
Կոռուպցիայի հարցով հետաքննության շրջանակներում Ստամբուլի քաղաքապետարանում ձերբակալությունների նոր ալիք է սկսվել: Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 47 կասկածյալի համար ձերբակալման օրդեր է տրվել:
Ոստիկանություն է բերվել 30 կասկածյալ: Նրանց թվում են Ստամբուլի երեք խոշոր քաղաքային շրջանների ղեկավարները: Ձերբակալվել են նաև Ստամբուլի քաղաքապետարանի միջին աստիճանի պաշտոնյաներ, քաղաքային կառավարման հետ կապված ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդարանի անդամներ և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) ներկայացուցիչներ:
Նրանք բոլորը ներգրավված են Ստամբուլի քաղաքապետարանում կոռուպցիայի հարցով հետաքննության մի շարք դրվագներում՝ կաշառակերության, շորթման և հանցավոր խմբի գործունեությանը մասնակցելու մեղադրանքներով: Կալանավորման օրդեր ստացած անձանցից տասնմեկը դեռևս չեն հայտնաբերվել։ Նրանցից մի քանիսը գտնվում են արտերկրում։
Ձերբակալությունների ֆոնին Ստամբուլի քաղաքային իշխանությունները հրահանգել են փակել մետրոյի մի քանի կայարան և Թաքսիմ հրապարակի ու Իսթիքլալ պողոտայի շրջակայքում գտնվող ֆունիկուլյորի գիծը։ Կայարանները փակ կլինեն շաբաթ օրը՝ ժամը 15:00-ից։
Մարտի 23-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։ Նա Ստամբուլի արևմուտքում գտնվող Սիլիվրի բանտում է։ Իմամօղլուն և քաղաքային ղեկավարների մեծ մասը գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամներ են։




