
Եվրոպայի ամենաբարձր ակտիվ հրաբուխը՝ Էտնան, սկսել է ժայթքել։ Հրաբխային մոխրի հսկայական ամպ է բարձրացել խառնարաններից մեկի լանջերի փլուզումից հետո:
ANSA գործակալության հաղորդմամբ՝ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետների նախնական գնահատականներով՝ փլուզումը առաջացել է պիրոկլաստիկ հոսքից (բարձր ջերմաստիճանի հրաբխային գազերի, մոխրի և ապարների բեկորների խառնուրդ):
Արտանետումը հասել է մի քանի կիլոմետր բարձրության: Բարձրացվել է օդային տրանսպորտի համար նախազգուշացման մակարդակը, սակայն Եվրոպայի ամենաբարձր ակտիվ հրաբխի ակտիվությունը չի խանգարում Կատանիայի տեղական օդանավակայանի գործունեությանը:
Volcanic Discovery կայքի համաձայն՝ ժայթքումից առաջ եղել են հրաբխային ցնցումներ, որոնք սկսվել են նախօրեին՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին:




