
Տարեսզբից մեկնարկել է Շվանիձոր-Նռնաձոր նոր ճանապարհի կառուցումը, որը սահմանամերձ Նռնաձորը կկապի Մեղրիի և հարակից բնակավայրերի հետ։ Նռնաձորցիները գործող ճանապարհով Մեղրիից մեկուկես ժամում էին հասնում Նռնաձոր։ Ճանապարհը կառուցվում է պետբյուջեի հաշվին՝ մոտ 2,5 մլրդ դրամ։ Սյունիքի մեր թղթակից Արմեն Դավթյանն է շարունակում թեման։
Արդեն երկու ամիս 15 միավոր ծանր տեխնիկա օրական 10-12 ժամ ճեղքում է Մեղրու սարերը։ Կառուցվում է Շվանիձոր-Նռնաձոր 13,1 կիլոմետրանոց նոր ճանապարհը, որի համար պետբյուջեից 2,5 մլրդ դրամ է հատկացվել։ Նռնաձորցիները մինչև հիմա երթևեկում են նախկին երկաթուղու գրունտային ճանապարհով։

Շինարարական աշխատանքը կատարող ընկերության տնօրեն Արմեն Մինասյան․ «Մենք հիմա Շվանիձոր-Նռնաձոր նոր կառուցվող ճանապարհի միջնամասում ենք։ Ակտիվ շինարարություն է ընթանում։ Մենք բարդ ռելիեֆում ենք գտնվում, որտեղ կատարում ենք թե՛ մեխանիկական, թե՛ պայթեցման աշխատանքներ։ Նախատեսված ժամկետում՝ դեկտեմբերին, երևի կավարտվենք։ Հետևում ենք մեր գրաֆիկին․ ընդհանուր աշխատանքի 25%–ն արդեն արվել է»։
Նռնաձորը Մեղրի քաղաքի և հարակից բնակավայրերի հետ կապող նոր ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն է ծանոթանում։ Ասում է, որ ճանապարհը կառուցվում է փուլերով։

«Ծրագրի այս փուլի ավարտը համարվելու է ճանապարհը կառուցված ու խճապատված տեսքի բերելը, իսկ դրանից հետո անցնելու ենք երկրորդ փուլին՝ ասֆալտապատմանը։ Աշխատանքները մեկնարկել են տարեսկզբին ու, ասեմ, հաջողությամբ են ընթանում։ Հույս ունենք, որ շինարարն իր օրացուցային պլանից մի քիչ շուտ կավարտի, ու կսկսենք երկրորդ փուլը»։
Նռնաձորում 138 մարդ է բնակվում, 39 տնտեսություն կա։ Կառավարությունը Արդարադատության նախարարության հաշվեկշռում գտնվող 150 հա հողը հատկացրել է նռնաձորցիներին, ու նրանք կոոպերատիվ են հիմնել։ Ըստ Նռնաձորի վարչական ղեկավար Արա Ազիզյանի՝ սա բացառիկ է հանրապետությունում, ու կոոպերատիվի բոլոր անդամները գյուղի բնակիչներ են։ Թեև նոր կառուցվող ճանապարհը դեռ գրունտային է լինելու, բայց փրկություն է նռնաձորցիների համար՝ ասում է Արա Ազիզյանը․

«Նռնաձորը զարգացող գյուղ է։ Ամենապրոբլեմատիկը ճանապարհի հարցն էր, հիմնականում գյուղմթերքի առքը էստեղից տանելը-բերելը, էստեղ գալ առնելը՝ մշտական խնդիր էր։ Ներքևով գալիս սահմանապահների հետ էր խնդիր առաջանում, էստեղ սահմանային գոտի է, որտեղ պիտի անցագրով գային։ Մի խոսքով՝ շատ մեծ տարբերություն է լինելու ճանապարհի առումով․ գյուղացիների համար ողջունելի է»։
Կառավարությունը, ճանապարհը կառուցելուց ու կոոպերատիվի համար հող տրամադրելուց բացի, այլ ծրագրեր է կյանքի կոչում՝ ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Ես չեմ կարծում՝ որևէ մեկը հավատում էր, որ իրականություն կդառնա նոր ճանապարհի կառուցումը։ Այստեղ 10 ընտանիք 16 մլն դրամանոց ծրագրից են օգտվում, կառուցվում է նոր մանկապարտեզ, նաև խմելու ու ոռոգման ջրերի հետ կապված ծրագրեր ենք մեկնարկում։ Բազմաթիվ ծրագրեր, որ վերջին տասնամյակներում այստեղ չեն իրականացվել։ Կառավարությունն այստեղ ինտեսիվ աշխատանք է կատարում»։
Առաջնագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նռնաձորում մարդիկ շարունակում են ապրել առանց տագնապի և սպասումով, որ նոր ճանապարհն էականորեն կհեշտացնի կյանքը։




