ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայատյացությունը խտրականության ամենացայտուն դրսևորումն է․ հայկական կողմը ԵԱՀԿ համաժողովում հակադարձել է Բաքվի սպառնալիքներին

Երեկ Վիեննայում ԵԱՀԿ Մարդու իրավունքների հարցերին նվիրված համաժողովի շրջանակներում «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունները «Պետական համակարգված խտրականությունն ու հայերի էթնիկ զտումներն Ադրբեջանում» խորագրով միջոցառում են կազմակերպել։ Հայաստանյան Հ/Կ-ները ներկայացրել են Ալիևի վարած հայատյացության, էթնիկ զտման քաղաքականությանը և հիշեցրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական սպառնալիքների մասին։

Ի դեպ, հենց միջոցառման ժամանակ էլ Ադրբեջանի պատվիրակները սպառնալիքներ են հնչել։

Միջոցառմանը ներկա են եղել էթնիկ զտումը վերապրած փախստականներ, որոնք ներկայացրել են իրենց պատմությունները:

ԵԱՀԿ մարդու իրավունքներին նվիրված համաժողովում ադրբեջանական պատվիարակության՝ հայերի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը հայատյացության ամենացայտուն դրսևորումն էր, փաստում է հանդիպմանը մասնակցած «Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը։ Նա «Ռադիոլուրին» պատմեց, թե ինչպես են ադրբեջանական հ/կ-ները ատելության խոսք և սպառնալիքներ հնչեցրել հայերի հասցեին։ Խեղաթյուրելով փաստերը, ադրբեջանցիները միջազգային հանրությանը փորձել են Արցախի էթնիկ զտումը ներկայացնել այնպես,  իբր Հայաստանը, դեմոգրաֆիական խնդիրների պատճառով, թույլ չի տվել, որ արցախցիները ինտեգրվեն Ադրբեջանին․

«Ադրբեջանական կողմը իր հիմնական նպատակն է համարում հնարավորինս հերքել էթնիկ զտման, Արցախի հայաթափման և բռնի տեղանման փաստը։ Այսինքն, այն հիմնական նարատիվը, որ իրենք հիմա միջազգային բոլոր հարթակներում փորձում են առաջ մղել, դա այն է, որ Հայաստանը ինքն է դրդել, որ Արցախի բնակչությունը դուրս գա։ Ընդ որում, այս անգամ ԵԱՀԿ-ի այս համաժողովին շատ ավելի սանձարձակ դարձան իրենց հայտարարությունները, երբ սկսեցին ուղղակի համոզել միջազգային հանրությանը, որ քանի որ Հայաստանը ուներ դեմոգրաֆիայի, բնակչության պակասի խնդիր, թույլ չտվեց, որ Ադրբեջանի կառավարությունը ինտեգրի Արցախի բնակչությանը, թույլ չտվեց և ամեն ինչ արեց, որ Արցախի բնակիչները գնան Հայաստան, որպեսզի դեմոգրաֆիական խնդիրը լուծեն»։

Բացի այդ, ադրբեջանական պատվիրակությունը, ըստ Գայանե Աբրահամյանի, նոր մոտեցմամբ է ներկայացել ԵԱՀԿ մարդու իրավունքներին նվիրված համաժողովին։ Ադրբեջանցիները անընդհատ խոսել են խաղաղության մասին, փորձելով միջազգային հանրությանը ներկայանալ որպես խաղաղասեր։ Դրան ի պատասխան, Գայանե Աբրահամյանը հիշեցրել է, որ այդ Հայաստանն է ձգտում խաղաղության ու խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատրաստ է անգամ համաձայնելու ԵՄ դիտորդներին երկրի տարածքից հեռացնելու ադրբեջանական պահանջին։ Սակայն այդքանով հանդերձ Բաքուն չի ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Այս փաստը հունից հանել է ադրբեջանական պատվիրակությանը և նրանք սկսել են սպառնալիքներ հնչեցնել․

«Եթե խաղաղություն եք ուզում, ստորագրեք, մենք համաձայնել ենք բոլոր պայմաններին, ուղղակիորեն իրենց կոչ արեցի, որ այստեղ մի խոսեք այդ մասին, այլ գնացեք ձեր բռնապետին այդ մասով համոզեք։ Ասացի, որպեսզի ուղղակի ցույց տայինք նաև միջազգային դերակատարներին, որ այս կեղծ խաղաղասիրությունը ոչինչ չարժե։

Եվ արդեն, երբ իրենց դեմքը իրապես բացվեց, և արդեն վերջին, ընդ որում հենց ամենավերջին նիստին ադրբեջանից պատվիրակության ներկայացուցիչներից մեկը ուղղակի սպառնաց, որ ա՛յ եթե դուք ուզում եք ռևանշ, դուք կունենաք, հաջորդ պատերազմը արդեն կլինի Հայաստանի սուվերեն տարածքի կորստով, և մենք կգանք կապույտ մզկիթում թեյ կխմենք և այլն և այլն»։

Սրան կոշտ արձագանքել են Վիեննայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը, Ֆրանսիայում ու Ավստրիայում աշխատող իրավաբան Առլետ Զաքարյանը, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը․

«Հարգելի մոդերատոր, մենք հավաքվել ենք այս ֆորումում՝ քննարկելու ավելի ընդգրկուն մոտեցումների մեխանիզմները, և բազմիցս ընդգծվել է, որ Հայաստանը, լինելով տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը, լիովին հանձնառու է այս նպատակին հասնելու, սակայն խտրականության և դրա հետևանքների դեմ պայքարի այս թեմայի քննարկման ժամանակ, մենք այժմ լսում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ սպառնալիքներ, սա բացարձակապես անընդունելի է։

Ադրբեջանական պատվիրակությունը ուղղակիորեն սպառնում է ինքնիշխան Հայաստանի հանրապետությանը՝ ուժի կիրառմամբ»։

Հայկական պատվիրակությունը միջազգային հանրությանը և բրոշյուրներով, և  տեսանյութերով ներկայացրել է իրականությունը՝ հերքելու համար ադրբեջանական մտացածին նարատիվները։ Գայանե Աբրահամյանն ասում է, որ միջազգային հանրությանը իրազեկելու աշխատանքը շարունակել են նաև անհատական հանդիպումներում․

«Տարբեր նաև անհատական արդեն հանդիպումները, որ ունեցա ես համաժողովից հետո, հուշում էին, որ շատ բաներ, իսկապես, նաև իրենց համար եզրահանգումներ արել են, կարծում եմ՝ շատ-շատերի համար իրականում նորություն չէր և շատ շատերը հասկանում են, թե ինչ բռնապետի հետ գործ ունենք, բայց շատերը մանրուքները հաճախ ուղղակի չգիտեն, որովհետև ամենօրյա կտրվածքով, բնականաբար, չեն հետևում, և նման համաժողովներին մասնակցությունը խիստ կարևոր է՝ հատկապես հասարակական կազմակերպությունների կողմից»։

ԵԱՀԿ մարդու իրավունքների հարցերով Վիեննայի համաժողովին հայկական պատվիրակության կազմում մասնակցել են  նաև Սումգաիթից, այնուհետև ԼՂ-ից, ըստ էության, երկու անգամ տեղահանվածներ։ Նրանք իրենց անձնական պատմություններով են ներկայացրել ադրբեջանական վայրագությունները։

Կարդացեք նաև

Back to top button