ԿարևորՄիջազգային

ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի վերաբերյալ Ուիթքոֆի նոր առաջարկը

Պաղեստինյան արմատական ​​«ՀԱՄԱՍ» շարժումը կմերժի Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի նոր առաջարկը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին:

Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չի համաձայնի Ուիթքոֆի առաջարկին, որը Իսրայելը հաստատել է, քանի որ այն չի բավարարում իրենց հիմնական պահանջներին:

Իր հերթին, Reuters-ը, մեջբերելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմի խոսքը, գրել է, որ առաջարկվող համաձայնագիրը «չի բավարարում որևէ պահանջի, առաջին հերթին՝ պատերազմի դադարեցման պահանջին»:

«Այնուամենայնիվ, շարժման ղեկավարությունը ուսումնասիրում է այս առաջարկը», — հավելել է Նաիմը:

Նոր առաջարկի մանրամասները չեն հրապարակվել, սակայն ՀԱՄԱՍ-ի մեկ այլ խոսնակ՝ Սամի Աբու Զուհրին, Reuters-ին ասել է, որ այն «չի ներառում Իսրայելի կողմից Գազայում պատերազմը դադարեցնելու, իսրայելական զորքերը անկլավից դուրս բերելու կամ մարդասիրական օգնության ազատ մուտքի հետ կապված որևէ պարտավորություն»:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ուիթքոֆը ՀԱՄԱՍ-ին ուղարկել է հրադադարի առաջարկ։ Նա նաև ասել էր, որ Իսրայելը հաստատել է առաջարկը, նախքան այն ՀԱՄԱՍ-ին փոխանցելը։

Ուիթքոֆի նոր առաջարկը նախատեսում է 60-օրյա անհապաղ հրադադար և երկու փուլով՝ առաջին շաբաթվա ընթացքում 10 ողջ մնացած պատանդների ազատ արձակում։ Հաղորդագրության համաձայն, ՀԱՄԱՍ-ը պետք է նաև առաջին շաբաթվա ընթացքում Իսրայելին հանձնի 18 մահացած պատանդների մարմինները։ Դրա դիմաց Իսրայելը պետք է ազատի պաղեստինցի բանտարկյալներին՝ համաձայն նախկինում հաստատված ցուցակների։ Բացի այդ, փաստաթղթում խոսվում է ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների միջոցով Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսման մասին։

Կարդացեք նաև

Back to top button