ԱՄՆ-Իրան հերթական՝ վեցերորդ բանակցությունները տեղի կունենան հունիսի 15-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում։ Այդ հանդիպումից առաջ Թեհրանը հայտարարում է, որ նոր առաջարկներ է ներկայացնելու Վաշինգտոնին։ Այս հայտարարությունը ուշագրավ է հատկապես Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ գաղտնի փաթեթի ձեռքբերման մասին Իրանի հետախուզության նախարարի հայտարարության համատեքստում։
ԱՄՆ-Իրան հերթական՝ վեցերորդ բանակցությունները նախատեսված են հունիսի 15-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում։ Այս տեղեկությունը հրապարակել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Թեհրանի հետ բանակցությունների հավանական երկու ամսաթիվ էր նշել՝ հունիսի 12 կամ հունիսի 15։
Դոնալդ Թրամփը Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ Իսրայելի վարչապետի հետ քննարկել է շատ հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին առնչվող։ Նա խոստովանել է, որ Թեհրանը լավ բանակցող է, ուստի քննարկումները դժվար են ընթանում։
«Այո՛, մենք շատ հարցեր քննարկեցինք, և ամեն ինչ շատ հարթ անցավ։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Գիտեք, մենք փորձում ենք Իրանի հետ համաձայնության հասնել։ Նրանք գերազանց բանակցողներ են, բայց կոշտ են։ Երբեմն կարող են չափազանց կոշտ լինել, և սա է խնդիրը։ Մենք փորձում ենք համաձայնության հանգել, որպեսզի ավերածություններ և մահեր չլինեն։ Եվ ես դա նրանց ասել եմ։ Եվ հույս ունեմ, որ այդպես կլինի, բայց հնարավոր է այդպես չլինի։ Շուտով կիմանանք»։
Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, սակայն Իրանի իշխանությունները չեն համաձայնում ամերիկյան առաջարկին։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ շուտով Թեհրանն իր առաջարկները կներկայացնի և հույս ունի, որ ամերիկյան կողմը կընդունի դրանք։
«ԱՄՆ-ի առաջարկը մանրամասներ չի պարունակում։ Նախորդ չորս կամ հինգ փուլերի բանակցություններն արդյունք չեն տվել։ Շուտով կներկայացնենք մեր սեփական առաջարկը, ծրագիրը՝ վերջնականորեն պատրաստ լինելուց հետո։ Այն կներկայացնենք երրորդ կողմի՝ Օմանի միջոցով։ Մեր ծրագիրը ողջամիտ, տրամաբանական և հավասարակշռված է, և մենք խորհուրդ ենք տալիս, որ ամերիկյան կողմն օգտվի այդ հնարավորությունից և ընդունի այն։ Անկասկած, Միացյալ Նահանգների շահերից է բխում լրջորեն վերաբերվել այն առաջարկին, որը կներկայացնենք, և ուշադիր քննարկի այն»։
Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները Օմանի միջնորդությամբ արդեն հինգ անգամ բանակցել են։ Հանդիպումներից երեքը տեղի են ունեցել Մասկատում, երկուսը՝ Հռոմում։ Բանակցությունները դրական արդյունք չեն տվել։ Ավելին՝ կողմերի հայտարարություններն ավելի են խստացել։
ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը:
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին ԱՄՆ-ին հորդորում է չմիջամտել միջուկային ծրագրին։ Նա քննադատել էր Միացյալ Նահանգների քաղաքականությունը և մերժել ճնշում գործադրելու ամերիկյան գործելաոճը։ Խամենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անկարող է կասեցնել Իրանի միջուկային առաջընթացը։
Միջազգային մամուլում բուռն քննարկման արժանացավ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մի քանի օր առաջ արած հայտարարությունը։ Նա ասել էր, որ Թեհրանի ձեռքում է հայտնվել Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի մեծ փաթեթ, որի հանրայնացման ծավալը կորոշեն ըստ անհրաժեշտության։ Ըստ Reuters գործակալության՝ Իրանի հետախուզության նախարարն ասել էր, որ փաթեթը ներառում է տեղեկություններ Իսրայելի միջուկային օբյեկտների, պաշտպանական կարողությունների, ԱՄՆ ու Եվրամիության հետ կապերի վերաբերյալ:
«Միջուկային փաստաթղթերի ամբողջական փաթեթը ձեռք է բերվել և փոխանցվել Իրանին, և կան այլ փաստաթղթեր, որոնք կապված են Ամերիկայի, Եվրոպայի, այլ երկրների հետ, դրանք հետախուզական փաստաթղթեր են, որոնք նպաստում են երկրի ռազմավարական հզորությանը»։
Վերլուծաբանները կարծում են, որ եթե այդ տեղեկությունները ճիշտ են, ապա դրանք կարող են առանցքային նշանակություն ունենալ Իրանի և մերձավորարևելյան ողջ տարածաշրջանի շուրջ հետագա իրադարձությունների համար։




