
Հայ-գերմանական արշավախումբն Արմավիրի մարզի Խանջյան գյուղի տարածքում հայտնաբերել է ծիսապաշտամունքային հնավայր, որն, ըստ մասնագետների, թվագրվում է Ք.ա. 6-ից 2-րդ դարերին: Կառույցը 7-8 մետրանոց հնագույն կոթողային աշտարակ է՝ շրջապատված դարավանդներով ու պարսպագծերով: Հնավայրն ունի հարուստ մշակութային շերտ: Օրերս այնտեղ կարասային թաղման նմուշներ են հայտնաբերվել:
Հին քաղաքակրթության հետքերի որոնումներով հայ-գերմանական հնագիտական արշավախումբը հասել է Խանջյան գյուղ՝ հետաքրքվելով դեռ 2022թ-ին արված արբանյակային լուսանկարներով ու դրանցով հայտնաբերված աշտարակատիպ կառույցով: Այս հնավայրը նախկինում չի ուսումնասիրվել՝ ասում է արշավախմբի ղեկավար Լևոն Մկրչյանը:

«Այս հնավայրը մեր ուշադրությունը գրավեց իր կառուցվածքով․ ողջ բլուրը պատված է ամրացված դարավանդներով, պարսպագծերով, դիմացը տարածվում են տարբեր տեսակի կառույցների մնացորդներ: Բլուրն ամբողջությամբ ծածկված էր վերգետնյա խեցանոթների առարկաներով, որը հուշում է այստեղ մշակութային գործունեության մասին»:

Հնագիտական արշավախմբին դեռ հայտնի չէ հնավայրի անվանումը, սպասում են սեպագիր արձանագրությունների հայտնաբերմանը, սակայն ենթադրում են, որ հնավայրը կարևոր նշանակություն է ունեցել տարածքի համար, քանի որ այստեղ են գտվում Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան ամրոցի, Արմավիր և Երվանդաշատ մայրաքաղաքների դամբարանադաշտերը: Աշտարակի գրեթե 1մ հաստությամբ մշակութային շերտը, ըստ մասնագետների, խոսում է մշակութային հնագույն մասին:

«Թափված քարերի ու հողի շերտի արանքում հայտնաբերված խեցեղենի մնացորդները մշակութային շերտն են, որն ավարտվում է հրդեհված ածուխով: Խեցեղենն ու խեցանոթները սենդվիչի պես մնացել են քարերի ու ածուխի արանքում»:
Աշտարակատիպ կառույցի վերգետնյա շերտի տարբեր հատվածներում հայտնաբերվել են կարասի մնացորդներ, կենդանիների ոսկորներ, փայտածուխ: Նախնական վարկածով հնավայրը եղել է ծիսապաշտամունքային համալիր:

«Անցած պեղումների ժամանակ հենց այս հատվածում՝ աշտարակի արևմտյան մասում, բացվեցին մեծ կարասների բեկորներ, բայց այն ժամանակ մեր պեղավայրը նեղ էր: Այսինքն՝ ամրոցի պատերից այնքան էլ հեռու չէր, կարասների մեծ մասն ընկած էր հողաշերտի տակ: Հավանաբար գործ ունենք ինչ-որ մի ծեսի հետ»:
Հետագա պեղումներ պարզել են, որ մեծ կարասներ կան նաև աշտարակի հյուսիսային, արևմտյան ու հարավային մասերում: Օրերս դրանցից մեկում Վաղարշապատի պատմաազգագրական թանգարանի տնօրեն, հնագետ Անժելա Թադևոսյանը հայտանբերել է կարասային թաղում՝

«Դեռ չգիտենք սեռն ու տարիքը, դա արդեն մեզ կասի մարդահնէաբանը: Դիրքը շատ հետաքրքիր էր ՝ դեմքով դեպի կարասը, կարծես, պտտված, դրված էր, որովհետև երբ ես բացեցի գանգն ու ազդրոսկրը մի փոքր վերև էին: Մոտավորապես հասկացա, որ ինքը ծալված դիրքով է դրված: Վերևում՝ արդեն գանգի մոտ, հայտնաբերեցինք սարդիոնե ուլունքներ: Դա շատ հետաքրքիր և ուրախալի փաստ էր, հավանաբար, կրել է պարանոցին»:
2023թ․հայտնաբերած գտածոները գերմանական կողմը հետազոտել ու պարզել է հնավայրի մոտավոր ժամանակաշրջանը:
Լևոն Մկրտչան․ «Գերմանիայից ուղարկել են մեր նմուշառումների ռադիոածխածնային թվագրումը՝ մ.թ.ա 3-րդ-2-րդ դարեր: Դա եղել է այս հնավայրում ապրող մարդկանց վերջին կենսունակ ժամանակաշրջանը, քանի որ դրանից հետո թուլանում է, մշակութային շերտը սկսում է քչանալ, և այլևս իր վրա չի դարսում հաջորդ ժամանակաշրջանի մշակութային շերտը»:

Գիտական արշավախմբում է նաև երիտասարդ հնագետ Արման Եղիազարյանը: Պեղավայրի իր հատվածում բրիչի ու խոզանակի օգնությամբ բացահայտում է հնագույն ժամանակների քարե կառույցը:
«Հիմքերը դրված են բնական հիմնաժայռի վրա, որը մի փոքր հարթեցված է, որպեսզի քարերը կարողանան նստել հիմնաժայռի վրա: Կառուցողները հիմնաժայռն օգտագործել են այն ավելի ամուր դարձնելու համար»:
Հնագետների հետ աշխատում է նաև ճարտարապետ: Հնավայր համալիրի հյուսիսային հատվածում 2023–ին արշավախումբը հայտանաբերել էր տեղահանված հիմնախարիսխ, ինչն էլ վկայում է տվյալ ժամանակաշրջանին բնորոշ սյունազարդ դահլիճի առկայության մասին՝ ասում է արշավախմբի ղեկավար Լևոն Մկրտչյանը:
«Պեղումներով այս տարի կարողացանք բացել մի սենյակ, որը գտնվում է պարսպագծին անմիջապես մոտ և աշտարակի հաջորդ մշակված դարավանդի վրա է: Այստեղ բացվեց նաև երկրորդ հիմնախարիսխը, ինչը հաստատում է, որ սյունազարդ դահլիճն այստեղ պետք է եղած լինի: Բացվեց նաև այս կառույցի քարե սալահատակը»:

Լևոն Մկրտչյանի հետ իջնում ենք դարավանդի այդ հատվածն ու մտովի պատկերացնում դահլիճի ամբողջական տեսքը:
«Այս հատվածում բացված մեր սակահատակն է, հաստ պարիսպներով շենքի մեջ ենք հիմա՝ մոտ 2 մետր լայնությամբ: Տեղաշարժված, բայց շինությանը վերաբերող հիմնախարիսխն է, որն իր վրա սյուներ պիտի կրեր»:

Խանջյան գյուղում հնագետների հայտնվելը տեղացիներին ոգևորել է: Նրանք հաճախ են բարձրանում աշտարակատիպ բլուրը, ցանկություն հայտնում մասնակցել պեղումներին: Աշոտ Խաչատրյանը օրվա մի մասն անցկացնում է հնավայրում, մյուս մասը՝ հողամասում.
«Հնագետներին ենք օգնում, ընկած քարերն ու հողերը հեռացնում ենք, և՛ կարևոր նյութեր են դուրս գալիս, և՛ աշտարակն ենք ամբողջացնում: Հողը ստուգելով ենք հանում, միանգամից չենք հեռացնում, որ մանրուք լինի մեջը, գտնենք»:
Խանջյանցիների համար սա նաև աշխատատեղ է: Հնագիտական արշավախմբին օգնում են նաև դպրոցականները, ինչը կարող է նրանց համար մասնագիտական կողմնորոշման ուղի հարթել:
Արշավախմբի աշխատանքների ավարտից հետո այս հատվածը հնարավոր է դառնա մարզի զբոսավայրերից մեկը, որտեղ բացահայտվել են Քրիստոսից առաջ 2600-ից 2400 տարվա քաղաքակրթության ապացույցներ:




