ԿարևորՄիջազգային

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է պահպանողական թեկնածուն․ մամուլ

Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական տվյալներով, պահպանողական և եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին հաղթել է իշխող կոալիցիայի թեկնածու, լիբերալ Ռաֆալ Տրժասկովսկուն։

Ինչպես հաղորդում է լեհական մամուլը, Պետական ​​ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն Նավրոցկին ստացել է ձայների 50.89%-ը, իսկ Տրժասկովսկին՝ 49.11%-ը։

Լեհաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես կհրապարակի արդյունքները երկուշաբթի առավոտյան։

Կիրակի օրը քվեարկության ավարտից հետո Կարոլ Նավրոցկին խոստացել է «միավորել Լեհաստանի հայրենասիրական ճամբարը․ այն մարդկանց ճամբարը, որոնք ցանկանում են առանց անօրինական միգրանտների՝ նորմալ Լեհաստան»։

Ինչպես կանխատեսում են քաղաքական դիտորդները, Նավրոցկիի հաղթանակը կհանգեցնի Լեհաստանի հարաբերություններում լարվածության աճի Եվրամիության և Ուկրաինայի հետ։ Նավրոցկին կասկածանքով է վերաբերվում Բրյուսելին և Կիևին, դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուն և ԵՄ-ին նրա արագացված անդամակցությանը։

Բացի այդ, լիբերալ կառավարության և պահպանողական նախագահի միջև առճակատումը կշարունակվի Լեհաստանի ներքին քաղաքականության մեջ։

Նախագահի լիազորությունները Լեհաստանում սահմանափակ են, բայց նա կարող է վետո դնել օրենքների վրա և այդպիսով կանխել կառավարության կողմից իրեն չհամապատասխանող քաղաքականության իրականացումը։

Կարդացեք նաև

Back to top button