
Ալբանիայի մայրաքաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի 6–րդ գագաթնաժողովից հետո փորձագետները փորձում են վերլուծել արդյունքները։ Ի թիվս բարձրաստիճան պաշտոնյաների հետ տասնյակ հանդիպումների՝ վարչապետ Փաշինյանը ոչ պաշտոնական զրույցներ ունեցավ նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։ Դրան զուգահեռ՝ քաղաքական մեսիջ հնչեց նաև պաշտոնական Փարիզից․Տիրանայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատեց, որ հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս ընթացքում Հայաստան այցելելու իրենց մտադրությունն են հաստատել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ Իսկ պաշտոնական հաղորդագրությունները շատ մանրամասներ չեն պարունակում, առավել խոսուն են Տիրանա այցելած բարձրաստիճան պաշտոնյաների սոցցանցային գրառումները։
Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովից հետո Հայաստանի արտգործնախարարը X-ի միկրոբոլոգում արված գրառմամբ նկատել է, որ անվտանգության հարցերում եվրոպական քաղաքական համայնքի ու ՀՀ-ի ըմբռնումները ներդաշնակ են։ Արարատ Միրզոյանը գրել է, մեջբերում․
«Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»։
Միջազգային գործընկերների հետ Հայաստանի վարչապետի տասնյակ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունները շատ մանրամասներ չեն պարունակում։ Վերլուծաբանների դիտարկումների հիմքում դեռ միայն հրապարակված կարճատև տեսանյութեր են, իսկ ամենաուշագրավը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման կադրերը։ Ընդ որում՝ Ադրբեջանը գագաթնաժողովին մասնակցեց 3 տարվա ընդմիջումից հետո։ Տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը քաղաքական տրամադրությունների փոփոխությունը կապում է վերջին 2 շաբաթվա զարգացումների հետ։
«Այսինքն՝ այն ձևաչափը, որի մասին գոնե ընթացիկ տարվա փետրվարից խոսվում էր՝ ԱՄՆ–Իսրայել–Ադրբեջան ձևաչափը, և որը որոշակի առումով տարածաշրջանում աշխարհաքաղաքական «հավասարում» պետք է փոխեր, փաստացի այս պահին ակնհայտորեն փակուղում է՝ պայմանավորված ԱՄՆ-Իսրայել հարաբերություններով։ Ադրբեջանական կողմն ամենաբարձր մակարդակով խուսափում էր Հայաստանի հետ բանակցություններից այն պատճառով, որ իրենց ծրագրերն այլ էին։ Բայց վերջին գոնե երկու շաբաթվա ընթացքում ակնհայտ է, որ «բանաձևեր» են փոխվել տարածաշրջանում»։

Փաշինյան-Ալիև կարճատև, ոչ պաշտոնական հանդիպման հնարավոր արդյունքն այս պահին կարող է լինել սահմանային լարվածության թուլացումը, ինչն Ադրբեջանը փորձում էր պահպանել վերջին շրջանում։ Ավելին վերլուծաբանները չեն ակնկալում, քանի որ կարծում են՝ Ադրբեջանը փաստաթղթի ստորագրման դեռ պատրաստ չէ։ Փաստացի, բոլորը դեռ սպասում են փոփոխությունների՝ ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը․
«Ընդհանուր առմամբ, որևէ նորություն չկա․ վերջին 1.5–2 տարին պարբերաբար նույն կրկնվող սցենարն է, և անընդհատ նույն բանի մասին ենք խոսում։ Աշխարհը փոփոխվում է, և բոլորը սպասում են, թե Ուկրաինայում ինչ կլինի, Իրան-ԱՄՆ ինչ պայմանավորվածություն կլինի։ Իրանի և ԱՄՆ-ի միջև կարծես դրական տեղաշարժ կա, արդյունքում նաև մեր տարածաշրջանում կարող է դասավորություն փոխվել։ Բոլորն ակնհայտորեն սպասողական վիճակում են»։
Այս իրավիճակում վերլուծաբաններն ակնկալում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում նորից վճռական ակտիվություն կցուցաբերեն ԵՄ-ն և ԱՄՆ-ն։ Արևմուտքի ակտիվացման պատրաստակամության մասին խոսում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը։ Իր վերջին հարցազրույցում նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ կարծիք հայտնելով, որ «կողմերը շատ-շատ մոտ են հակամարտության վերջնական կարգավորմանը»։
Մինչդեռ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ՝ Բաքվից հնչեց նոր նախապայման՝ այս անգամ Հայաստանի զինանշանի մասով։ Փորձագետները սա ևս համարում են ակնհայտ նշան, որ Բաքուն ցանկանում է ձգձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Հայաստանի Սահմանադրությունը փոխելը, ԵԱՀԿ ՄԽ լուծարումը և այլ նախապայմանները փորձագետներն անվանում են Բաքվի «միջանկյալ պահանջներ»։
Ի դեպ, գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը եվրոպացի պաշտոնյաներից նաև շնորհավորանքներ են ստացել խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու առիթով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն X–ի միկրոբլոգում գրառում է արել Փաշինյանի և Ալիևի հետ իր և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հանդիպումների մասին։ Լայենի գրառումը նաև որոշ փակագծեր է բացում ԵՄ մտադրությունների մասին․ եվրոպացի պաշտոնյան շեշտել է, որ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրմանը և, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ անել տարածաշրջանային հաղորդակցությունների ոլորտում: Իսկ սա նշանակում է, որ հաղորդուղիների հարցը ԵՄ համար այժմ առաջնայիններից է Միջին միջանցքի կառուցման համատեքստում։




