
Երևանի քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է Երևանի փողոցներում հասարակական տրանսպորտի համար գոտիներ առանձնացնելու մասին։ Մշակվել են միասնական երթուղիներ, որոնք պետք է միմյանց հետ կապեն մի քանի վարչական շրջան։ Իսկ հասարակական տրանսպորտն այդ շրջաններով պետք է երթևեկի առանձնացված գոտիներով։ Ենթադրվում է, որ դրա շնորհիվ հասարակական տրանսպորտով երթևեկելն ավելի հարմարավետ և արագ կդառնա, լրագրողներին ասել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ Ըստ նրա՝ նախագիծը մշակվել է ֆրանսիացի գործընկերների հետ։
Երևանի Մաշտոցի պողոտայում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կշարունակվի մինչև Իսակովի պողոտա։ Այս մասին լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
«Մաշտոցի պողոտայից ավտոբուսային գիծը շարունակվելու է դեպի Խորենացու փողոց, շարունակվելու է Իտալիայի և Բեյրութի փողոցներով, ապա Արգիշտիի փողոցով դեպի Հաղթանակի կամուրջ։ Այս գծի ներդրման մասով արվել են ճանապարհային երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ նշված փողոցներում»։
Որպես շարունակություն երթևեկության փոփոխություն է լինելու նաև Սարյան փողոցում։ Նախատեսվում է Լեոյի փողոցից դեպի Բաղրամյան պողոտա, ինչպես նաև Թումանյան փողոցից Մոսկովյան փողոցի հատվածով մինչև Բաղրամյան պողոտա երթևեկությունը դարձնել միակողմանի։
Այդ որոշումը, ըստ Հարությունյանի, պայմանավորված է նրանով, որ Սարյան փողոցը ներկայում շատ ակտիվ տուրիստական հատված է, և այնտեղ մեծ խցանումներ են լինում։ Որպես Սարյան փողոցին հակառակ ուղղություն կլինի Մաշտոցի պողոտան։ Ըստ քաղաքապետարանի պաշտոյնայի՝ դրանով էլ պայմանավորված է Մաշտոցի պողոտայում երթևեկության փոփոխությունը, այն է՝ դեպի Ամիրյան և Խորենացու փողոցներ ձախ շրջադարձի թույլտվությունը։
«Սա հնարավորություն կտա ուղիղ երթևեկող տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովման, իսկ Սարյանի հետագա փոփոխության շնորհիվ՝ հակառակ ուղղությամբ հոսքերի նոր քանակն ապահովելու»։
Ի՞նչ խնդիրներ են լուծելու այս փոփոխությունները։ Սրանց նպատակը մայրաքաղաքի կենտրոնում ծանրաբեռնված երթևեկությունը բեռնաթափելն է՝ ասաց պաշտոնյան։
«Հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ։ Եվ ավտոբուսային գծի ներդրումը հենց սրանով է պայմանավորված։ Միաժամանակ, ներդրման հետ կապված փոփոխություններ կարվեն Խորենացու փողոցում։ Կկիրառվի կայանման արգելք տվյալ հատվածում, որտեղ ներդրվելու է ավտոբուսային երթևեկություն»։
Երթևեկության փոփոխություններ կկատարվեն նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Մաշտոցի պողոտայի հետ խաչմերուկում կավելացվի ձախ երթևեկելի ևս մեկ գոտի՝ ապահովելու հոսքերի անընդհատությունը։ Իսկ նոր ակնկալվող հոսքերը չխոչընդոտելու համար կայանման արգելքներ կսահմանվեն Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածում, Ամիրյան փողոցում, Սարյանից դեպի Մաշտոցի պողոտա հատվածում։ Վազգեն Հարությունյանը չի հերքում, որ այս փոփոխությունների հետևանքով Կենտրոնում երթևեկելը հնարավոր է երկարի։
«Միակողմանի երևեկություն կազմակերպման հետևանքով, այո՛, որոշ ուղևորություններ պլանավորելու համար քաղաքացիները մի փոքր ավելի են վարելու մեքենան։ Մեր հաշվարկներով՝ սա չի բերելու ժամանակի ավելացմանը․ այդ մի փոքր ավելի վարելը ինքնին ուղևորության ժամանակի վրա չպետք է անդրադառնա, քանի որ այս փոփոխությամբ պլանավորում ենք ավելացնել երթևեկության միջին արագությունը, որն ընդհանուր ուղևորության մեջ ավելի բարենպաստ արդյունք կդրսևորի»։
Այս փոփոխությունների շնորհիվ կավելանա ավտոբուսային գոտիների թիվը։ Առանձնացված գոտիներն արդեն իսկ դրականորեն են ազդել հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա՝ ասաց Վազգեն Հարությունյանը։
«Նշեմ ավտոբուսային գծի առանձնացված մի հատված։ Վերջերս մենք փոփոխություն կատարեցինք Մոսկովյան փողոցում։ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում՝ Մոսկովյան փողոցում, ներդրվեց ավտոբուսի առանձնացված գիծ, որն ապահովեց հակադարձ ուղղություն դեպի Խանջյան փողոցից Աբովյան փողոց հատվածում։ Եվ այդ փոփոխման հետևանքով հասարակական տրանսպորտի ամբողջ երթուղիները դրանից հետո մուտք չեն գործում Նալբանդյան-Իսահակյան, այլ հակադարձ ուղղությամբ՝ Մոսկովյան ուղղությամբ գալիս են դեպի Աբովյան փողոց։
Հստակ կարելի է ասել, որ այս ներդրման շնորհիվ ավտոբուսի տվյալ երթուղին սպասարկող ավտոբուսներն առնվազն մի քանի րոպե ժամանակ շահում են»։
Երթևեկության փոփոխությունների հետ փոխվում է նաև տվյալ հատվծների լուսացույցների աշխատանքային ռեժիմը։ Պաշտոնյան վստահեցրեց, որ առաջարկվող փոփոխություններն արդեն ընթացքի մեջ են և կավարտվեն մինչև հունիսի վերջը։




