ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Քաոսը Լոս Անջելեսում շարունակվում է․ ցուցարարները դեմ են անօրինական միգրանտների արտաքսման՝ Թրամփի քայլերին

Լոս Անջելեսում անօրինական միգրանտների արտաքսման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են։ Ոստիկանությունն անկարգությունների մասնակից  ավելի քան 55 մարդու է ձերբակալել։ Անկարգությունների ժամանակ անվտանգության երեք աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել։ Ըստ լրատվամիջոցների՝ իրավիճակը սրվում է, քանի որ այլ վայրերից բազմաթիվ մարդիկ գալիս են՝ աջակցելու ներգաղթյալներին։ Այսօր ավելի ուշ պարզ դարձավ, որ ուժի մեջ է մտել 12 երկրի քաղաքացիների՝ երկիր մուտքի լիակատար արգելքը և ևս յոթ պետությունների քաղաքացիների համար մասնակի արգելքը, դրանք են է Իրանը, Աֆղանստանը, Մյանմայը, Չադը, Կոնգոյի Հանրապետությունը, Հասարակածային Գվինեան, Էրիտրեան, Հայիթին, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը գրում է  Deutsche Welle-ն։

Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար։ Նրանց չեն տրվի հյուրի և ուսանողական այցագրեր։ Բացառություններ են նախատեսված այն անձանց համար, որոնք ունեն ԱՄՆ-ում կեցության վկայագիր («գրին քարտ»), երկքաղաքացիություն։

«Չենք համակերպվի ներգաղթի և մաքսային ծառայության  նոր պահանջներին»։

«Ո՛չ հրամաններին, դադարեցրե՛ք տեղահանությունները»։

Նման վանկարկումներով ցույցերն ու բախումները իսկական քաոսի են վերածել Լոս Անջելեսի փողոցները։

Բողոքի ցույցերը ճնշելու նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով քաղաքում Ազգային գվարդիայի 2․000 զինվոր է տեղակայվել, ինչն ավելի է սրել իրավիճակը։ Մինչ Լոս Անջելեսի ոստիկանությունը բողոքի ցույցերն անօրինական է որակում, դրանց մասնակիցների թիվն աճում է։

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցներն ավելի վաղ ստուգումներ էին անցկացրել քաղաքի մի շարք շրջաններում և ձերբակալել 40-ից ավելի անձի, որոնց պատրաստվում են վտարել երկրից։ «Ռոյթերզ»-ի հաղորդմամբ՝ դրանից հետո սկսված բախումների ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։

Անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ երկու մարդ մոտոցիկլետով փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչի հետևանքով տուժել է երեք ոստիկան։

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ անկարգությունների մասնակիցները հրկիզել են առնվազն հինգ մեքենա:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կոշտ միջոցներ են  ձեռնարկվելու անկարգության մասնակիցների նկատմամբ, անօրինական գործողությունները չեն հանդուրժվելու։

«Մենք շատ ուշադիր հետևելու ենք դրան։  Ոստիկաններն ասում են՝ նրանք թքում են, մենք հարվածում ենք։ Ես նրանց ասացի, որ ոչ ոք չի թքելու մեր ոստիկանների, զինվորականների վրա»։

22 նահանգների դեմոկրատ նահանգապետերն արդեն քննադատել են ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումը՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար Ազգային գվարդիայի 2․000 մարտիկներ ուղարկելու վերաբերյալ։

Լոս Անջելեսի  քաղաքապետ  Քարեն Բասն անընդունելի է համարել  Թրամփի որոշումը։

«Լոս Անջելեսը ներգաղթյալների քաղաք է։ Այստեղ բնակչության 50%-ը լատինամերիկացիներ են, մի մասն ասիական երկրներից է։ Կարևոր չէ, թե նրանք որտեղից կամ երբ են եկել։ Ամենակարևորը հիմա այն է, որ մեր քաղաքը խաղաղ լինի։ Հետևաբար բողոքի ակցիաներ անցկացնելը, ձեր վախերն արտահայտելը տեղին են, սակայն տեղին չեն բռնությունները։ Ես չեմ ուզում, որ մարդիկ ընկնեն այն քաոսի մեջ, որը, իմ կարծիքով, ստեղծում է վարչակազմը՝ բացարձակապես անտեղի»։

Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը ապօրինի է համարում Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի ուժեր տեղակայելու հրամանը: Նա դիմել է Թրամփի վարչակազմին հրամանը հետ կանչելու համար։

«Սրանք ոչ թե նախագահին հարիր, այլ բռնապետի գործողություններ են», — X–ում գրել է նահանգապետը։

Reuters-ի տարածած կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարները մեքենաներ այրում, իսկ ոստիկանությունը՝ հատուկ միջոցներ  կիրառում։  

Ցույցի մասնակիցներից 18-ամյա Էշլին կարծում է, որ այն, ինչ անում է ոստիկանությունը, վախի դրսևորում է։

«Ըստ իս՝ սա վախեցնելու մարտավարություն է։ Կարծում են, որ մարդիկ կվախենան ու տուն կգնան, բայց շատերը դեռ այստեղ են»։

24-ամյա Բրիթնին չի հասկանում, թե ինչու պետք է լքի Լոս Անջելեսը։

«Ես ծնվել և մեծացել եմ այստեղ, բայց ունեմ ընտանիքի ներգաղթյալ անդամներ։ Չեմ կարծում, թե սա արդար է։ Նրանք մարդկանց պարզապես հանում են այստեղից,  ընտանիքներ են քանդում։ Սա անմարդկլային է, և ես այստեղ եմ՝ իմ աջակցությունը ցույց տալու»։

Bloomberg-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սերբիայի և Բալկանյան երկրների հետ բանակցում է Միացյալ Նահանգներից արտաքսված ներգաղթյալներին ընդունելու շուրջ։

Տարածաշրջանի երկրներին ուղղված հարցումները Միացյալ Նահանգների ռազմավարության մի մասն են․ դրանք  փորձում են պարզել, թե որքանով են երկրները պատրաստ ընդունելու արտաքսված ներգաղթյալներին։

Կարդացեք նաև

Back to top button