
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ՝ շնորհավորելով նրան ընտրվելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ բարձր առաքելության մեջ, տեղեկանում ենք kremlin.ru-ից։
Կողմերը բարձր են գնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ներդրումը Ռուսաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում։
Պուտինն ու Հռոմի պապը կարևորել են մշակութային ու մարդասիրական համագործակցության խորացումը և համատեղ ջանքերը՝ ուղղված քրիստոնեական սրբավայրերի պահպանությանը, հատկապես Մերձավոր Արևելքում։
Քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ խաղաղ լուծման հասնելու դիվանագիտական ճանապարհով՝ ընդգծելով ճգնաժամի պատճառների վերացման անհրաժեշտությունը։ Նա տեղեկացրել է ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի երկրորդ փուլի արդյունքների մասին։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ մարդասիրական հարցերում ակտիվ և ապաքաղաքական ներգրավման համար՝ ընդգծելով, որ Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու ուղղությամբ։ Նա քննադատել է Կիևի գործողությունները՝ կապված քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների և Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ ճնշումների հետ։
Կողմերը հայտնել են շփումները շարունակելու մտադրությունը։




