ԿարևորՀասարակություն

Պոլիտեխնիկում բացվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման» նոր ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա

Պոլիտեխնիկում բացվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման» նոր ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա, հայտնում են ՀԱՊՀ–ից՝ նշելով, որ «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիայի» բացումը հնարավոր է դարձել  Cadence և Cisco ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ ԱՐՓԱ հիմնարկ բարեգործական կազմակերպության աջակցությամբ։

Նշվում է, որ նորաբաց լաբորատորիան ուսանողներին տրամադրում է հասանելիություն 30 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժեքով համաշխարհային դասի ծրագրային գործիքակազմին, որով մշակվում են լուծումներ էլեկտրոնային արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ ներառյալ ավտոմոբիլային և օդատիեզերական: 

Լաբորատորիայի հիմնական նպատակներն են. 

  • որակյալ մասնագետների պատրաստումը, 
  • կիսահաղորդչային արդյունաբերության զարգացումը, 
  • ակադեմիական գործակցությունը։ 

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը ամեն տարի կվերապատրաստվի Cadence ընկերության մասնագիտական ծրագրերով և հնարավորություն կունենա ստանալու միջազգային հավաստագրեր, ինչի արդյունքում համալսարանը կդառնա Cadence-ի համաշխարհային ակադեմիական էկոհամակարգի լիիրավ անդամ։

ՀԱՊՀ ռեկտորը արձանագրել է, որ տեղի ունեցողը էական իրադարձություն է կրթության բարեփոխումների շրջանակում՝ ուղղված այս ոլորտում մրցունակ կրթության ապահովմանը:

«Միշտ կարելի է խոսել մրցունակ կրթությունից, բայց երբեմն մենք մասնատում ենք ողջ էկոհամակարգի պատկերացումը: Մեր ընկալման մեջ մրցունակ կրթությունը մրցունակ ուսումնական և լաբորատոր պայմաններն են, համապատասխան սարք սարքավորումների ապահովմամբ, ինչպես նաև այդ կրթության համար  անհրաժեշտ լիցենզավորված ծրագրային փաթեթների ապահովմամբ: Այս լաբորատորիան կահավորված է մրցունակ համակարգչային գույքով, այնպիսի սերվերային հանգույցով, որը ունի շատ արագ ու մեծ հաշվարկների իրականացման հնարավորություն, միևնույն ժամանակ այս գործընթացի կարևորագույն հենասյունը հանդիսացող լիցենզավորված ծրագրային փաթեթներով, որը  ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլարի գնահատում ունի»:

Հիշեցնելով, որ 5-րդ մասնաշենքը պատմականորեն Պոլիտեխնիկի այս ոլորտի կրթական ծրագրերի իրականացման համար ստեղծված կրթական մասնաշենքն է, ՀԱՊՀ ռեկտորը հայտնել է, որ մոտ ապագայում այն ամբողջական բովանդակային, ենթակառուցվածքային և գույքային բարեփոխման է ենթարկվելու:

Միջոցառման շրջանակում CISCO ընկերության մասնագետները անցկացրել են վարպետաց դաս «NAND2 դարպասի նախագծում և մոդելավորում՝ օգտագործելով Cadence Virtuoso և Spectre» թեմայով:

 

Կարդացեք նաև

Back to top button