
Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա է գտնվել փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անվան կենտրոնական ավագ դպրոցում անցկացված Հայաստանին նվիրված միջոցառմանը։
Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով են հանդես եկել դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները:
Նրանք ընդգծել են, որ 2024թ․ սեպտեմբերին տեղի ունեցած դպրոցի անվանակոչումից ի վեր ֆրանսիացի մեծագույն գործիչների Պանթեոնում հանգրվանած Միսաք և Մելինե Մանուշյանների հերոսական կերպարներն աշակերտների համար դարձել են հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ՝ նպաստելով աշակերտների կողմից Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրությանը։
Հայաստանի օրվա շրջանակներում դպրոցի սաները նախ հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանին և նրա մարտական ընկերներին՝ հանդիսավոր բացելով դպրոցի սրահներում փակցված նրանց դիմանկարները և ընթերցելով հատվածներ նրանց վերջին նամակներից։ Այնուհետև, պարային կատարմամբ հանդես է եկել «Երազ» պարային համույթը: Գեղարվեստական ղեկավար Քրիստինա Գալստյանի գլխավորությամբ նույն օրը հայկական պարի դասընթացի մասնակցած բարձր դասարանի աշակերտները պարել են հայկական պար:
Միջոցառման շրջանակներում դպրոցի նախասրահում բացվել է հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝ Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրությունը, որը մի քանի ամիս շարունակ կցուցադրվի դպրոցի նախասրահում՝ աշակերտներին հաղորդակից դարձնելով հայկական բնաշխարհին և մշակութային ինքնատիպ ժառանգությանը։
Միջոցառումը եզրափակվել է կլոր սեղան քննարկմամբ՝ «Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում» խորագրով։ Կլոր սեղանին որպես բանախոսներ մասնակցել են դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայի ԶՈՒ պաշտոնաթող գեներալ Ալաարը, Ֆրանսիական-հայկական խորհուրդ ասոցիացիայի նախագահ Դանիել Քյուքջյանը։
Միջոցառման ավարտին դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել դպրոցի տնօրենին, ուսուցիչներին և աշակերտներին հուզիչ և հարուստ միջոցառման համար՝ ուրախությամբ արձանագրելով, որ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի զավակը շարունակում է մեծապես ոգեշնչել ֆրանսիացի երիտասարդ սերնդին։




