Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բեռլին է մեկնել չորեքշաբթի՝ մայիսի 28-ին։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի Շյոնեֆելդ օդանավակայանում։
Զելենսկին արդեն հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը, Վոլոդիմիր Զելենսկու այցի ընթացքում նրանք կքննարկեն «Գերմանիայի կողմից Ուկրաինային աջակցության և կրակի դադարեցման ջանքերը»։
Մերցի և Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը նախատեսված է տեղական ժամանակով 13:30-ին։
Դրանից հետո Ուկրաինայի առաջնորդը պետության ղեկավարի պաշտոնական նստավայրում՝ Բելվյու պալատում, կհանդիպի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Մերցի կուսակցությունը և ընդդիմությունը կոչ են անում կանցլեր Մերցին որոշում կայացնել Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։
Գերմանիա այցից առաջ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ամենաբարձր մակարդակով խաղաղության բանակցությունների հանդիպումների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Զելենսկին հավելել է, որ ամերիկյան և ռուսական կողմերը տեղեկացված են Կիևի պատրաստակամության մասին։
Մերցը Կիև է այցելել մայիսի սկզբին։ Վերջին անգամ Զելենսկին Բեռլին է եկել 2024 թվականի հոկտեմբերին՝ Մերցի նախորդի՝ Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների նպատակով։ Ֆրիդրիխ Մերցը, մայիսի սկզբին պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, այցելել է Կիև՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Կիր Սթարմերի և Դոնալդ Տուսկի հետ միասին։




