ԿարևորՄիջազգային

Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապի ձեռնադրումը․ մասնակցում է ավելի քան 150 պատվիրակություն

Մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում տեղի է ունենում Հռոմի պապ Լևոն XIV-ի պապական առաքելության պաշտոնական մեկնարկը՝ հատուկ պատարագով, որին մասնակցում է ավելի քան 150 պատվիրակություն աշխարհի տարբեր երկրներից։

Հայաստանը ներկայացրել է նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը։

Արարողությանը ներկա է եղել նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակները՝ Սուրբ Էջմիածնից, Կիլիկիո Կաթողիկոսությունից, ԱՄՆ արևմտյան և արևելյան թեմերից, և Երուսաղեմի պատրիարքությունից։

Պատարագից մեկ ժամ առաջ Պապը բացօթյա «պապամոբիլով» ողջունել է հրապարակում հավաքված շուրջ 150,000 հավատացյալներին։ Այնուհետև նա աղոթք է հնչեցրել Սուրբ Պետրոսի դամբանի մոտ՝ Արեւելյան կաթոլիկ եկեղեցիների պատրիարքների ուղեկցությամբ։

Պատարագի ընթացքում Լևոն XIV-ին են հանձնվել պապական իշխանության խորհրդանիշերը՝ պալիումը և ձկնորսի մատանին։ Պալիումը խորհրդանշում է Քրիստոսի խաչի կրումը, իսկ մատանին՝ Սուրբ Պետրոսի առաքելական դերակատարությունը։

Արարողության ավարտին տեղի է ունեցել հնազանդության արարողություն՝ կարդինալների, հոգևորականների, վանականների, հավատացյալ զույգի և երիտասարդների մասնակցությամբ՝ ի նշան նոր քահանայապետի ընդունման ու աջակցման։

Հռոմի պապ Լևոն XIV-ն ընտրվել է կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդ այս ամսվա սկզբին՝ իր նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի մահից և Վատիկանում երկօրյա կոնկլավից հետո։

Նոր պապն իր առաջին պատարագը մատուցել է Սիքստինյան մատուռում մայիսի 9-ին՝ Կոնկլավի կողմից ընտրվելուց կարճ ժամանակ անց։
Նա պատարագն օգտագործել է կաթոլիկ եկեղեցուն կոչ անելով պայքարել հավատքի պակասի դեմ, իր կարդինալներից էլ՝ եկեղեցու միասնության կոչ անելով։

Լևոն XIV-ը 267-րդ պապն է, առաջինն է ԱՄՆ-ից։

Կարդացեք նաև

Back to top button