
Հայկական կողմն արդեն սկսել է համագործակցությունը Եվրաջասթի հետ և տարվա վերջում կունենա իր ներկայացուցիչն այդ կառույցում`«Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը։ Եվրոպական կառույցի հետ հայկական կողմն ամենօրյա շփման մեջ է՝ նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ խոսքը հիմնականում անդրազգային հանցագործությունների մասին է՝ փողերի լվացում, ֆինանսական հանցագործություններ։ «Երևանյան երկխոսություն» համաժողովի երկրորդ օրվա քննարկումների առանցքում եղել է արդարադատությունը։
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Հռոմի կանոնադրության վավերացմանը։ Սա Հայաստանի սուվերեն որոշումն էր, որը կայացվել է` հաշվի առնելով անվտանգային և իրավական խնդիրները՝ ասել է Աննա Վարդապետյանը։ «Երևանյան երկխոսություն-2025»–ի պանելային մյուս քննարկումներն առնչվել են փոփոխվող աշխարհում միջազգային հարաբերություններին և անվտանգությանը։
Քանի որ միջազգային հարաբերությունների հին համակարգն այսօր չի գործում նույն արդյունավետությամբ, իսկ Հայաստանը բազմակողմ շահերի և հետաքրքրությունների խաչմերուկում է, խիստ կարևոր է արտաքին քաղաքական հավասարակշռությունը՝ «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Աշխարհը կարիք ունի, որ միջազգային հարաբերություններն ադապտացվեն նոր պայմաններին և իրողություններին։ Եթե երկարաժամկետ կտրվածքով բազմաբևեռ աշխարհն էֆեկտիվ է, ուրեմն միջազգային հարաբերություններն էլ դառնում են բազմավեկտոր։ Տվյալ համակարգի էֆեկտիվությունը կախված է այն հանգամանքից, թե որքան օգուտներ է այն բերում հասարակություններին։ Որքան շատ երկրներ ընդգրկեն այդ համակարգի մեջ, այնքան բազմազան ու բազմավեկտոր կլինեն հարաբերությունները»։
Միջազգային հարաբերություններում առկա իրավիճակից ու նոր իրողություններից ելնելով՝՝ Հայաստանը նախընտրում է բազմաբևեռ աշխարհը՝ հավելել է Մնացական Սաֆարյանը։
Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցը ներկայացրել է Հայաստանի օրինակով։ Նա հայտարարել է, որ ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և այդ երկրի հետ կապված անվտանգային կառույցներից։
«Հայաստանի նախորդ կառավարությունները, նաև 2020 թվականի պատերազմից առաջ մեր կառավարությունը, մտածում էին, որ սա բավարար է Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը երաշխավորելու համար, սակայն իրադարձությունների բերումով պարզ դարձավ, որ անվտանգության ոլորտում միայն մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում, որովհետև երբ ժամանակը գալիս է, անվտանգային կազմակերպությունները և երկրները, որոնք ներգրավվելու պարտականություն ունեն, չեն անում դա կամ չեն ցանկանում անել։ Մենք սրա շուրջ կարող ենք բանավիճել, բայց փաստ է, որ դա տեղի չի ունենում։ Որպես հետևանք՝ տեղի են ունեցել էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածք։ Եվ ակնհայտ դարձավ, որ Հայաստանը իր անվտանգության ռազմավարությունը դիվերսիֆիկացնելու կարիք ունի, բայց ոչ միայն անվտանգության ռազմավարությունը»։
Սա է պատճառը, ըստ Ռուբինյանի, որՀայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ ձգտում է ավելի խոր և սերտ համագործակցության Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ։ Հատկապես վերջին երկրի առնչությամբ Ռուբինյանը շեշտում է՝ ուրախ են՝ արձանագրելու, որ Հնդկաստանի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում խորանում է։
Ռուբինյանը հավելել է, որ թեև վերջերս Հայաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, որը հայ ժողովրդի՝ կառույցին ավելի մոտ լինելու կամքի դրսևորումն է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է դառնա առանձին մոլորակ Կովկասում՝ առանց հարաբերությունների իր հարևանների կամ տարածաշրջանի երկրների հետ։
Հայաստանի ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև անկախացումից ի վեր Հայաստանի մասնակի շրջափակման հարցին՝ հայտարարելով, որ Երևանը փորձում է փոխել տարածաշրջանի դինամիկան։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ են հարևանների հետ կարգավորված հարաբերություններ՝ նշել է Ռուբինյանը։
«Հայաստանի դիրքորոշումը շատ պարզ է։ Այժմ մենք ունենք ընձեռված եզակի հնարավորություն՝ կայուն խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում։ Մենք ունենք պատմական հնարավորություն, ունենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ, ստատուս–քվո, որի դեպքում միմյանց զիջելու ոչինչ չունենք։ Ահա թե ինչպես կարող են փոքր երկրները կողմնորոշվել այս անհանգիստ ժամանակներում։ Սա անորոշության թիվ մեկ աղբյուրն է փոքր կամ նույնիսկ միջին չափի երկրների համար ժամանակակից աշխարհում, որտեղ համաշխարհային կարգը փլուզվում է։ Եթե դուք վերացնում եք հակամարտությունը՝ վերացնում եք անորոշությունը, ապա՝ ապաշրջափակում եք հաղորդուղիները, դրանով վերացնում եք անորոշությունը ու նաև վերացնում նոր հակամարտությունների առաջացման ռիսկը։ Սա է մեր ռազմավարությունը»։
Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան նույնպես խոսել է բազմավեկտոր քաղաքականությունից՝ փաստելով, որ այսօր տուրբուլենտ շարժումների փուլում ենք, որից ամենաշատը փոքր երկրներն են տուժում։
Հարավային Կովկասին անդրադառնալով՝ Լաշա Դարսալիան ավելի բաց է խոսում․ բազմաբևեռությունն ինքնին կարևոր է, բայց պետք է հաղթահարվեն նաև գոյություն ունեցող խնդիրները։
«Տարածաշրջանը «zero-sum game»-ի օրինակ է, որտեղ բոլորը բոլորի դեմ են, որտեղ մեկի շահը մյուսի կորուստն է։ Միայն վերջերս է, որ քննարկվում է «win-win» ձևաչափը, երբ փորձ է արվում հաշվի առնել բոլորի շահը։ Այս առումով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների՝ Վրաստանում հանդիպման ձևաչափը կարևոր է: Սկիզբը լավն էր, հուսանք մենք հնարավորություն կունենանք գնալ այս ճանապարհով։ Եթե որևէ մեկը ձգտում է շահել մյուսների հաշվին, ապա միանշանակ դատապարտված է ձախողման։ Մենք ցանկանում ենք առաջ տանել այնպիսի օրակարգ, որի կյանքի կոչման պարագայում կշահեն բոլորը։ Մենք փորձելու ենք գտնել այնպիսի ուղիներ, որ յուրաքանչյուրը շահի տարածաշրջանային համագործակցությունից։ Դա, անկասկած, հիմնված կլինի միջազգայնորեն ընդունված օրենքների վրա»։
«Երևանյան երկխոսություն» համաժողովը ոչ միայն հարցերը մեծ լսարանի ներկայությամբ հասկանալու հարթակ է, այլև երկկողմ շփումների հնարավորություն։ Տարածաշրջանային վերջին իրողություններին առնչվող մի շարք հարցեր այդ ձևաչափով են քննարկել Հայաստանի և Իրանի փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանն ու Սաիդ Խաթիբզադեն։
Ի դեպ, «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին, բացի եվրոպական երկրներից, կան մասնակիցներ ԱՄՆ պետքարտուղարությունից։ Երևանում է ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին՝ հաստատել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Համաժողովում նա հանդես է եկել որպես բանախոս կրոնական ազատությունների հարցերով քննարկմանը։




