
Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ձերբակալվել են բլոգեր Արեգ Շչեպիխինին առեւանգած վեց մարդու։ Ըստ հաղորդագրության՝ քննության համար նրանց տեղափոխել են Մոսկվա-Յարոսլավն կայարանի ՆԳՆ բաժին։ «Որոշում է ընդունվել գործի նյութերը հանձնել քննչական մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արեգ Շչեպիխինի առեւանգման մասին նախօրեին հայտնել էր Baza տելեգրամյան ալիքը (տես այստեղ)։
Մինչ Չեչնիայի ազգային քաղաքականության հարցերի նախարար Ահմեդ Դուդաեւը հայտարարում էր, որ նրան ոչ թե առեւանգել, այլ ձերբակալել են, տարբեր աղբյուրներ սկսեցին հայտնել, որ Շչեպիխինը ազատ է արձակվել։
Ավելի ուշ Baza-ն տեղադրեց Արեգ Շչեպիխինի հետ հարցազրույց։ Նա իրեն առեւանգածներին անվանել է «ուսադիրներով բանդիտներ»։
«Կոպիտ ասած, ինձ առեւանգեցին, քաղաքից դուրս տարան։ Շատ չեն տանջել, ավելի շատ հարցաքննել են։ Ինձ դուր չեկավ, որ ցանկանում էին իմանալ կնոջս, ծնողներիս հասցեն»,- ասել է նա։
Ըստ բլոգերի՝ հետաքրքրվել են, թե կապեր ու շփումներ ունի՞ Ուկրաինայի, ընդդիմության հետ։
«Նրանք երկար ժամանակ՝ մոտ մեկ տարի, ահաբեկում էին ինձ սոցիալական ցանցերում։ Եվ ես ամբողջ ժամանակ հանդուրժեցի։ Մարդիկ արդեն սկսել են ինձ ասել, որ թուլամորթ ես։ Տհաճություն զգացի, դե, ռադ արեցի չեչեններին, ռադ արեցի մուսուլմաններին, և նրանք արձագանքեցին դրան»,- ասել է Արեգը։




