ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փոփոխություններ հանրային ծառայությունների ոլորտում. ՆԳ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացնում

ՆԳՆ-ն հանձնառու է բարելավելու հանրային ծառայությունների որակը՝ այսօր լրագրողներին վստահեցրել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Նա անդրադարձել է հանրային ծառայությունների ոլորտում կատարվող բարեփոխումներին։

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը հանրային ծառայությունների որակը բարելավելու հարցում կարևոր գործիք է համարում թվայնացումը։ Այդ առումով Ղազարյանն առանձնացնում է մի քանի ուղղություն։ Նախ՝ վարորդական իրավունքի վկայականների և փոխադրամիջոցների հաշվառման վկայագրերի թվայնացման որոշումը, որն օրերս հաստատեց կառավարությունը.

«Մենք ամրագրում ենք, որ ՀՀ-ում այսուհետև գործելու են նաև թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր»։

Նախատեսված է, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1–ից։ Այս դեպքում, եթե վարորդն իր մոտ չունենա վարորդական իրավունքի վկայական, ապա թվային նույնականացումից հետո եթե հաստատվի վկայականի առկայությունը, վարչական իրավախախտում չի կիրառվի։

«Այն անձինք, որոնք նոր պետք է ձեռք բերեն վարորդական վկայական, նրանց կներկայացվի, այսպես ասած, ընտրության հնարավորություն։ Առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական իրավունքի վկայական, սակայն, երբեմն, անհրաժեշտություն է առաջանում, օրինակ, ունենալու այդ պլաստիկ վարորդական վկայականը, հիմնականում, եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով»։

Այդ դեպքում պետտուրքը մի փոքր ավելի է՝ պարզաբանում է փոխնախարարը։ Իսկ վարորդական իրավունք ունեցողների համար սեպտեմբերի 1-ից թվայնացումը կարվի առանց տուրքի՝ մեխանիկորեն։ Վարորդական իրավունք նոր ստացողի համար պետական տուրքը կլինի միայն պլաստիկ վկայականի համար։ Փոփոխություներ են նախատեսված նաև վարորդական քննությունների համակարգում։ Ըստ Ղազարյանի՝ դրանք էլ շուտով պետք է գործարկվեն։

Խոսելով եկամուտների հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող այն քաղաքացիների մասին, որոնք չեն հասցրել ID քարտ ստանալ, Ղազարյանը նշում է, որ տուգանքներ չեն կիրառվի։

Նա ընդունում է, որ քարտերի տրամադրման որոշակի խնդիրներ կան, սակայն դրանք լուծվում են, և շուտով համակարգն ավելի արագ կգործի։

«2024 թ. մենք տրամադրել ենք 160 հազարից ավելի նույնականացման քարտ, իսկ այս տարվա մայիսի դրությամբ՝ արդեն 90 հազարից ավելի։ Սա արմատապես կապվում է, ընդհանուր առմամբ, կառավարության թվային օրակարգի հետ»։

Փոխնախարարն ասում է, որ արդեն ընտրվել է ֆրանսիական մի ընկերություն, որը պետք է եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող ID քարտեր և կենսաչափական անձնագրեր տպագրի։ Գործընթացը պայմանավորված է առաջին հերթին ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացմամբ։

Ղազարյանը նշում է, որ համակարգում կատարված փոփոխությունների շնորհիվ հաջողվել է խուսափել անձնագրեր ստանալու հսկայական հերթերից։

ՆԳ փոխնախարարն անդրադառնում է նաև լայն իմաստով միգրացիոն խնդիրներին։

«Դրանց ուղղությամբ մենք ռազմավարության մշակման գործընթացում ենք. հիմա տվյալների հավաքագրման ու վերլուծության ինտենսիվ փուլ է։ Առաջիկայում մենք հանդես կգանք նաև որոշակի խնդիրների ուրվագծմամբ, դրանց լուծման ուղղությունների մատնանշմամբ»։

Օր օրի ավելի շատ արցախցիներ են դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ հայտնում է փոխնախարարը, հրապարակելով գերատեսչության վերջին տվյալները։

«Մայիսի 20-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9․451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Նույն օրվա դրությամբ ունենք արդեն 8․315 անձ, որոնք հանրապետության նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Գիտեք, որ քաղաքացիություն ստանալու անհրաժեշտություն ունեն միայն չափահաս անձինք»։

Անչափահասների պարագայում քաղաքացիությունը տրվում է ինքնաբերաբար, եթե ծնողներից գոնե մեկը քաղաքացիություն է ստացել։ Ըստ փոխնախարարի՝ այդպես քաղաքացիություն է ստացել ավելի քան 2 հազար անչափահաս։

«Նկատում ենք որոշակի ակտիվացում։ Եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել մինչև 20, ապա վերջին շրջանում 40-ից 50-ի չափ դիմումներ ենք ստանում»։

Նախարարությունում դա բացատրում են նրանով, որ մարդիկ սկսել են ավելի լավ հասկանալ քաղաքացիություն ստանալու անհրաժեշտությունը։ Իսկ այն, թե քանի արցախցի է հեռացել երկրից, ՆԳ փոխնախարարը առաջարկում է ճշտել ԱԱԾ-ից։

Կարդացեք նաև

Back to top button