ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հասարակական տրանսպորտից մինչև քրեական գործեր. Երևանի քաղաքապետարանում քննարկվել է հարցերի լայն շրջանակ

Այսօր Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հանդիպել է լրագրողների հետ ու պատասխանել տարբեր ոլորտների վերաբերող հարցերի։ Հասարակական տրանսպորտի տոմսային փաթեթները ներդնելուց հետո Երևանի քաղաքապետարանը լուրջ խնդրի է բախվել՝ ասել է Կոստանյանը։ Նա նշել է, որ նոր համակարգի դեմ ակցիաների պատճառով ուղեվարձի թերհավաքագրումներ են եղել։ 5 ամիսում Երևանի քաղաքապետարանը, ընդհանուր հաշվով, հավաքագրել է 6 մլրդ 30 մլն դրամ։ Այդ իրավիճակում քաղաքապետարանը հնարավոր է չկարողանա ձեռք բերել խոստացած 15 տրոլեյբուսը։ Կոստանյանի խոսքով՝ ուղեվարձ չվճարելու համար վարչական պատասխանատվություն ենթադրող օրինագիծն այժմ խորհրդարանում է։

Հյուսիս–հարավ մայրուղու Գյումրի–Երևան և Արարատ–Երևան հատվածների հատման կետում 250 մ ճանապարհ դեռևս չի կառուցվել։ Համացանցում վերջերս տարածվել է Նաիրի Սարգսյանի լրագրողական հետաքննությունը։ Հեղինակը որոշ մանրամասներ է բացահայտել։ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի այդ հատվածում մայրուղու շինարարությունը դադարեցվել է 2022 թվականին դատարանի որոշմամբ։ Լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ հանրային գերակա շահ ճանաչված տարածքի սեփականատերերից մեկը համաձայն չէ փոխհատուցման գումարի հաշվարկի հետ։ 2017 թվականից այդ հողամասի վերաբերյալ  բազմաթիվ դատական գործեր են քննվել։ Դատավորը որպես հայցի ապահովման միջոց Երևանի քաղաքապետարանին արգելել է շինարարություն կատարել այդ հատվածում մինչև վերջնական վճռի կայացումը։

Լրագրողական հետաքննության հեղինակ՝ Նաիրի Սարգսյան․ «Եվ դատական նիստերը նշանակվում են 4 ամիսը մեկ հաճախականությամբ։ Դատավորին չի հետաքրքրում, որ այս ճանապարհից պետք է օգտվի 200.000 քաղաքացի։ Արդեն հասկանում եմ, որ դատարանի վճռին սպասելը միամտություն է, և կարող ենք ևս երկու–երեք տարի սպասել։

Սեփականատերը լրագրողին ասել է, որ ցանկանում է 50 տարվա պատմություն ունեցող իր հողամասի համար շուկայական գնին համարժեք փոխհատուցում ստանալ, այլ ոչ թե տասն անգամ պակաս։

Երևանի քաղաքապետարանը խնդրին ծանոթ է։ Մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը լրագրողներին  ասաց, որ տարածքի սեփականատիրոջ հետ բանակցում է քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակը։

«Առաջիկայում տեսանելի պատկեր կունենանք և ավելի հստակ ժամանակացույց կարող ենք ասել, թե երբ փոխհատուցման հարցը կլուծվի, և երբ աշխատանքները կմեկնարկեն։ Հանդիպումներ եղել են, սակայն տվյալ քաղաքացու հետ վերջնական որոշում չի ընդունվել»։

Մայրաքաղաքում կայանման վարձավճարի, այլ կերպ ասած՝ կարմիր և կապույտ գծերի թանկացման թեման ևս օրակարգում էր։ Քաղաքապետարանի խոսնակը, թեև ոչ թվերով, պնդեց, որ կայանատեղիների թանկացումից հետո մայրաքաղաքի փողոցները բեռնաթափվել են։ Այդ գումարը, ըստ Կոստանյանի, շատ վարորդների ստիպել է հրաժարվել տարեկան փաթեթներից և Կենտրոնում հնարավորինս քիչ կայանելուց։

«Այդ տեսանկյունից որոշակի բեռնաթափում կա, բայց եթե մենք առաջին հայացքից նայում ենք երթևեկությանը, խցանումներին և հոսքին, մարդկանց կարող է տարակուսանք հաղորդի իմ այս հայտարարությունը։ Ես կարծում եմ, որ առաջիկայում, երբ որ արդեն ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը մեծանա, մենք այդ ժամանակ կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված։ Եվ առաջիկայում մի շարք փոփոխություններ ենք ունենալու և այդ առումով դրական փոփոխություններ կունենանք»։

Այս տարվա մայիսի 23-ին Վարչական դատարանն անվավեր էր ճանաչել կարմիր գծերի համար ավագանու սահմանած տեղական վճարին վերաբերող որոշման մի շարք դրույթներ։ Դատարանն արձանագրել էր, որ կայանման վճարների կտրուկ բարձրացումն անհիմն է։ Քաղաքային իշխանությունը վարձավճարը մեծացրեց մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու, ծառայությունների որակը բարելավելու նպատակով։ Ըստ դատարանի վճռի, սակայն, քաղաքապետարանն այս առումով ապացույցներ չի ներկայացրել։ Միայն Կենտրոնը բեռնաթափելու հիմնավորումն է, որը բավարար չէ։

Տարեսկզբին Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի մեղադրանքով աղմկահարույց ձերբակալություններ եղան։ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում մեղադրանք էր առաջարդել նախկին ու ներկա պաշտոնյաների։ Հայկ Կոստանյանի ձևակերպմամբ՝ քաղաքապետարանն այս ձերբակալությունների վերաբերյալ որոշ մտահոգություններ ունի։ Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանն իր բոլոր աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի խնդիրներ է տեսնում։

«Անհանգստությունները հետևյալն են։ Տարեսկզբին հասարակական կարգի պահպանման ծառայության պետն ու  կոմունալ վարչության պետը կալանավորվեցին։ Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ մի դեպքում մարդը կալանավորվում է ինչ–որ միջնորդություն ենթադրյալ իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։ Դրա համար մեզ համար կան այդ տեսանկյունից խնդրահարույց իրավիճակներ»։

Այս իրադարձությունները, ըստ Հայկ Կոստանյանի, վկայում են, որ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում շարունակական պայքար են մղում կոռուպցիայի դեմ։

Կարդացեք նաև

Back to top button