ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ծխախոտի օգտագործման կարգը խախտելու մասին կարելի է ահազանգել բջջային հավելվածով

Ծխախոտի օգտագործման դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը նոր գործիքակազմ է կիրառում։ Հանրային վայրերում օրենքի խախտումների, այսինքն՝ չթույլատրված վայրում ծխախոտ օգտագործելու մասին քաղաքացիները կարող են բջջային հավելվածով իրազեկել վերահսկող մարմնին՝ Առողջապահության նախարարությանը։

Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը։ ԱՀԿ-ն այդ օրը սահմանել է 1987 թվականին, որպեսզի հանրության ուշադրությունը հրավիրի ծխախոտի մահացու հետևանքների վրա: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք երկրորդային ծխի ազդեցության են ենթարկվել։

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան վիճակագրություն է ներկայացնում․ «Հետազոտության համաձայն՝ ծխախոտը 20 տեսակի քաղցկեղ է առաջացնում։ Աշխարհում 37 մլն 15-17 տարեկան երիտասարդ ծխախոտ է օգտագործում, ինչը շատ մտահոգիչ է»։

Այժմ նոր մարտահրավերներ են ի հայտ են գալիս։ Շուկա են մուտք գործում որոշակի համային հատկանիշներով ծխախոտեր, որոնք ոչ պակաս վտանգավոր են։ Անհրաժեշտ է համային հավելումներով ծխախոտի օգտագործումը ևս արգելել,-ասում է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը։

Հայաստանն առաջին երկրներից է, որոնք վավերացրել են ԱՀԿ ծխախոտային կոնվենցիան։ Այստեղ ամեն տարի ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից ավելի քան 5․500 մարդ է մահանում: ԱՀԿ մեթոդաբանությամբ կատարված հետազոտության տվյալներով՝ Հայաստանում չափահաս տղամարդկանց 51,5%-ը և կանանց 1,8%-ը ծխում է:

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյան․ «Եթե նախկինում հասարակ ծխախոտն էր ամենաշատը սպառվում, ապա հիմա՝ էլեկտրոնայինը։ Տենդենց նկատվում է նաև այն ապրանքատեսակների սպառման, որոնք նիկոտին են պարունակում ու կախվածություն առաջացնում»։

Այդ ապրանքատեսակը լայնորեն սպառվում է աշխարհում ու հիմնական գնորդը երիտասարդներն են՝ ասում է Բազարչյանը։

«Երբ համեմատում ենք սպառումը մինչև օրենքը ու օրենքից հետո, ապա բավական առաջընթաց կա։ Փակ տարածքներում օրենքը գործում է, խախտվում է որոշ առումներով բաց տարածքներում»։

Ի դեպ, քաղաքացիները կարող են նոր գործարկվող բջջային հավելվածով հաղորդում տալ, թե հանրային որ տարածքում է խախտվում օրենքը։ ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյան․

«Բջջային հավելվածն անվճար է ամբողջությամբ։ Այն կոչվում է Smoke Free Armenia։ Խախտման մասին հաղորդում տալն անանուն է, չի նույնականացվում, որպեսզի մարդիկ կաշկանդված չլինեն ու տեղեկություն տրամադրեն»։

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ասում է, որ իրենց նպատակն ամենևին պատիժ կիրառելը չէ, այլ օրինախախտումը կանխարգելելը։ Նա նշում է, որ այս հավելվածը պարզապես գործիք է, որով քաղաքացին կարող է անաղմուկ կերպով ահազանգել վերահսկող մարմնին։

Կարդացեք նաև

Back to top button