
Սյունիքի մարզը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնը, քույր մարզերի հարաբերություններ հիմնելով, ձևավորել են յուրահատուկ և օրինակելի համագործակցություն, «Ինչպի՞սին է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում» խորագրով լիագումար նիստին իր ելույթում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Այս գործընկերությունը միայն հուշագրերի սահմաններում չէ․ այն դառնում է կոնկրետ ծրագրերի իրականացում՝ առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և մշակութային փոխանակման ոլորտներում»,- նշել է նա։
Ելույթ են ունեցել նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուին, ՀՀ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Սենատոր, Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը։
Տեսաուղերձ է հղել Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լորան Վեքրեն։




