
Հայոց ցեղասպանությանը զուգահեռ տեղի էին ունենում Պոնտոսի հույների ջարդերը։ Ըստ տարբեր աղբյուրների` հույների ցեղասպանությունը սկսվել է 1916-ից: Բայց Թուրքիայի հակահունական քաղաքականությունը գագաթնակետին է հասնում 1919 թ. մայիսի 19-ին, երբ Մուստաֆա Քեմալը մեկնում է Պոնտոս։ Հենց այդ ամսաթիվն էլ պաշտոնապես համարվում է Պոնտոսի հույների ցեղասպանության օր։ Ծիծեռնակաբերդում այսօր հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայաստանում բնակվող հույներն ամեն տարի՝ այս օրն այցելում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանությանը զուգահեռ տեղի էին Թուրքիայի ոչ մահմեդական այլ ժողովուրդների ջարդերը: Որպես հայ ժողովրդի զանգվածային տեղահանության ու կոտորածի ականատես՝ պոնտացի հույները սկսում են առաջին պարտիզանական խմբերը կազմել և դիմել ինքնապաշտպանության: Թուրքական կառավարության հակաքրիստոնեական արշավը շարունակվում է հետագա տարիներին ևս: Ըստ տարբեր աղբյուրների՝ Պոնտոսում սպանվել է 300-350 հազար հույն, սակավաթիվ փրկվածներն էլ ապաստան են գտել Հունաստանում և այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանով․
«Պոնտոսի հույների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ամբողջության մի մասն է։ Այն առանձին ցեղասպանություն չէ, ինչպես առանձին չեն հայերինն ու ասորիներինը։ Սկզբում սուլթանական, այնուհետև երիտթուրքերը, իսկ արդեն 19 թվականից հետո քեմալականները ծրագրել էին և իրականացնում էին Օսմանյան Թուրքիայում բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հույների, հայերի և ասորիների ցեղասպանություն։ Եվ այն, որ Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր, փաստում էր հենց ոճրագործը՝ Էնվեր փաշան, որը 15 թվականին նշեց, որ ինքը հույների խնդիրը կլուծի նույն կերպ, ինչպես հայերինը՝ բռնի տեղահանելով ու ցեղասպանելով»։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օսմանաթուրքական, քեմալիստական, հակաքրիստոնեական քաղաքականության տրամաբանական շարունակություն՝ ասում է Շարմազանովը։
«Ես՝ որպես հույն և հայ ժողովուրդների ծնունդ, ինչպես Ապրիլի 24–ին, այնպես էլ Մայիսի 19–ին ոչ միայն ոգեկոչում եմ մեր նահատակների հիշատակը, այլև գալիս եմ՝ այստեղից արձանագրելու, որ ցեղասպանությունից հետո, խաչելությունից հետո վերածնունդ է լինում, հարություն է լինում։ Եվ հարություն լինելու է՝ և՛ Պոնտոսի հարություն, և՛ Արցախի հարություն»։

Մասնագետները նշում են, որ Թուրքիայի գործողությունները հույների դեմ նույնպես, ինչպես հայերի դեպքում, միջազգային արձագանք չեն ստացել: 1994 թ. Հունաստանի խորհրդարանը մայիսի 19-ը հռչակել է Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր։ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը 1996 թ. ապրիլի 25-ին մտել է Հունաստանի խորհրդարանի օրակարգ՝ Ապրիլի 24-ը Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանության հիշատակի օր սահմանելու ձևակերպմամբ: Քննարկումների ժամանակ նշվել է, որ Հայոց ցեղասպանությունը առաջինն է եղել այն գործողություններից, որոնք կատարվում էին պանթուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարախոսության շրջանակներում: Պոնտոսի հելլենական տարրի ոչնչացմանը հետևում է Կոնստանդնուպոլսի (այժմ՝ Ստամբուլ), Իմբրոսի, Տենդոսի հույների բնաջնջումը, այնուհետև՝ ներխուժումը Կիպրոս։
Հայաստանի հունական համայնքի ղեկավար Մարիա Լազարևայի խոսքով՝ Թուրքիայի վարած քաղաքականությունն այդ երկրի ողջ քրիստոնյա հասարակության խաչելությունն էր։ Նա համոզված է, որ այդ ամենին հաջորդելու է հարությունը։
«Մենք դրան պետք է օգնենք հիշելով և երբեք չժխտելով։ Սա ամբողջ աշխարհում սփռված հույների համար կարևոր օր է՝ վշտի և վրեժխնդրության օր է»։
Արդեն 5 տարի է՝ այս օրը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը պոնտացի հույների ցեղասպանությանը նվիրված միջոցառում է կազմակերպում։ Այս տարի այն անցկացվում է հետևյալ խորագրով՝ «Վերապրումից հիշողության փոխանցում. Հունաց ցեղասպանությունը և սերունդների առաքելությունը»։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանն ընդգծում է՝ հայերը, հույները և ասորիները բախտակից ժողովուրդներ են, նրանց ճակատագրերը խաչվում են։ Աղբյուրներում, ըստ մասնագետի, հանդիպում են հայերի, հույների ու ասորիների մասին գրեթե նույնական տեղեկություններ։
«Շատ դեպքերում անհնար է տարանջատել մի երևույթը մյուսից։ Բայց, այնուամենայնիվ, ամեն ցեղասպանություն ունեցել է իր առանձնահատկությունը»։
Հայաստանի Հանրապետությունը Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչել է 2015 թ․ մարտի 24-ին։




