Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը հնարավոր է տեղի ունենա հաջորդ շաբաթ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ երկրների դիվանագետներին։
Կրեմլը կենտրոնացած է ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում շարունակելու գաղափարի վրա, գրում է գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին տեղյակ իր աղբյուրները։ Վատիկանում դրանք շարունակելու տարբեր խոչընդոտներ կան. Կաթոլիկ եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների միջեւ բարդ հարաբերությունները, Իտալիայի պարտավորությունը Միջազգային քրեական դատարանի առաջ, որը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Վատիկանում բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու «պայմանավորվածություն չկա»։
Թուրքիայում բանակցությունները շարունակելու մոտեցումը ցույց է տալիս Ռուսաստանի՝ նախկին դիրքորոշմանը վերադառնալու ազդակ, գործակալությանը հայտնել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։
Bloomberg-ի զրուցակիցները ասել են, որ Սպիտակ տան շփումները Կիեւի հետ ուղղված են Վատիկանում բանակցությունները շարունակելու հնարավորության վրա, նաեւ Մոսկվային Վաշինգտոնն ազդակներ է ուղարկում, որ չի ցանկանում բանակցություններին ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկու մասնակցությունը։ Նա Ստամբուլում ղեկավարում էր ռուսական պատվիրակությունը։




