Հասարակություն

Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների վերահսկողություն կլինի, ինչպես հիմա ցանկացած սահմանին․ ՊԵԿ նախագահ

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստանով անցնող բեռների վերահսկողության հարցին՝ ընդգծելով, որ իրականացվելու է նույն մաքսային վերահսկողությունը, ինչն իրականացվում է ցանկացած սահմանային անցակետում։

«Վարչապետն ու այլ պաշտոնյաներ համապատասխան հրապարակումներով հանդես են եկել։ Ես ևս տարբեր առիթներով անդրադարձել եմ այս հարցին, այդ թվում՝ Թուրքիայի սահմանի բացման հետ կապված քննարկումների համատեքստում։ Մեր խնդիրը մաքսային վերահսկողությունը կազմակերպելն է ցանկացած սցենարի պարագայում՝ լինի դա շրջափակման վերացում, թե սահմանների բացում։ Մենք պատրաստ ենք այդ սցենարներին»,- նշել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը տեխնիկապես պատրաստ է իրականացնել մաքսային վերահսկողություն ցանկացած պայմաններում։ «Օրինակ՝ Մարգարայի անցակետում ունենք համապատասխան սարքավորումներ, գործիքներ, որոնք թույլ են տալիս ադապտացվել ցանկացած սցենարի և իրականացնել լիարժեք մաքսային վերահսկողություն»,-ասել է նա։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական երկաթգծի գործարկմանը՝ Հակոբյանը նշել է, որ եթե նման որոշում կայացվի, մաքսային վերահսկողության բոլոր մեխանիզմները կգործեն։ «Այն գնացքները, որոնք կանցնեն Հայաստանի տարածքով, ամբողջությամբ ենթարկվելու են մաքսային վերահսկողության։ Մենք ունենալու ենք ինֆորմացիա բեռների վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, իրականացնելու ենք ստուգում»,- ընդգծել է ՊԵԿ ղեկավարը։

Ինչ վերաբերում է «դյուրացված անցման» գաղափարին, որի մասին ավելի վաղ խոսվել էր քաղաքական մակարդակով, Հակոբյանը նշել է, որ մաքսային վերահսկողության հիմնական սկզբունքները չեն փոխվելու։

«Մեր համակարգում գործում է ռիսկերի կառավարման մեխանիզմ։ Որոշ ապրանքներ ավտոմատ ուղարկվում են կանաչ, դեղին կամ կարմիր գոտիներ՝ նախապես մշակված ցուցիչների հիման վրա։ Օրինակ՝ կանաչ գոտու դեպքում ապրանքը սահմանը անցնում է առանց միջամտության։ Սա ավտոմատացված մեխանիզմ է և կիրառվում է արդեն երկար ժամանակ»,- նշել է Հակոբյանը։

Նա վստահեցրել է, որ որևէ բացառություն չի լինելու. «Մենք գործելու ենք նույն վերահսկողական մեխանիզմներով, ինչ անում ենք բոլոր սահմանային կետերում»։

Կարդացեք նաև

Back to top button