ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Թեհրանը «բալանս» է պահում․ Իրանի պաշտպանության նախարարը ԼՂ-ում զորավարժություններից հետո Երևան է այցելել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ից Հայաստանում է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը:

Երկօրյա հանդիպումներից և միջոցառումներից պաշտպանական գերատեսչությունը սահմանափակ տեղեկություններ է փոխանցում։ Վերլուծաբանները, սակայն, մի քանի առանցքային կետի վրա են ուշադրություն դարձրել։

Ռուսաստանի արտգործնախարարի և Իրանի պաշտպանության նախարարի համաժամանակյա այցերը Հայաստան ավելի շատ զուգադիպություն են, քան քողարկված նպատակներ ունեցող համընկնում՝ կարծում են վերլուծաբանները և ուշադրություն հրավիրում այլ հանգամանքի վրա․ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Երևան է ժամանել ԼՂ-ում՝ Հադրութում անցակցված ադրբեջանաիրանական զորավարժություններից անմիջապես հետո։

Իրանագետ Էդվարդ Բերուջանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել է, որ այդ քայլը դիվանագիտական ուղերձներ չի պարունակում։  

«44-օրյա պատերազմից հետո նկատելի է, որ Իրանը փորձում է Հարավային Կովկասում բալանսավորված քաղաքականություն վարել և հենց այս այցը, որը հետևեց Իրան-Ադրբեջան զորավարժություններին, կարծում եմ, որ այն տրամաբանությունն է վկայում, որ Իրանը այնուամենայնիվ, Հարավային Կովկասում փորձում է՝ հետևելով այդ բալանսավորման քաղաքականությանը երկու կողմերի հետ էլ պահպանել նորմալ հարաբերությունները, որպեսզի կարողանա վերահսկելի դարձնել զարգացումները Հարավային Կովկասում»։

Իրանագետները կարծում են, որ Նասիրզադեի այցն ինչ-որ չափով նաև պարզաբանման համար էր։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանը մի կողմից ընդգծում է ԼՂ-ում անցկացված զորավարժություններին Իրանի մասնակցությունը, մյուս կողմից՝ արդեն Երևանում տարածաշրջանային սահմանների կայունության և անփոփոխության մասին արված հայտարարությունները։

«Ադրբեջանը և Իրանը չունեն ռազմավարական շահեր, բայց ունեն տակտիկական շահեր, ու որպեսզի լարվածությունը թուլացնեն տարածաշրջանում, նաև Ադրբեջանի հետ են իրենց հարցերը կարգավորում։ Հատկապես, երբ իրենք շատ շտապում են, շատ կարևորում են ոչ թե Արազի, այլ Արաքսի միջանցքը Իրանով արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին կապելու հարցում։ Կարծում եմ՝ դրանով է նաև պայմանավորված, որ հայ գործընկերներին բացատրեն բանն ինչումն է»։

Մեկուկես ամիս առաջ էլ տեղի ունեցան  հայ-իրանական համատեղ զորավարժություններ, որոնց ընթացքում թեև իրանական և հայկական ստորաբաժանումներից յուրաքանչյուրը գործում էր իր կողմում, բայց վարժանքը համատեղ էր՝ պաշտպանական գործակցությունն ամրապնդելու համար։  

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Իրանի պաշտպանության նախարարը Հայաստանի իր պաշտոնակցի հրավերով է Երևան ժամանել։ Մոտ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մարտին, Իրան էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։

Նա ասել է նաև, որ հայ-իրանական սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է, և Թեհրանն այդ սահմանին թույլ չի տա որևէ ոտնձգություն։

Նախարարները Պաշտպանության նախարարությունում նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Այցից կարելի է ակնկալել նաև հայ-իրանական պաշտպանական օրակարգի ընդլայնում՝ կարծում է Էդվարդ Բերուջանյանը։ Նա համոզված է, որ Իրանը փորձում է տարածաշրջանում ամրապնդել իր դիրքը, որը վերջին շրջանում որոշակիորեն թուլացել է։    

«Կարծում եմ, որ գնալով հայ-իրանական հարաբերությունների բնույթը այնպիսին է դառնում, որ բնական պահանջ է նաև ռազմաքաղաքական համագործակցության զարգացումը, քանի որ գնալով նաև մեծանում է թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական կապերը նաև հանգամանքով պայմանավորված, որ Իրանը դիտարկվում է որպես տարանցիկ երկիր թե՛ ռազմատեխնիկայի և թե՛ տնտեսական ակտիվության համար։ Մի շարք նախագծեր կան, որտեղ Իրանը Հայաստանը դիտարկում է այդ նախագծերի մաս, մենք էլ հետաքրքրություն ենք ցուցաբերում և այս առումով կարծում եմ, որ սա արդեն բնական պահանջ է դառնում, մեր բնական պահանջներից ելնելով Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է գնալով զարգանան, որպեսզի մենք մեր խնդիրները լուծենք»։

Հայ-իրանական պաշտպանական օրակարգն ընդլայնելու անհրաժեշտության մասին խոսում է նաև իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

«Աշխարհում միակ երկիրը, որ Հայաստանի հետ ընդհանուր ռազմավարական շահեր ունի Իրանն է։ Դրա համար նույնիսկ անհրաժեշտ է, որ ռազմական համագործակցությունը ընդլայնվի, որովհետև մեզ համար առաջինը մեր շահերն են, ոչ թե՝ ինչ արձագանք Ռուսաստանը կունենա, Արևմուտքում ինչ արձագանք կունենա, Թուրքիան։ Դա մեզ չպետք է անհանգստացնի, որովհետև նրանք երբեք չեն մտածում՝ Հայաստանը ինչպես կարձագանքի։ Դրա համար, եթե հարաբերությունները ընդարձակվի, մեր շահերից է բխում ու դա ճիշտ է»։

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները երևանյան հանդիպման ժամանակ բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկել են նաև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button