ։ Միևնույն ժամանակ պատգամավորը խոստովանում է, որ միջնորդագրերն ամբողջությամբ չի ընթերցել, իսկ դղյակների կամ ամառոցների գոյության հարցին հարցով է պատասխանում՝ բայց նախ այս քայլերը բնորոշելով որպես երկրի առջև ծառացած մարտահրավերներից հանրության ուշադրությունը շեղելու միջոց․
«Փորձենք հաշվել՝ քանի՞ նման գործեր են հանրության առաջ նետվել, քանի նման գործեր են տարիներով քննվում ու դեռևս ոչ մեկը, քանի՞սն է դրանցից ավարտուն տեսքի հասել։ Ես միջնորդագրի մասին հիմա չեմ էլ ուզում խոսել։ Ես ընդհանրապես որևէ մեկի կողմից պաշտոնի չարաշահմամբ որևէ ամառանոց կամ կառույց կառուցելու մասին ոչինչ չեմ կարող բացառել։ Ընդհանրապես, որևէ մեկի»։
Այս դրվագներով ոչ թե նոր գործ է հարուցվում, այլ դրանք արդեն հարուցված քրեական գործերի մաս են կազմում։ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին առնչվող միջնորդագրում անգամ ներկայացված են երեք տասնյակի հասնող վկաների ցուցմունքներ։ Դրանցով ապացուցվում է, որ «Սևան» ազգային պարկը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային օգտագործելու հնարավորությունից, ՊՆ ծառայողները ներգրավվել են ծառայության խնդրից չբխող գործառույթների կատարմանը, և պետական միջոցների հաշվին վերջիններիս որպես աշխատավարձ վճարվել է առանձնապես խոշոր չափերով գումար։
Միևնույն ժամանակ, ըստ գլխավոր դատախազի ներկայացրած փաստաթղթերի, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը, Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները, որոնց 2011-2016 թվականներին պետբյուջեի միջոցների հաշվին վճարվել է 13 միլիոն դրամից ավելի աշխատավարձ։
Միջնորդագրում գրված է նաև, որ պատգամավոր Սեյրան Օհանյանն իր հայտարարագրերում չի ներկայացրել «Սևան» ազգային պարկի նշված հողատարածքը, ինչպես նաև դրա վրա կառուցված, իրեն պատկանող և իր տնօրինության տակ գտնվող շինությունների վերաբերյալ հայտարարագրման ենթակա տեղեկությունը, ինչի հետևանքով, ըստ դատախազի, չի հայտարարագրվել 2021 թվականի դրությամբ 123 միլիոնից ավելի դրամ, 2022–ի դրությամբ՝ 145 միլիոն դրամից ավելի և 2023-ին՝ 166 միլիոն դրամից ավելի գումար։

Սեյրան Օհանյանը քրեական հետապնդում հարուցելու հարցը չի շտապում պարզաբանելու։ Ասում է՝ միջնորդագիրը կարդալու համար ժամանակ է պետք։ Իսկ ավելի վաղ հարուցված գործերին, որոնք կրկին առնչվել են իր՝ նախարար եղած ժամանակներին, առիթ ունեցել է անդրադառնալ արդեն որպես պատգամավոր․
«Բոլոր այդ գործերը վաղեմության ժամկետն անցած են, մենք գտնում ենք, որ մեղավոր չենք»։
Գլխավոր դատախազի նոր միջնորդագրին պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձել է գրավոր կերպով՝ այն որակելով որպես «կլյաուզա», իսկ հարուցված գործը՝ ապօրինի։ Ավելի մանրամասնորեն խոստացել է խոսել հաջորդիվ։
Թե երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս հարցով կգնա խորհրդարան, դեռ հստակ չէ։ Վերջին անգամ նա խորհրդարան էր գնացել «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տարոն Մարգարյանի և «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար։




