
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում մայիսի 23-ին իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգը և անվտանգությունը։
ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից սկսած։
«Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։
ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:




