ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սյունիքը՝ կարևոր․ գերտերությունները հետաքրքրված են դիվանագիտական ներկայությամբ

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները զգուշացնում են, որ անվտանգային վիճակը Հայաստանի հարավում մտահոգիչ է։ Մյուս կողմից խոշոր պետությունները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում են Սյունիքում հյուպատոսարան բացելու ծրագրերի մասին։ Օրերս այդ մտադրության մասին հայտարարեց Ֆրանսիան։ ԱԳՆ Արարատ Միրզոյանը այդ մտադրություններում տնտեսական շահից զատ չի բացառում նաև քաղաքականը։ Ընդդիմություն էլ պարբերաբար հիշեցնում է, որ Սյունիքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի՝ այլև ողջ տարածաշրջանի համար։

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Նման հայտարարություն է հնչել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։ Հայտարության հեղինակը ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն է։

«Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է։ Մոսկվան շահագրգռված է Բաքվի ու Երևանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»։

Բելուսովն ասել է նաև, որ Ռուսաստանն ամեն կերպ նպաստելու է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա ևս մի դիտարկում է արել․ «Հարավային Կովկասում արտատարածաշրջանային երկրների գործունեության ակտիվություն է նկատվում, ու նպատակը ոչ թե անվտանգությունն ամրապնդելն է, այլ իրենց ազդեցությունն ընդլայնելը»։

 Օրերս էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում խոսեց հայ –ադրբեջանական հակամարտության մասին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ, պատասխանելով  հայամետ կոնգրեսականի հարցին, պետքարտուղարը վստահեցրեց, որ Վաշինգտոնը խաղաղություն հաստատելու նպատակներ ունի, սակայն ընդգծեց նաև, որ իրական վտանգ կա, որ հակամարտությունը կարող է կրկին սրվել։

«Մեր հիմնական ուղղությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելուն։Կա իրական վտանգ, որ կարող է կրկնվել հակամարտությունը, ինչը մենք փորձում ենք կանխել։

Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխելու պատերազմները, և մենք երկու երկրների, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի»,- ասել է Ռուբիոն։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կիսում ԱՄՆ պետքարտուղարի մտահոգությունը, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլի կամ էսկալացիայի ռիսկ կա։

«Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարող եք հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ արդյո՞ք նման միտումներ կամ տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան այս պահի դրությամբ չեմ տեսնում»։

Թեև աշխարհի խոշոր կենտրոններից  կանխատեսումներ ու զգուշացումներ են հնչում, որ անվտանգային վիճակը Հայաստանի հարավում մտահոգիչ է, մի շարք երկրներ հայտարարում են Սյունիքում հյուպատոսարան բացելու իրենց ծրագրերի մասին։ Օրերս այդ մասին հայտարարեց Ֆրանսիան։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարի այցը ոմանք պայմանավորում էին Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հետ, ինչը սակայն կրկին հետաձգվեց։

Այս հարցին պարզաբանում է տալիս Հայաստանի արտաքին գործերի նախարար  Արարատ Միրզոյանը։

 «Ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար, և ՀՀ–ն սահմանված կարգով դիտարկելով բոլոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացություն։ Կդժվարանամ ասել, թե որ փուլում է, բայց ինչպես որ հարկն է, համագործակցում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ»։

Բացի Ռուսաստանից  Ֆրանսիան ևս  հայտ  է  ներկայացրել Սյունիքում հյուպատոսություն բացելու։ Այլ երկրներ նույնպես ցանկություն են հայտնել, սակայն Արարատ Միրզոյանը դեռ փակագծեր չի բացում։

«Խոսակցություններ կան, բայց քանի որ վերջնական չեն, չէի ցանկանա փակագծեր բացել։ Անշուշտ, որևէ տեղ միջազգային ներկայությունը կնպաստի տվյալ մարզի տարածաշրջանի տնտեսական կյանքի աշխուժացմանը, ու նաև քաղաքական ուղերձներ կան»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն էլ հորդորում է չզարմանալ, որ տարբեր գերտերություններ ցանկանում են հյուպատոսություններ բացել Սյունիքում։ Նա ընդգծում է Սյունիքի կարևոր ռազմավարական նշանակությունը՝ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։

«Անկախ նրանից, թե ինչ է մեզ դեմ տալիս Ադրբեջանը, ինչպես է դա ամեն գնով պաշտպանում Թուրքիան, կոմունիկացիաները ինչ-որ փուլում բացվելու են, և Հայաստանը դառնալու է այն խաչմերուկը, որի նկատմամբ հետաքրքրություններ ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ։ Սա, եթե որոշ երկրների համար տնտեսական նշանակություն ունի, ապա այդ աշխարհաքաղաքական կենտրոնների համար բավականին մեծ է նաև քաղաքական մրցակցության և հակազդեցության հարցը։ Որոշ երկրներ հետաքրքրություն են դրսևորել հյուպատոսական ծառայություններ կամ դիվանագիտական ներկայացվածություն ունենալու Սյունիքում, որպեսզի յուրաքանչյուր դեպքում կարողանան պաշտպանել իրենց աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ շահերը» ։

Կարդացեք նաև

Back to top button