ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խանջյան գյուղի մոտ հնագետները Սարդարապատի ճակատամարտի փամփուշտներ են հայտնաբերել

Սարդարապատի ճակատամարտի բեկումնային կռիվները տեղի են ունեցել Արմավիր քաղաքին հարակից Խանջյան գյուղի մերձակա տարածքում, որտեղ հնագետներն աշտարակատիպ բլուրի պեղման ժամանակ հայտնաբերել են թուրքական դրոշով ու արաբական տառերով դրոշմված պարկուճներ: Դրանք հիմնականում բլուրի վերգետնյա շերտում են: Հնագետ Լևոն Մկրտչյանը համոզված է, որ պեղավայրը ռազմական ակտիվ գործողությունների թատերաբեմ է եղել:

Ավելի քան մեկ դար է անցել Սարդարապատի ճակատամարտից, սակայն Արմավիրի մարզում մինչև օրս պահպանվել են ռազմական գործողությունների հետքերը: Խանջյան գյուղի մերձակա բլուրներից մեկի պեղումների ժամանակ հնագետները ռազմավար են հայտնաբերել:

Այդ մասին փաստում է հնագետ Լևոն Մկրտչյանը. «Ամեն ինչ սկսվում է այն բանից, երբ գտնում ես պարկուճ, որը քեզ ծանոթ պարկուճի նման չէ: Սկսում ես վրայի փոշին սրբել ու տեսնում թշնամու զինանշանը: Հետո տեսնում ես, որ դրանք շատ են․ պարզ է դառնում, որ գործ ունես պատերազմի թատերաբեմի հետ»:

Հայտնաբերված փամփուշտներն ու պարկուճները հնագետները հավաքել ու պահել են: Լևոն Մկրտչյանն ափսոսում է, որ Հայաստանում ռազմական հնագիտության մասնագետներ չկան, որոնք այլ մոտեցում կցուցաբերեին այդ գտածոներին:

«Այդ գիտակարգը ձևավորվել է Ամերիկայում: Քանի որ նրանք պատմական շատ խոր շերտեր չունեն, տպավորված էին Առաջին աշխարհամարտին մասնակցությամբ: Այն բոլոր մարտադաշտերում, որտեղ իրենց զինվորները մասնակցել են կռիվներին, հետագայում գնացել և հնագիտորեն  ուսումնասիրել են  տեղանքը: Դա շատ տեղեկաթյուն է տվել, ամբողջությամբ փոխել է պատկերացումներն ու լրացրել պատերազմի մասնակիցների վկայությունները»:

Հնագետն ասում է, որ այդօրինակ աշխատանք Հայաստանում փորձել են կատարել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն ու ԵՊՀ-ի ուսանողները՝ Արսեն Բոբոխյանի գլխավորությամբ: Նրանք ցանկացել են ուսումնասիրել  ռազմական գործողությունների տեղանքը, սակայն այդ ծրագիրը չի շարունակվել:

«Նախատեսվում էր ողջ դաշտն ուսումնասիրել, գտնված ամեն պարկուճի կամ իրի տեղը քարտեզագրել, գույքագրել՝ հասկանալու և կազմելու ռազմական ճակատների պաշտպանվածությունն ու տարածույթը: Ցավոք, չեղավ»:

Խանջյանի աշտարակատիպ բլուրի վերին շերտը հարուստ է Սարդարապատի կռիվներից մնացած գտածոներով: Արշավախմբի ղեկավար, հնագետ Լևոն Մկրտչյանն ասում է, որ իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ՝ մասամբ փորձում են դիմել նաև ռազնական հնագիտությանը: Նրանք գտածոները հավաքել ու պահել են հատագայում հետազոտելու համար: Հնագետը համոզված է, որ1918 թ. հայ-թուրքական ամենաթեժ կռիվներն այստեղ են եղել:

«Երբ հայերը մայիսի վերջին ամրացան  «Սարդարապատ»   կայարանում, թուրքերն էլ հիմնականում կենտրոնացել էին «Արաքս» կայարանում՝ Մյասնիկյանում: Մենք տեղագրական քարտեզներից իմանում ենք, որ գլխավոր բլուրները, որտեղ  ամրացել էին, N-440–ն ու N-449 –ն էին: Եթե փորձենք նույնալանացնել ու տեղայնացնել, մոտավորապես ընկնում է հենց այս հատվածում: Գուցե  հենց էդ բլուրներից մեկն էլ մեր պեղվող  բլուրն է: Համենայնդեպս, այս շրջակայքում պիտի լինի: »:

Հենց այստեղից է սկսվել հայկական զորքի առաջխաղացումը: Լևոն Մկրտչյանը ևս մեկ անգամ թերթել է պատմության էջերն ու եզրահանգել՝ այստեղ է որոշվել ճակատամարտի ելքը:

«Մայիսի 27-ին հայերը ճակատային հարձակումից առաջ՝ մոտ կես ժամ, թնդանոթով գնդակոծել են այս բլուրները, որից հետո հարձակվել ու գրավել են, փոխել ճակատամարտի ելքը: Պատահական չէ, որ մենք պեղումներով գտնում ենք թուրքական փամփուշտներ, որոնք արաբատառ են, իրենց դրոշով, պարկուճներ, որովհետև իրենք հենց այս երկու բլուրներում են ամրացել, կենտրոնացել․ բնականաբար իրենց կրակած պարկուճները ընկել են բլրի վրա»:

Ճակատամարտն ավարտվել է թուրքերի նահանջով: Հնագետը ցույց է տալիս նահանջի ճանապարհը, որը ձգվում է մինչև Արաքսի հովիտ: Նա կարծում է, որ ճակատամարտի մասին ավելի շատ տեղեկություններ իմանալու համար այս  դաշտն ամբողջությամբ պետք է հետազոտել:

Կարդացեք նաև

Back to top button