
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պետք է լինի համալիր պայքար եւ հիմնական հարվածը պետք է հասցվի թմրամիջոցների ներմուծման եւ արտադրության աղբյուրներին։
«Շատ լավ, վաճառողին բռնում ենք, դատում ենք, նրա տեղը գալիս է նոր վաճառող։ Բայց երբ մենք աղբյուրին ենք հարվածում՝ ներմուծմանն ու հնարավոր արտադրությանը, շատ ավելի արդյունավետ արդյունքներ կարող ենք ակնկալել»,- ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ թմրամիջոցների շրջանառության մասին վիճակագրությունը պահանջում է խորը վերլուծություն, քանի որ բացահայտումների թվի աճը կարող է վկայել ինչպես լավ աշխատանքի, այնպես էլ շրջանառության ավելացման մասին, իսկ դրա նվազումը՝ ինչպես պայքարի արդյունավետության, այնպես էլ հնարավոր բացթողումների մասին։
Կառավարության ղեկավարը հայտնեց, որ թեեւ Հայաստանում սինթետիկ թմրամիջոցների արտադրության դեպքեր չեն բացահայտվել, սակայն դա չի նշանակում, որ նման դեպքեր չկան։




