
Հետաքրքիր, երբեմն անհասկանալի ու ապագայից․ վերջին տասնամյակի ամենաքննարկված իրողություններից մեկը՝ կրիպտոակտիվների ոլորտը, օրեր առաջ Հայաստանում առաջին անգամ օրենսդրական դաշտ բերվեց։ Տեխնոլոգիական համայնքի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ ոլորտը կարգավորել պետք էր, բայց համաձայն չեն ընդունված կարգավորումների ձևին ու բովանդակությանը։
«Web3 Հայաստան» շահույթ չհետապնդող հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանի խոսքով՝ նոր կարգավորումների ռիսկերից մեկը կրիպտոարժույթով միջազգային փոխանցումների վերահսկողությունն է․
«Մինչև այս մեր քաղաքացիները միջազգային փոխանցումներ էին կարողանում անել, միլիոնավոր դոլարներ էին խնայում, որովհետև բանկով չէին անում, կրիպտոարժույթներով էին անում։ Եվ էդ գումարները խնայում էին։ Հիմա արդեն օրենքը ստիպում է, որ էդ փոխանցումների հետևանքով քաղաքացիները նորից գնան բանկ, նորից սպասեն օրերով, մինչև իրենց փոխանցումը լինի, և նորից էդ միջնորդավճարները տան բանկերին։ Սա չլսված բան է կրիպտոոլորտի համար»։
Կրիպտոակտիվների ստեղծման գլխավոր նպատակը միջնորդավորված գործարքներից հրաժարվելն ու միջազգային փոխանցումների ժամանակ խնայողություններ անելն էր՝ ասում է Արտյոմ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ նման կարգավորմամբ՝ պետությունները քաղաքացիների գրպանից գումարն ուղարկում են միջազգային բանկային համակարգի գրպանը։
Հաջորդ խնդիրն այն է, որ խիստ կանոններ են գծվում կրիպտոարժույթով առևտուր անողների համար․
«Հիմա կարողանում են Իրանի քաղաքացիները գալ էստեղ առևտուր անել կրիպտոակտիվով, Ռուսաստանի քաղաքացիներն էլ և այլն։ Դրանք իսպառ արմատախիլ ենք անում, ասում ենք, որ կրկին իրենք պիտի բանկով անեն, իսկ բանկային համակարգը, ինչպես գիտեք, չի սպասարկում էդ քաղաքացիներին»։
Layerswap ստարտափի հիմնադիր Արամ Քոչարյանի խոսքով՝ նոր օրենքը խնդրահարույց է ոչ միայն ֆինանսական, այլև տեխնոլոգիական առումով։ Քոչարյանն ասում է՝ երբ որևէ ստարտափ ցանկանում է կրիպտոոլորտ մտնել, նախնական փուլում մշակում է որևէ ֆինանսական ծառայության ոչ կրիպտոմոդելը, ինչը համարվում է ֆինանսական ծառայություն։ ԿԲ-ն, նոր օրենքի համաձայն, ամեն պահի կարող է վերահսկել ու կասեցնել այդ գործընթացը՝ կրճատելով նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների թիվը․
«Այդ վիճակում ստարտափը, փաստորեն, մատուցում է ֆինանսական ծառայություն, բայց երբ տեսնում է՝ արդեն օգտագործողներ կան, գնում է ներդրողների մոտ, ներդրողներն իրեն փող են տալիս, սկսում է ավելի մեծ թիմ հավաքել, ավելի խելացի թիմ հավաքել, որը սկսում է իր պրոդուկտը սարքել՝ կրիպտոստանդարտներին համապատասխան։ Այսինքն՝ այդ պրոդուկտը կամ ծառայությունը էլ վերահսկման կարիք չի ունենա։ Հիմա այս կարգավորումը ամբողջ պրոցեսի այս մանրամասները բաց է թողում․ այս կարգավորման մեջ այդ ամենը հաշվի չի առնվել»։

Կարճ ասած՝ կան ռիսկեր, որ ֆինանսական ծառայությունից տեխնոլոգիական ընկերություն դառնալու ճանապարհին ԿԲ-ն կվերահսկի ստարտափների գործունեությունը, և դրանք կդառնան ոչ այնքան նորարարությամբ, որքան վարչարարությամբ զբաղվող ընկերություններ՝ բացատրում է Արամ Քոչարյանը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, սակայն, օրենսդրական փաթեթը գործադիրին ներկայացնելիս ընդգծել էր՝ տեխնոլոգիական համայնքը որևէ կերպ չի վերասկվի․
«Մենք տեխնոլոգիաների նկատմամբ որևէ հսկողություն չենք իրականացնում, մեզ համար կարևորը ֆինանսական գործիքն է իր էության մեձ, այլ ոչ թե տեխնոլոգիան։ Այդ առումով տեխնոլոգիական զարգացման վրա որևէ բացասական ազդեցություն էս օրենքը չի կարող ունենալ»։
Գործադիրը օրենքի նախագիծը քննարկելիս ընդգծել էր, որ այն ուղիղ ազդեցություն կունենա ոչ միայն տնտեսության, այլև հանցավորության դեմ պայքարի, հակակոռուպցիոն պայքարի, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի վրա։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան․
«Ծառայություններ մատուցող անձանց համար սահմանվում են մուտքի պահանջներ, այսինքն՝ սա բխում է մեր քաղաքացիների կամ ներդրողների շահերից, որ մենք՝ որպես Կենտրոնական բանկ, տեսնենք՝ ովքեր են ղեկավարները, նշանակալից սեփականատերերը, և կարող ենք սահմանել կապիտալի նվազագույն պահանջներ, այսինքն՝ մարդուն առաջարկ անելիս թողարկողը պիտի հիգիենայի բոլոր պայմանները պահի»։
«Web3 Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանի խոսքով՝ նույնականացման խիստ կանոններն օտարերկրա ներդրողներին կստիպեն հրաժարվել Հայաստանում ներդրումներ անելուց․
«Կրիպտոաշխարհը եկել է ու ստանդարտ մոտեցումներն ամբողջությամբ փոխել, այլևս չկան էդ հին, լրիվ մաքուր փողերը։ Պետությունները պիտի որոշեն՝ ներս թողնո՞ւմ են կիսաանհասկանալի փողերը, թե ոչ։ Բոլոր զարգացած պետությունները մինչև այս ներս էին թողնում էդ փողերը։ Երբ դուք գալիս եք, էլ ծագման աղբյուր, ստանդարտ բանկային ծագման աղբյուր չեք ներկայացնում, դուք ձեր անձնագրով ամեն ինչով ներկայանում եք։ Մոտավոր աղբյուրը ցույց եք տալիս, եթե ապագայում կպարզվեր, որ դուք տեռորի կամ թմրանյութերի վաճառելու համար եք եկել, ձեր բոլոր տվյալները կան»։

Օրենսդրական փաթեթը մշակելիս հաշվի է առնվել եվրոպական 27 երկրների փորձը։ ԿԲ նախագահն ասում է, որ հատկապես «ֆինանսական հիգիենայի» մասին կարգավորումը ամբողջությամբ եվրոպական փորձի ընդօրինակումն է։ Արտյոմ Հարությունյանը մինչդեռ վստահեցնում է, որ հենց այդ կարգավորման պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ ու ստարտափներ դուրս են եկել եվրոպական շուկայից․
«Այդ կարգավորումը դեռևս Եվրոպայում էլ ուժի մեջ դրված չէ, արդեն իր վատ արդյունքներն ունի Եվրոպայում։ Բոլոր տնտեսվարողները դուրս են գալիս, ստարտափները դուրս են գալիս»։
Տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են, որ դեմ չեն ոլորտը կարգավորելուն։ Ասում են՝ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը միայն օրենսդրական դաշտում է հնարավոր։ Նրանք ակնկալում են, որ ոլորտի քաղաքականությունը մշակողները դարձյալ քննարկումներ կկազմակերպեն և կլրամշակեն օրենքը։




