
Հունիսի 5-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է Բրոն քաղաքի փոխքաղաքապետեր Մարտին Շարեյրին, Պասկալ Միրանին, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի տեղակալ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին և քաղաքապետի տեղակալ Լևոն Սաքունցին։

Մեղրիի համայնքապետարանից հայտնում են, որ օրը տոնական ու խորհրդանշական էր այն առումով, որ Մեղրիի զբոսայգին պաշտոնապես անվանակոչվեց ի պատիվ քույր քաղաք Բրոնի։

Կարմիր ժապավենը կտրել են Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Բրոնի փոխքաղաքապետեր Մարտին Շարեյրը, Պասկալ Միրանը, ինչպես նաև Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի տեղակալ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը։

Տոնական միջոցառումից հետո Բրոնից ժամանած պատվիրակությունը՝ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջել են համայնքի մի շարք հաստատություններով։ Այցելել են Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն, Մեղրիի կենտրոնական գրադարան, չրերի արտադրամաս, Ագարակ քաղաքի մարզադպրոց և «Արևիք» արվեստի դպրոց՝ տեղում ծանոթանալով համայնքի սոցիալական, մշակութային ու տնտեսական հնարավորություններին։




