ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

Ով ու որքան գումարի դիմաց է սեղմել Ադրբեջանի «կոռուպցիոն ձեռքը»․ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում հունվարի 16-ից ընթացող դատական խիտ լսումները հենց այս հարցերի պատասխանն են փորձում վերջնականացնել։ Դատարանի առջև ԵԽԽՎ-ում Գերմանիան ներկայացրած 2 պատգամավոր է և ոչ միայն։ «Ռադիոլուրին» հայտնի են դարձել Ադրբեջանի կողմից նրանց կաշառելու հանցավոր սխեմային առնչվող ուշագրավ մանրամասներ ու գործով անցնողների նոր անուններ։

ԵԽԽՎ-ում Գերմանիան ներկայացրած պատգամավորներ՝ «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն» կուսակցության անդամներ Էդուարդ Լինթների և Ակսել Ֆիշերի անունները միջազգային առաջատար շատ լրատվամիջոցների առաջին էջերում են տեղ գտել՝ Euronews, BBC, Politico Europe, New York Times, Spiegel․ The Guardian-ն, օրինակ, գրել է․  

«Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ մեղադրվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական շահերի լոբբինգի դիմաց 819,500 եվրո կաշառք ստանալու մեջ։ Գումարները փոխանցվել են «Ադրբեջանական լվացքատուն» (Azerbaijani laundromat) կոչվող կեղծ ընկերության միջոցով: Դատարանը փորձում է պարզել ԵԽԽՎ-ում ադրբեջանական կոռուպցիոն ցանցին այլ անձանց ներգրավվածությունը ևս»։

«Ռադիոլուրին» հայտնի է դարձել, որ այլ անձանց ներգրավվածությունը ևս հաստատվել է։ Մարկուս Լինթներ՝ գերմանացի պատգամավոր Էդուարդ Լինթների որդին՝ իրավաբան։ Էլլադա Մ՝ ծնված Թբիլիսիում՝ Վրաստան․ ազգային պատկանելությունն ու ազգանունն ամբողջությամբ չեն նշվում։ Կուրտ Յոզեֆ Ս․՝ ծնված Աշաֆենբուրգում՝ Գերմանիա։ Անձնական տվյալներ չեն հաղորդվում։

Մյունխենի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր և քրեական գործերի մամլո ծառայության ղեկավար դոկտոր Լորան Լաֆլյորը Հանրային ռադիոյին ուշագրավ տվյալներ է հաղորդել։

«2025 թվականի հունվարի 16-ին մեկնարկած դատավարության շրջանակում մինչ այժմ արդեն անցկացվել է 16 հիմնական նիստ։ Այս ընթացքում 13 դատական նիստ չեղարկվել է՝ գործով ներգրավված անձանց հիվանդության պատճառով»։

Գանք հերթով։ Դեռ օրեր առաջ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում «խավիարային դիվանագիտության» գործով դատական լսումները խիտ գրաֆիկով սահմանված էին մինչև օգոստոս։ Նոր ժամանակացույցով դրանք ավելացվել են մինչև տարեվերջ։ Այսքանով հանդերձ՝ մինչև օրս դեռ հստակ չէ դատավճռի հրապարակման օրը։

 «Ռադիոլուրին» տրամադրվել է Մյունխենի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացությունը, որում բացառիկ մանրամասներ կան խավիարային գործարքների հանգամանքների, որպես կաշառք ստացված գումարների չափերի, կոռուպցիոն սխեմաների մասին։ Մեղադրական եզրակացության մեջ հստակ ձևակերպված է, որ 2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանը շարունակ փորձել է ԵԽԽՎ-ում կամ դրա հանձնաժողովներում իր շահերն առաջ տանել՝ քվեարկությունների վրա ազդելով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով և պահանջելով, որ նրանք հօգուտ Բաքվի որոշում կայացնեն և ցանկալի խմբագրումը մտցնեն ընդունվող բանաձևերում։

«Պայմանագրերից միայն մեկով 2008-ից 2014 թվականներին Ադրբեջանից արտասահմանյան փոստային 11 ընկերությունների միջոցով ստացվել է ընդհանուր առմամբ 3.4 միլիոն եվրո։ Փոխկապակցված անձինք գումարը ստացել են օտարերկրյա ընկերություններին ենթադրաբար մատուցած ծառայությունների դիմաց՝ հետագայում այն վերաբաշխելով տարբեր մարդկանց միջև»։

Մյունխենի գլխավոր դատախազության մեղադրական փաստաթղթում առանձնակի կերպով հիշատակված է Հայաստանը։ Մեջբերում․

«Մեղադրյալ Ֆ.-ն դեռ 2011-ից ակտիվ գործունեություն է ծավալել ԵԽԽՎ-ում։ 2011 -2018թ․թ․ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլխան Ս.-ի և Մուսլում Մ.-ի հետ պայմանավորվածությամբ և նրանց պահանջով պատգամավորը գործել է Ադրբեջանի շահերից ելնելով՝ լինի դա ելույթների, գաղտնի փաստաթղթերի վաղաժամկետ փոխանցման, թե քվեարկության տեսքով։

Մեղադրյալ Ֆ.-ն 2011-2014 թվականներին Էյխան Ս.-ից և Մուսլում Մ.-ից մի քանի փուլով կանխիկ վճարումներ է ստացել՝ ընդհանուր առմամբ 58 հազար եվրո։

2014-ի սեպտեմբերից մեղադրյալ Ֆ.-ն շարունակել է իր ստվերային գործակցությունը Էլխան Ս.-ի և Մուսլում Մ.-ի հետ։ Նոր համաձայնությամբ ստացել է 26 000 եվրո։ Ընդ որում՝ տարբեր մասնաբաժիններով՝ մի դեպքում 800, մեկ այլ դեպքում՝ 20 հազար եվրո»։

Գերմանիայի պետական մեղադրողը փաստեր ունի, որ Ադրբեջանից ստացված հրահանգներով մեղադրյալ Ֆ.-ն ԵԽԽՎ-ում իրականացրել է առնվազն հետևյալ գործողությունները.

2015 թվականի հունվարին մեղադրյալը հանգուցյալ Կարին Շ.-ին առաջադրել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամ, որպեսզի վերջինս կարողանա այնտեղ հանդես գալ Ադրբեջանի անունից։

2015 թվականի օգոստոսի 19-ին մեղադրյալ Ֆ.-ն, որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, «Հայաստանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» վերնագրով գաղտնի զեկույցի առաջին նախագիծն էլեկտրոնային փոստով ուղարկել է Մուսլում Մ.-ին՝ հնարավորություն տալու նրան և Էյխան Ս.-ին՝ ազդելու այս զեկույցի վրա։

Արդեն 2016-ի հունվարի 26-ին մեղադրյալ Ֆ.-ն ԵԽԽՎ նիստում քվեարկում է ի շահ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևի օգտին:

Ի դեպ, հակառակ համաձայնության, նա չի մասնակցել սահմանամերձ շրջանների ջրամատակարարման վերաբերյալ քվեարկությանը․ դրանով առաջ էր մղվում Բաքվի պնդումը, թե Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները զրկված են ջրից:

Կաշառք, հավաքագրում

Մյունխենում ընթացող դատավարությունը Բաքվի «խավիարային դիվանագիտության և նավթային մանիպուլյացիաների» շղթայի օղակներից է, որը շարունակում է բացահայտվել:

ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի բացահայտումը երկար ժամանակ է եվրոպական օրակարգում, անգամ դրա հիմքով գեղարվեստական ​​ֆիլմ է նկարահանվել։

Գործով ի սկզբանե անցնում էր նաև Կարին Շտրենցը։ Գերմանացի քրիստոնյա-դեմոկրատ պատգամավորը, սակայն, 2021-ին անսպասելիորեն մահացավ ինքնաթիռում։ Մահից երկու ամիս առաջ Բունդեսթագը զրկել էր նրան անձեռնմխելիությունից՝ ապացուցված կաշառակերության համար․նա տարբեր փուլերով ստացված շուրջ 149.000 € -ի դիմաց ԵԽԽՎ-ում Բաքվի լոբբինգն էր արել։ Շտրենցն այդ ընթացքում նաև Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի հանձնաժողովի անդամ էր: Հենց նա էր ԵԽԽՎ-ում դեմ քվեարկել Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։

Շտրենցի գործը քննելիս քննիչները կանգ առան ԵԽԽՎ անդամ Էդուարդ Լինթների անվան վրա։ Փաստերը «խոսեցին»․ հայր և որդի Լինթներներիի գրպանը միայն 2014-2016 թ․թ․ «ծանրացել է» 591.000 € ով։ Ադրբեջանից այսպիսով խնդիր է դրվել հավաքագրել այլ գերմանացի պատգամավորների ևս։ Նրանցից մեկն էլ Ֆիշերն էր, ով ևս այժմ դատարանի առջև է։ Առողջական հարցերի պատճառով նրա գործը քննվում է այժմ առանձին։

Տարիներ ձգվող հետաքննությունը բարդանում է, քանի որ գումարի փոխանցման սխեմաները խճճված են ու տարածված տարբեր երկրներով․ Մամուլի տվյալներ․

«Մյունխենի դատախազությունը հետաքննությանն աջակցելու հարցում է ուղարկել 15 երկիր՝ Կիպրոս, Շվեյցարիա, Թուրքիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Ադրբեջան և այլ։ Հետաքննության տվյալներով՝ մինչև 2016 թվականը Լինթները միլիոնավոր դոլարներ է ստացել արտասահմանյան 19 փոստարկղային ընկերությունների» միջոցով»։

Դիվանագիտությունը՝ չափած կիլոգրամով։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվությունների նախագծի (OCCRP) դեռ 2017-ի զեկույցում տվյալներ կային, որ Ադրբեջանի իշխանությունները կիրառել են «սև դրամարկղ»՝ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ ապրանքներ գնելու և փող լվանալու համար։

Նույն թվականից Եվրախորհուրդը սկսեց հետաքննել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ անդամներին կաշառելու գործերը։ Մեկ տարի անց այն եզրակացրեց՝ ԵԽԽՎ մի շարք անդամներ ևս կաշառք են ստացել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները մեղմ քննադատեն։

Օրինակ՝ 2016-ի հունիսին Միլանի դատախազությունը բացահայտեց «խավիարային դիվանագիտության» մեկ այլ դեպք՝ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանք առաջադրելով իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին։ Նա ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավարն էր։ Համաձայն դատախազության մեղադրանքի՝ Ադրբեջանի պաշտոնյաներին աջակցելու համար Վոլոնտեն 2.39 միլիոն դոլար էր ստացել։ Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։

«Եվրոպայի խիղճը» համարվող Եվրոպայի խորհրդին Ադրբեջանն անդամակցել է 2001թ.-ին։ Մեկ տարի առաջ ԵԽԽՎ անդամները հրաժարվեցին վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը, քանի որ երկիրը չկատարեց Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները։

Բաքվի «խավիարային դիվանագիտության» հիմքում թանկարժեք խավիարն է, որի կիլոգրամն արժե շուրջ 1300 եվրո։ Միջազգային մամուլում բազմաթիվ են այս թեմայով հրապարակումներն ու սուր ձևակերպումները։ Օրինակ՝ , «Ալիևի պատգամավորներին ցույց տվեցին դուռը. ԵԽԽՎ պատմական բանավեճ», «Ամենատարօրինակ սիրավեպը՝ ավտոկրատներ և խորհրդարանականներ, Բեռլինից մինչև Ստրասբուրգ», «Եվրոպական ճահիճ. կոռուպցիա և մարդու իրավունքներ»։

Մյունխենի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր և քրեական գործերի մամլո ծառայության ղեկավար դոկտոր Լորան Լաֆլյորը Հանրային ռադիոյին պաշտոնապես տեղեկացրել է․

«Այս գործով անցնող մեղադրյալներին առաջադրված հիմնական մեղադրանքները վերաբերում են կաշառք վերցնելու ու հարկերը միտումնավոր պակաս վճարելու կամ թաքցնելու բազմակի դեպքերի։ 2՝ ընտրված պաշտոնյաներին կաշառք տալուն օժանդակելու և դրդելու, մեկ դեպքում՝ դրան օժանդակելու հիմքով։ Արձանագրվել է, որ կաշառքը վերցվել է սեփական լիազորությունները կատարելիս ուրիշի անունից կամ նրա հանձնարարությամբ գործողություն կատարելու կամ կատարելուց խուսափելու դիմաց»։

Ընտրված պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելը, գերմանական օրենքով, պատժվում է 1-10 տարի ազատազրկմամբ։ Իսկ հարկերից խուսափելու դեպքում նախատեսվում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում։
Մեղադրյալները հերքում են իրենց մեղքը։
Այս ընթացքում Բաքուն վերանայե՞լ է իր գործելաոճը։ Հարցը կիսահռետորական է։

Կարդացեք նաև

Back to top button