ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Կուսակրոնությունը «հասավ» ԱԺ․ ոչ բոլորն են հաճույքով խոսում այդ թեմայով

Խորհրդարանում սկսվել են կառավարության 2024 թվականի գործունեության հաշվետվությունները։ Ճյուղային հանձնաժողովներում բյուջետային քննարկումները շարունակվելու են մինչև հունիսի 11-ը։ Տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացնելու են անցած տարվա աշխատանքները։

Բյուջեի քննարկումը սկսվել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով։ Ի դեպ, նիստը փակ է եղել լրագրողների համար, բայց հեռարձակվել է խորհրդարանի յություբյան ալիքով։ Վարչապետը նիստից հետո չի շփվել լրագրողների հետ և հեռացել է խորհրդարանից։

Սակայն, անգամ բյուջեի հաշվետվության ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմային։

2024 թվականի բյուջեի կատարողականի մի տող առիթ է դարձել, որ Աժ-ում հաշվետվության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադառնա հոգևոր կյանքին։ Ասելով, որ պետբյուջեի տողերը նաև այն մասին են, որ հանրությունը կարողանա հաղորդակից լինել մշակութային և հոգևոր կյանքին, Փաշինյանը շարունակել է վերջին օրերի աղմկահարույց թեման, հիմնավորելով, թե ինչու է պետությունը խառնվում հոգևոր գործերին։  

«Հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը։ Այսինքն, պետության սեփականությունն են և գտնվում են պետության հոգածության ներքո։ Եվ այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվելու այդ հոգևոր արժեքների հետ։ Բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները «չուլան» չդարձնեն, որովհետև, էլի եմ ասում՝ դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները»։   

Այս թեմայի շուրջ վարչապետը չծավալվեց և խորհրդարանից հեռացավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Հեռվից ձեռքով արեց միայն, ժպտաց և անպատասխան թողեց արդեն հնչած հարցը․

«Պարո՛ն Փաշինյան, Ձեր կինը մանկապղծության համար է մեղադրում հոգևորականներին»։

Կառավարության անդամները չեն պատկերացնում այն իրավական մեխանիզմները, որոնցով պետությունը պետք է պարզի և ապացուցի հոգևորականներին ուղղված մեղադրանքները։ Բայց օրեր առաջ, ըստ ԵՊՀ ուսանողների, իրենց հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել էր, որ հատուկ մարմիններին հանձնարարել է զբաղվել Վեհափառի և մյուս բարձրաստիճան եկեղեցականների՝ կուսակրոնության հնարավոր խախտումներով։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, օրինակ, դժվարանում է հիշել իրավական գոնե մեկ մեխանիզմ, որոնցով կարելի է պարզել այդ հարցերը․  

«Ճիշտն ասած, այդ թեման իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում չէ, և երբ այդ հարցը ի հայտ եկավ, ես այդ հարցին անդրադարձա, գրառում եմ արել դրա վերաբերյալ։ Ես ընդամենը ասում եմ, որ եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգևոր առաջնորդություն, իրենք պետք է նաև որոշակի ստանդարտների հետևեն, որոնք սահմանված են, ինչպես ամեն մեկի համար, ով իր գործառույթից ելնելով, այն ինչը ինքը ստանձնել է, ենթադրում է որոշակի կանոններ։ Եվ այստեղ էլ, որ կանոնները սահմանված են, պետք է պահպանվեն»։

Թեև իր համար թեման տհաճ էր և կիսատ թողեց հարցազրույցը, սակայն միևնույն ժամանակ Հովհաննիսյանն ասաց, որ չի դատապարտում վարչապետին հոգևորականների վերաբերյալ գրառումների համար․

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ազատ է՝ իր սոցիալական ցանցերում գրելու այն, ինչ ինքը նպատակահարմար է համարում։ Եկեք այս թեման փակենք, էլի»։

Այս թեմայով սոցցանցերում գրառումներից հետո շրջանառվող թեմայի առնչությամբ լրագրողական հարցումներ են ուղարկվել Գլխավոր դատախազություն։ Այդ հարցումներին դատախազությունից արդեն պատասխանել են, որ նախ՝ եկեղեցականների մանկապղծության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։ Դատախազությունն ու Քննչական կոմիտեն պարզաբանել են նաև, որ «կուսակրոնության խոստում դրժելը» հանցանք չի համարվում, և Քրեական օրենսգրքով պատիժ նախատեսված չէ:

Թեև թեման նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տիրույթում չէ, և նախարար Դավիթ Խուդաթյանը նույնպես դժվարանում է իրավական մեխանիզմների մասին խոսել, նա ավելի պահանջատիրական դիրքերից է հանդես գալիս։  

«Կուսակրոնությունը անձնական կյանք չէ, դա եկեղեցու գլխավոր պայմաններից է, և դրանով են նաև տարանջատվում քահանաները, օրինակ՝ վարդապետներից, որովհետև եկեղեցու պայմանն է այդպիսին։

Հարցը հնչել է այդ կոնտեքստում և, այդ կոնտեքստում, եթե ես լինեի եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն, կտայի հրապարակային պատասխան։ Որպես պետական պաշտոնյա, եթե ինձ հարց ուղղվի, օրինակ՝ կոռուպցիոն այս կամ այն սխեմայի մեջ իմ ներգրավվածության մասին, ես չեմ խուսափի այդ պատասխանից և կտամ հրապարակային պատասխան։ Սա սովարական մարդուն վերաբերող հարց չի, աշխարհիկ կյանքով ապրող մարդուն վերաբերող հարց չի, և այո, եթե եկեղեցում կուսակրոնությունը որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման է, այո, պետք է այդտեղ հնչի հրապարակային պատասխան։ Իմիջիայլոց, այդ պայմանը իշխանությունները չեն բերել, այդ պայմանը դարերով, ավանդույթներով փոխանցված պայման է»։

Այս առնչությամբ հնչող հակափաստարկներից մեկն այն է, որ կուսակրոնության դրվածքը աստվածաբանական իմաստ չունի, այլ կազմակերպչական-նյութական բնույթ է կրում և ներդրվել է միջնադարում։

Ինչ վերաբերում է սոցցանցային գրառումների ճշմարտացիությանը, ապա, ըստ Խուդաթյանի, իրենց կուսակցությունում անգամ չեն քննարկել քաղաքական պատասխանատվության հարցը, եթե պարզվի, օրինակ, որ գրառումները չեն համապատասխանել իրականությանը․

«Այդ հարցը ակտուալ չէ, որովհետև Մայր Աթոռը համառորեն չի պատասխանում մի պարզ հարցի»։

Նախարարը հավելում է, որ իշխանությունը չի թիրախավորել ո՛չ եկեղեցուն, ո՛չ էլ եկեղեցականներին։ Քննարկումը բոլոր հոգևորականներին չի վերաբերում, որոնց, ըստ Խուդաթյանի, իրենք էլ որպես քրիստոնյա և հավատացյալ մարդկանց հարգում են, բայց պատասխան և պատասխանատվություն են ակնկալում եկեղեցուց։

Կարդացեք նաև

Back to top button