
Առաջիկայում ավելի հստակորեն կուրվագծվեն այն ուղղությունները, որոնցով կատարվելու են սահմանադրական փոփոխությունները։ Մայիսի սկզբին Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել էր, որ Մայր օրենքի նոր տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի տասն ամսից։
Այժմ նախապատրաստվում է սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ։ Բայց մինչև այդ՝ քաղաքական և հանրային քննարկումների դաշտում փոփոխություններ են ուրվագծվում։
Այս անգամ դրանք կապված են ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների, այլ պետություն-եկեղեցի առճակատման հետ։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ծրագրում է հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ անցկացնել։ Փաստացիորեն սա հրապարակային առաջին քննարկումն է լինելու նոր սահմանադրության շուրջ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատում է՝ որոշակի հստակեցումներ արդեն կան, թե ինչ փոփոխություններ են արվելու գործող Սահմանադրության մեջ։ Նախարարի խոսքով, սակայն, նախաբանի վերաբերյալ, որի առնչությամբ վերապահումներ ունի Ադրբեջանը Անկախության հռչակագրին հղման և դրանում ԼՂ հիշատակման պատճառով, որոշում դեռ չկա։
«Հռչակագրի մասով դեռ ոչ, հստակություն չկա։ Խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք ըստ էության, արդեն մշակվել են։ Մինչ այդ որևէ փակագիծ բացել չեմ ցանկանա։ Իհարկե, դեռ կքննարկենք՝ ուղիղ հեռարձակվելու է, թե ոչ, բայց հանրությունը տեղյակ կլինի այն մասին, թե ինչ է քննարկվել այդ նիստում և ինչ որոշումներ են կայացվել»։

Սահմանադրության նախաբանում Անկախության հչռակագրին արվող հղմանն առնչվող որոշումը հանրային հնչեղություն ունեցող միակ հարցը չէ, որը վերաբերում է նոր սահմանադրության նախագծին։
Վերջին օրերին կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների շուրջ աղմկահարույց քննարկումների ֆոնին ենթադրություններ են հնչում, որ սահմանադրական բարեփոխումները հնարավոր է առնչվեն նաև պետություն-եկեղեցի հարաբերություններին։ Արդարադատության նախարարի խոսքով, սակայն, այս տեսանկյունից որևէ քննարկում այս պահին չկա։
«Ես որևէ բան չեմ բացառում, որովհետև յուրաքանչյուր հնչեցված միտք դա գաղափար է, որը կարող է քննարկվել և դրա շուրջ կարող է լինել կոնսենսուս խորհրդի կողմից և կարող է չլինել այդ կոնսենսուսը»։
Սահմանադրության մակարդակով պետություն-եկեղեցի հարաբերությունները վերանայելու հավանականությունը նախօրեին չէր բացառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսկ վարչապետ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքում գրել էր, որ ՀՀ-ն պետք է վճռորոշ դերակատարում ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ ԱԺ նախագահն այս հարցում համակարծիք է վարչապետի հետ։

«Կարծում եմ, որ եթե ինչ-որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար։ Ուրիշ բանի մասին չեմ խոսում»։
Եկեղեցականների վարքը քննելու մասին առաջարկները, հանրության մի մասի կարծիքով, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու անթույլատրելի փորձ են։ Մինչդեռ արդարադատության նախարարն այդ առումով մտահոգիչ երևույթներ չի նկատում․
«Դուք տեսնում եք միջամտություն, ես չեմ տեսնում միջամտություն։ Կարո՞ղ եմ ես չտեսնել միջամտություն եկեղեցու գործերին։ Մենք այսօր ունենք խնդիր, ունենք եկեղեցի, որը արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էության, եկեք դա էլ արձանագրենք։ Եվ եթե եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, աշխարհիկ մարդկանց դեպքում եթե նրանք պաշտոնյա են, պարտավոր են տարեկան հայտարարագիր ներկայացնել, չլինել կոռումպացված, լինել թափանցիկ և հաշվետվողական և հասարակությունը կարող է հետևել դրանց։ Եկեղեցականների պարագայում էլ կարող ենք արձանագրել, որ այլ կանոններ են գործում։ Բոլորը ազատ են հավատալու կամ չհավատալու ինչ-որ բանի։ Եթե որևէ մեկը խնդիր չի տեսնում, դա իր խնդիրն է, եթե ես խնդիր տեսնում եմ, դա իմ խնդիրն է»։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հերքում է ենթադրությունները, թե իշխանություն-եկեղեցի առճակատման հիմքում առաջիկա ընտրություններն են ու վարկանիշը, որը մտահոգում է իշխանությանը։
«Ես անընդհատ լսում եմ այդ պնդումը վերջին զարգացումների շրջանակներում և ուզում եմ մի բան ասել․ այդ սոցհարցումները, որ արվում են, պետք է շատ ուշադիր նայել, թե տվյալ հարցին պատասխանելիս մեր հանրությունը ինչ նկատի ունի։ Ես ձեզ 100% վստահությամբ կարող եմ ասել, որ եթե դուք որպես ինստիտուտի նկատմամբ վստահությունից զատ եկեղեցական, տվյալ դեպքում շրջանառության մեջ գտնվող անունները դնեք այդ հարցման մեջ, դուք կունենանք բացարձակ այլ պատկեր տվյալ անձանց նկատմամբ։ Ես ուզում եմ, որ դուք չխառնեք ինստիտուտը և եկեղեցականներին»։

Վարկանիշի մասին խոսակցություններին ի պատասխան՝ կառավարության աշխատակազմի ղեկավարը հիշեցնում է համապետական վերջին ընտրությունների արդյունքները։
«2021 թվականին ամբողջ եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ քարոզում էր ընդդեմ «քաղաքացիական պայմանագրի» և հանրությունը գնաց և պատասխանը տվեց։ Այն ժամանակ եկեղեցու նկատմամբ վստահությունը որպես ինստիտուտի պակաս չէր։ Երբ եկեղեցին որոշակի գործընթացներ է անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինեն նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես՝ այս հարցադրումը, որը արվել է։ Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցարդումներն արվել են նույն ինստիտուտի՝ եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ, և հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ»։
Կառավարության աշխատակազմի ղեկավարն ընդգծում է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ որևէ պայքար չկա, իսկ երբ տրվեն հնչած հարցերի պատասխանները, համոզված է, միայն առողջացնելու են եկեղեցին՝ որպես ինստիտուտ։




