ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սփյուռքի բոլոր հայերը պետք է Հայաստանի համար աշխատեն․ Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 101 տարեկան և վստահաբար կշարունակեր հայրենանվեր այն գործը, որն իր կյանքի գլխավոր անելիքներից մեկն էր համարում։ Այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամը, որը ղեկավարում է նրա որդին, շարունակում է Ազնավուրի գործը։ Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի դերը քաղաքական հարցերում զգալի էր Հայաստանի համար, նրա շնորհիվ Ֆրանսիայի նախկին նախագահներ՝ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը ժամանեցին Հայաստան, նրա ներդրումը մեծ էր Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի ընդունման գործում։

«Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք մեր հայրենիքի զարգացմանը», այս խոսքերի, գաղափարի և սկզբունքի հեղինակը աշխարհահռչակ շանսոնյե, 2009-2018թթ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրն է։

«Ամեն ինչ Հայաստանի համար» նշանաբանով և տրամաբանությամբ ապրող Ազնավուրի անկեղծ նվիրումը հայրենիքին ավելին էին, քան դիվանագիտական կրթությունը, նա կարող էր և անում էր ավելին, քան որևէ քաղաքական գործիչ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի համար կարևորագույն խնդիրների լուծման համար։ Հենց դա էլ հիմք էր ընդունվել Շառլ Ազնավուրին 2009 թվականին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան նշանակելու համար։ Միայն նրա կերպարը հաճախ բավական էր այս կամ այն հարցին դրական ընթացք ապահովելու համար։ Ազնավուրին սիրում էին։ Սիրում էին այնքան, որ պատրաստ էին լուծում տալ ցանկացած հարցի՝ նրան գոհացնելու համար։

Երբեմն անլուծելի թվացող խնդիրներն անգամ աշխարհահռչակ երգչի ներկայությամբ լուծվում էին առանց խոսքի։ Նրա կարծիքի հետ հաշվի էին նստում երկրների ղեկավարներ, նրա ներկայությունը ցանկացած միջոցառման համար մեծ հեղինակություն էր։

«Պոլիտիկ, մոլիտիկ չգիտեմ, մեկ բան գիտեմ՝ հայություն և Հայաստան»։

Քաղաքական թեմաներով հայերեն սակավաթիվ հարցազրույցներից մեկում Ազնավուրը հստակ արտահայտվում է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման մասին հարցին․

«Այո, այո։ Տեսնենք, պրեզիդենտը պետք է գա։ Մենք երկու անգամ աշխատել ենք Լևոն Սայանի հետ, որ Շիրակը աշխատի մեզ համար և Սարկոզին աշխատեց։ Լոբբի չունենք, բայց ուժ ունենք, մենք մեր մեջ ուժ ունենք և մենք մարդկանց ճանաչում ենք, շատ լավ ենք ճանաչում։ Լևոն Սայանը Ժակ Շիրակի հետ շատ մոտիկ է, ես Սարկոզիի հետ եմ մոտիկ»։

Ազնավուրն իր ողջ ներուժն ուղղում էր Հայաստանի զարգացմանը, Հայաստանի համար կարևոր խնդիրների լուծմանը։ Նա անում էր ավելին քան շատ քաղաքական գործիչներ։ Հոգատար հոր պես հոգ էր տանում իր հայրենի հողի, յուրաքանչյուր հայի համար։ Նրան բարկացնում էր Հայաստանի նկատմամբ անտարբեր ապրող սփյուռքի հայերի կեցվածքը, անհանգիստ էր՝ ի՞նչ պետք է լինի իրենից հետո․

«Սփյուռքի գործը շատ դժվար է, ձեռքը գրպանը չեն տանում։ Ես չեմ կարող ամբողջ կյանքս աշխատել և դրամ տալ։ Ես կտամ, ամեն տարի կտամ, բայց,  երբ ես մեռնեմ, ո՞վ պիտի շենքները շինե, երեխաների համար դպրոցներ սարքի։ Ես կասեմ, որ հայերը պետք է ամեն ամիս որքան հնարավոր է՝ հինգ դոլար լինի՝ հինգը թող տան, որքան կլինի՝ դա տան։ Բայց  չեն անում, կծծի են, բայց օտարը կանի՞։ Կուտեն-կխմեն, դուռը բաց է․․․ ճիշտ չէ, հայերի համար պետք է աշխատեն, Հայաստանի համար պետք է աշխատեն»։

1924թ. մայիսի 22-ին էր ծնվել, Փարիզում։ Հետագայում արդեն աշխարհահռչակ երգիչ, մոտ հազար երգերի հեղինակ, բազմաթիվ ֆիլմերում նկարահանված դերասան Ազնավուրը երգով, խոսքով, քաղաքական գործունեությամբ, ամեն կերպ փորձում էր իր սիրով վարակել յուրաքանչյուրին՝ միավորվելու հայերի ու Հայաստանի շուրջ՝«Քեզ համար Հայաստան» երգը այդ քայլերից մեկն էր։

1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։

2009թ. մայիսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը: ՀՀ պատվավոր դեսպանն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևների։ Գյումրիում տեղադրված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ Ազնավուրը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Հայաստանի Ազգային Հերոս է: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

Արվեստն ու քաղաքականությունը իրար չեն վնասում, ընդհակառակը օգնում են, կատակում էր դեսպան Ազնավուրը․ «Էդ գործը հեշտ կգա»։

Ազնավուրին թերևս հազվադեպ կարելի էր տեսնել հայերեն խոսելիս։ Հայերենն ընտանիքի համար է՝ ասում էր․ «Հայերենն ընտանեկան լեզուս է, ֆրանսերենն ու անգլերենը՝ աշխատելու։ Մարդիկ զարմանում են, ինչպե՞ս, ասում են՝ դուք հայերեն է՞լ կխոսեք»։

Կարդացեք նաև

Back to top button