ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Ամեն ինչի գինը պետք է հստակ իմանանք»․ գործադիրը որոշել է պետական բոլոր մարմիններին անշարժ գույք տրամադրել վարձավճարով

Կառավարության նիստում բուռն քննարկումից հետո հավանության է արժանացել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը: Գործադիրն առաջարկում է ավելի թափանցիկ դարձնել պետական գույքի օգտագործման պայմանները։ Նախագծով, մասնավորապես, սահմանվում է, որ պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ՝ կառավարության սահմանած կարգով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հրաժարվել, իր ձևակերպմամբ, «կոթողացման տրամաբանությունից»։ Ասում է, որ պետական գույքի բոլոր տեսակները, այդ թվում այն սրահը, որտեղ ընթանում է կառավարության հերթական նիստը, աթոռները, որոնց վրա նստած են պաշտոնյաները, դպրոցները, մշակութային կամ կրթական հիմնարկները,  պետք է հստակ գին ունենան, պետությունն էլ պետք է որոշի՝ վարձակալե՞լ դրանք, թե՞ համագործակցել մասնավորի հետ։

«Ես, օրինակ, զարմացա, երբ մի շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղա։ Աղմուկ բարձրացավ, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ Հասկանո՞ւմ եք։ Այն, որ տարիներով Մարզահամերգային համալիրը քանդվում էր բառիս բուն իմաստով, քանդվում, քայքայվում էր, և մենք էսքան միլիարդներ ենք դնում, ու դեռ  չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, ասենք, Մարզահամերգային համալիրում ի՞նչ պիտի տեղի ունենա, ի՞նչ պիտի տեղի ունենա։ Ընդհակառակը, պետք է քաջալերել»։

Վարչապետին նույնչափ զայրացնում է որոշ եկեղեցիների նկատմամբ վերաբերմունքը։

«Ասենք, ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում ես ինչ-որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞, մեկ էլ մտնում ես, այստեղ աղբ լցրած, այնտեղ աղբը լցրած։ Մի տեղ ինչ-որ մեկի շորերն են,  մեկը մի տեղ կոշիկներն է դրել, մի տեղ մեկը իր հին մահճակալն է դրել»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եկեղեցիներում աղբ թափելուց հետո առնվազն տարօրինակ է բաղոքել, թե ինչու է Մարզահամերգային համալիրում հարսանիք եղել։

«Խելագարվել կարելի է ուղղակի»։

Պետական գույքի նշանակության մասին քննարկումների առիթը «Պետական գույքի կառավարման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն օրենքի նախագիծը ներկայացնելիս ընդգծեց, որ պետական գույքի անհատույց օգտագործման՝ տարիների ընթացքում ձևավորված համակարգը մի շարք համակարգային խնդիրներ է առաջացրել։ Դրանցից ամենամտահոգիչը գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործումն է և հանրային վերահսկողության ցածր մակարդակը:

«Խնդրի լուծման համար առաջարկում ենք օրենսդրական նոր կարգավորում, ըստ որի՝ պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ՝ կառավարության սահմանած կարգով։ Վարձակալությունից ստացված վճարները ուղղվելու են պետական բյուջե»։

Այն պետական մարմինները, որոնք պետական գույքն անհատույց են օգտագործում, օրենքի փոփոխությունից հետո կպարտավորվեն տնօրինել այն վարձակալության հիմքով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, որ դեմ չէ առաջարկվող փոփոխության թափանցիկության և հաշվետվողականության բաղադրիչներին, միևնույն ժամանակ մտահոգություն ունի․ նախարարության ենթակայության տակ միայն 1352 ՊՈԱԿ-ներ կան, որոնք դպրոցներ են, նաև մշակույթի ու սպորտի ոլորտի հիմնարկներ կան, որոնց վարձակալությունը լրացուցիչ բեռ կառաջացնի բյուջեի համար։

«Ստացվում է, որ մենք այս բոլոր շենքերի համար պետք է վարձակալություն վճարենք, և երկրորդը՝ սկզբունքորեն հաշվի առնելով կրթության իրավունքի ապահովման և պետության այլ պարտավորությունները, որոշակի նաև կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում այս մոտեցմամբ էդ աշխատանքը իրականացնելու համար։ Հետևաբար ես առաջարկում եմ, քանի որ խոսքը օրենսդրական փաթեթի մասին է, Ազգային ժողովի քննարկման փուլում քննարկել և հասկանալ այս ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը»։

Ենթադրենք, թե որևէ դպրոցի վարձակալությունն ամսական, օրինակ, 3 միլիոն դրամ է, ինչպե՞ս կարող է այդ գումարն անդրադառնալ կրթության որակի վրա կամ ինչո՞վ այն կնսեմացնի կրթության իրավունքի իրացումը՝ հարցնում է Նիկոլ Փաշինյանը։

«Խոսքը նսեմացման մասին չի, բնականաբար, բայց էստեղ, կարծում եմ, բոլորը խոսում են արդյունավետությունից, նախ և առաջ պետք է հասկանանք արդյունավետությունը։ Իմ տպավորությամբ՝ մենք լրացուցիչ  վարչարարություն են գեներացնելու, մենք այսօր արդեն ունենք խնդիր, որ վարձակալության գործող կարգով դպրոցները, օրինակ, չեն կարողանում սննդի կազմակերպումը իրականացնել և ուսումնական հաստատությունների արդյունավետության նաև էդ տեսանկյունից խնդիր ենք ունենում։ Ունենալով արդեն են փորձը, ես որոշակի մտահոգություններ ունեմ, որ վարչարարության ավելացում չունենանք՝ խնդիրների լուծումը իրականացնելու փոխարեն»։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը առաջարկվող փոփոխությունը կարևորում է երկու ուղղությամբ։ Առաջինն այն է, որ պետական գույքի վարձակալությունը  կամ անվճար օգտագործումը մինչև այժմ արտացոլված չեն եղել պետբյուջեում։ Նոր կարգավորումները թույլ կտան տեսնել դրանք, հաշվարկել ու հասկանալ, թե պետությունն ինչքան գումար պետք է ծախսի գույքի համար։

«Երկրորդ նպատակն այն է, որ մենք երբեմն գույք ենք տրամադրում տարբեր հասարակական կազմակերպություններին կամ այլ կառույցներին՝ որպես օժանդակություն իրենց գործունեությանը։ Եվ այստեղ նորից այդ ծախսը, որպես այդպիսին, չի երևում։ Ես կարծում եմ, որ մենք այս թափանցիկությունը և մեր վարած քաղաքականությունը ավելի պարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք․ և՛ արձանագրենք, և՛ հաշվենք, և՛ էդ հաշված գումարը տրամադրենք՝ հասկանալու համար այս կամ այն ծառայությունը, որը պետական կառավարման մարմինը մատուցում է, ի՞նչ է արժենում մեզ համար»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ պետական գույքի՝ այս կամ այն հաստատությանը տրամադրման փաստաթղթերում ավելի շատ «անվճար» վերտառությամբ գործարքներն են։

«Ընդհանրապես անվճար, ձրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պիտի  ճշգրտենք, որովհետև նախ՝ ոչ մի բան անվճար չի, բացարձակապես ոչ մի բան անվճար չի, եթե ինչ-որ բան անվճար է, նշանակում է, որ արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր  է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար կա վճար, այդ վճարը ուղղակի է,  անուղղակի է, դա երկրորդ հարցն է, բայց ամեն ինչի համար, ցանկացած արդյունքի համար պետք է վճարել»։

Գործադիրը միաձայն ընդունեց օրենսդրական փաթեթը, առաջիկայում այն կքննարկվի խորհրդարանում։

Կարդացեք նաև

Back to top button