
Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Նա այսօր մասնակցել է Դաշնային ժողովի և Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին և ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Մինչև այցը ՏԱՍՍ գործակալությունը գրել էր, որ Մատվիենկոն այցելում է Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու նպատակով»։
«Ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու նպատակով» Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նախ առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմանյանի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Առանձին անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին: ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ պաշտոնական Երևանը սպասում է արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Մատվիենկոն էլ վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է:
Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը խոսել է փոփոխվող աշխարհում մարտահրավերներին փոխգործակցությամբ դիմակայելու կարևորության մասին։
«Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել քան երբևէ կարևոր է պետությունների և տարածաշրջանների կայուն փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցությունը հաստատելու և զարգացմանը ուղղված քայլերը։ Համոզված եմ որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ ռուսական համագործակցության համար՝ կարևոր խթան հանդիսանալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միշտ տարածաշրջանային կապերի խորացման գործում ի շահ մեր երկու ժողովրդների»։
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի բնորոշմամբ՝ Երևանն ու Մոսկվան դաշնակիցներ են, որոնց միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային, հոգևոր արժեքները: Վերջինիս կարծիքով՝ հայ-ռուսական համագործակցությունը կառուցված է փոխադարձ հարգանքի ու փոխադարձ օգուտների սկզբունքների վրա և ուղղված չէ որևէ մեկի դեմ:
«Եվ մենք ընկերներ չենք որևէ մեկի դեմ, մենք երբեք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրել, ոչ մեկին ոչինչ չենք խրախուսել՝ ի տարբերություն որոշ այլ գործընկերների, որոնք միշտ ասում են՝ «կամ մեզ հետ, կամ ուրիշ ոչ մեկի»: Հայաստանն անկախ, հարգանք վայելող պետություն է և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, բայց ինչ վերաբերում է ռուս-հայկական համագործակցությանը, փոխգործակցությանը, բարեկամությանը, սա մեր պետությունների և ժողովուրդների ներքին արժեքն է»։
Համաժողովին նախորդել է Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը նվիրված նիստի ընթացքում ռուս պաշտոնյան հիշեցրել է, որ Հայրենական պատերազմին ավելի քան 600 հազար հայ է մասնակցել՝ այդ թվում գեներալներ և ծովակալներ։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը կարևորում է եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը։ Ըստ նրա ոչինչ այնպես չի միավորում երկու ժողովուրդներին, ինչպես շփվելու, ընկերություն անելու ձգտումը։
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյան․
«Համաշխարհային երկրորդ պատերազմը պատմության ամենաողբերգական էջերից է եղել, միլիոնավոր մարդիկ են զոհվել պատերազմի դաշտում, մահվան ճամբարներում, դարձել սովի և համաճարակների զոհ։ Նրանց հերոսությունը հիշողության անմար կրակ է, որը լուսավորում է մեր ճանապարհը և հիշեցնում հաղթանակի գինը, որը նվաճվել է Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների միասնական ջանքով»։
Մինչ ԱԺ շենքում հայ և ռուս պատվիրակները խոսում էին երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու ընդհանուր արժեքների մասին, ԱԺ դարպասների մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացում՝ ընդդեմ Ռուսաստանի։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյան․ «Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները: Իրենք այլևս այստեղ չպիտի մտնեն որպես սեփական տարածք, իրենք պետք է իմանան, որ մի քանի անգամ ավելի պետք է մտածեն Հայաստան գալիս»:
Ավելի ուշ ԱԺ դարպասների մոտ հավաքվեց ակցիա իրականացնողների մեկ այլ խումբ՝ Ռուսաստանի հետ բարեկամության և գործընկերության մասին կարգախոսներով։
Հակադիր ակցիաների մասնակիցները պարբերաբար վեճի էին բռնվում։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմից և հատկապես 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ կառույցի անդամ Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին Ադրբեջանի ներխուժումը դատապարտելու և քայլեր ձեռնարկելու խնդրանքով։ Կառույցը քայլեր չձեռնարկեց ու ագրեսիան չդատապարտեց, ինչից հետո Երևանը սառեցրեց իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։




