ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ուղեղն ու իր խնդիրները․ 20 երկրի գիտնականներ՝ Հայաստանի «Նեյրոգիտության շաբաթ․ 2025»-ի մասնակից

Ամենափխրուն ու ամենաբարդ, ամենաօգտագործվող ու ամենաառեղծվածային համակարգը՝ մարդու ուղեղն ուսումնասիրող գիտնականներն աշխարհի 20 երկրներից եկել են Հայաստան՝ «Նեյրոգիտության շաբաթ 2025»-ին մասնակցելու։ Գիտաժողովը, որն արդեն երրորդ անգամ է անցկացվում, փորձում է պատասխանել ուղեղին առնչվող մի շարք հարցերի, օրինակ՝ ինչպե՞ս է սթրեսը ազդում մարդու վարքագծի և առողջության վրա, ի՞նչ մեխանիզմներ պետք է մշակվեն սթրեսների ազդեցությունը մեղմելու համար։ Բժշկական գիտությունների թեկնածու, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր և «Քոբրեյն» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի գլխավոր գիտաշխատող Կոնստանտին Ենկոյանն է մանրամասնում․

«Օրինակ՝ քիչ առաջ զեկուցում էին, թե ինչ դեր ունի սերոտոնինը դեմենցիայի՝  թուլամտության դեպքում: Սերոտոնինին առաջ որպես երջանկության հորմոնի ենք վերաբերվել։ Հիմա, քանի որ նույնիսկ այսօրվա նոր հակամարմնի հենքի վրա կառուցված դեղամիջոցները բուժում են դեմենցիաների ընդամենը 1%-ը, պատկերացրեք՝ 99 %-ը այդպես էլ մնում է անբուժելի․ նոր ճանապարհներ ենք փնտրում։ Այսօր լրիվ նոր ուղղություն է՝ արդյոք սերոտոնինով միջնորդված կարող ենք դեմենցիայի վրա ազդել, թե ոչ։ Քիչ հետո խոսելու ենք այն մասին, թե կովիդը ի՞նչ հնարավոր նեյրոխանգարումներ բերեց»։

Կենսաբանական գիտությունների դոկտոր, Միջազգային վարքաբանական գիտությունների ընկերության նախագահ, Չինական Շիան Ջիատոնգ-Լիվերպուլ համալսարանի պրոֆեսոր Ալլան Կալուևը լրջորեն նպաստել է գիտաժողովի կազմակերպմանն ու գիտնականների՝ ավելի արդյունավետ աշխատանքին։ Նա վստահ է, որ ուղեղի մասին բոլոր հարցերին վերջնական պատասխաններ չեն գտնվելու, բայց հավատում է, որ հնարավոր է գտնել որոշ հիվանդություններ կանխելու տարբերակները․

«Ուղեղն ամենաբարդն ու ամենահիասքանչն է, որ ստեղծվել է էվոլուցիայի ընթացքում։ Ուղեղից բարդ ոչինչ չկա։ Այն ուսումնասիրելու մեջ կա յուրահատուկ մոգականություն, յուրահատուկ ռոմանտիկա։ Հենց դրանով էլ մենք զբաղվում ենք։ Ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես պաշտպանել ուղեղը վնասվածքներից, ծերանալուց, այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք  են նեյրոդեգեներացիան, ալցհեյմերը, պարկինսոնը։ Ուղեղը փխրուն է, այն պետք է պաշտպանել։ Բայց մենք իմանում ենք հիվանդությունների առաջին ախտանշանների մասին դրա առաջացումից շատ ժամանակ անց։ Գիտությունը  հենց դա է փորձում պարզել․ ինչպե՞ս կանխատեսել, բացահայտել, օրինակ, ալցհեյմերի տրամադրվածության առկայությունը։ Բոլոր այդ թեմաներն այստեղ կքննարկվեն»։

Այսպես, մի շարք գիտնականներ ու գիտական կենտրոններ գիտաժողովի ընթացքում ներկայացնելու և գործընկերների հետ քննարկելու են իրենց հետազոտությունները։ Ուղեղի հիմնարար հետազոտությունների «Քոբրեյն» գիտակրթական կենտրոնը,  օրինակ, 4 գիտական աշխատանք է ներկայացնելու՝ ասում է դրանցից երկուսի համահեղինակ, ԵՊԲՀ կենսաքիմիայի դասախոս Կատարինե Ֆերեշետյանը։ Առաջինը, օրինակ, առնչվում է աուտիզմի առաջացման ռիսկերին․ էպիլեպսիա ունեցող մայրերը ստիպված են լինում հղիության ընթացքում երեխայի համար մի շարք, այդ թվում՝ աուտիզմի առաջացման ռիսկեր պարունակող դեղամիջոցներ օգտագործել։

«Մենք այդ դեղամիջոցով խթանվող աուտիզմի մոդելն ենք ուսումնասիրում։  Ուսումնասիրության առաջնային նպատակներից մեկն է, որ ոչ միայն հասկանանք պաթոգենեզը, այսինքն՝ ի՞նչ մեխանիզմով է դեղամիջոցը վնասում, և ինչո՞ւ են առաջանում նման հետևանքներ, այլ նաև փորձենք հասկանալ ժամանակակախյալ փոփոխությունները։ Այսինքն՝ հնարավո՞ր է արդյոք հղիության ընթացքում տրիմեստրերը հետաձգելով՝ ավելի ուշ կամ միգուցե ավելի շուտ օգտագործելով նվազեցնել աուտիզմի զարգացման ռիսկը։ Իսկ 2-րդ հետազոտությունը ունի թերապևտիկ՝ բուժման նպատակ․ բուժումը կարող է լինել դեղորայքային, վիրահատական և կենսաբանական՝ բջջային։  Սա այն տարբերակն է, երբ որ փորձել ենք օգտագործել մեր օրգանիզմի սեփական ռեսուրսը, այսինքն՝ մի բջիջ կարողանա օգնել հարևան բջջի խնդիրները լուծելուն, հետևաբար օգտագործվել է ոսկրածուծից սերմացող բջիջը՝ որպես ուղեղի բջջի մահվան գործընթացում բուժող գործոն»։

Կլինիկական փորձարկումներն ընթացքի մեջ են․ արդյունքին և դրա կիրառման հավանականությանը դեռ սպասել է պետք։

Ուղեղի հիվանդությունների շուրջ 90 տոկոսն այս պահին անբուժելի է՝ ասում է Կոնստանտին Ենկոյանը՝ խոստովանելով, որ դրանք հետազոտելը գիտնականի համար բարդ, բայց խիստ գրավիչ է։

Այդ հիվանդությունները հետազոտող գիտնականները իրենց փորձն ու դեռ չհաստատված, բայց ուշադրության արժանի ենթադրությունները փոխանակել են գործընկերների հետ՝ Նեյրոգիտության շաբաթվա բոլոր 4 օրերին։ 

Կարդացեք նաև

Back to top button