
Վերջին օրերին դպրոցները հանրային ավելի մեծ ուշադրության կենտրոնում են, քան սովորաբար։ Նախ՝ ուսուցչի դեմ բողոքի ակցիա Մերձավանի դպրոցում, ապա թմրանյութերի օգտագործման մտահոգիչ դեպք՝ Մխչյանի դպրոցում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկու միջադեպերին։ Դպրոցում թմրանյութ օգտագործելու դեպքը նախարարը սարսափելի է որակել և հույս հայտնել, որ քննությունը կպատասխանի բոլոր հարցերին։ Իսկ Մերձավանի դպրոցի առնչությամբ նախարարը վստահեցրել է, որ ուսումնական նոր տարում դպրոցը կգործի բոլորովին այլ միջավայրում։
«Սարսափելի է, բառեր չունեմ»,- որակումը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանինն է։ Նախարարի գնահատականը վերաբերում է Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցածին։
«Նմանատիպ իրավիճակն անթույլատրելի է, այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է, պետք է մանրամասն հասկանալ, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ, որ օղակն է իր տեղում եղել, ճիշտ արձագանքել և այլն»,-ասում է Ժաննա Անդրեասյանը։
Մխչյանի դպրոցում թմրանյութերի օգտագործման դեպք է արձանագրվել։ Գյուղի բնակիչները պատմել են, որ բարձր դասարանցի մի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և նրանց ստիպողաբար թմրանյութ տվել։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ դրանից հետո երեխաները սկսել են տնից գումար վերցնել՝ նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
«Եթե դպրոցն այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Սա իմ միանշանակ դիրքորոշումն է, որը ես չեմ պատրաստվում քննարկել» ,-ասում է Ժաննա Անդրեասյանը։
Մխչյանի դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
«Այժմ քննություն է գնում։ Հույս ունենք՝ քննության ավարտից հետո մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները»,-ասաց Անդրեասյանը։
Նախարարը չի հերքում, որ դպրոցներում անվտանգության չափորոշիչների ապահովման խնդիր կա։ Ըստ Անդրեասյանի՝ խոսքը ոչ միայն թմրանյութերի, այլև կողմնակի ազդեցություններով տարբեր միջադեպերի մասին է։ Դպրոցներում ելումուտը վերահսկելու համար որոշվել է անցակետեր տեղադրել։
«Հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիքի երեխաներն են, մենք ունենք ավելի լուրջ ռիսկեր»։
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության դեպքերը կանխելու քայլերին անդրադառնալով ՝ նախարարը նշել է, որ քննարկվում է թեստավորման մեխանիզմ ներդնելու հարցը։
«Ուզում ենք հասկանալ՝ ինչ եղանակով դա կարող է իրականացվել՝ հաշվի առնելով անձնական տվյալների հետ կապված հարցերը։ Հասկանում եք, որ սա բավականին զգայուն ու նուրբ թեմա է, բայց մյուս կողմից մեր երեխաների առողջության ու անվտանգության առնչվող շատ կարևոր հարց է։ Առաջիկայում մենք ընդունելի տարբերակը կգտնենք» ։
Նախարարն անդրադառնում է նաև վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնված մեկ այլ դպրոցի։ Օրերս Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։ Վերջինս, ըստ նրանց, ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում։ Պատմության ուսուցչուհին էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները կազմակերպված պայքարում են իր դեմ՝ ցանկանալով ազատվել իրենից: Նախարար Ժաննա Անդրեասյանը կրկնում է ավելի վաղ արված հայտարարությունը՝ դպրոցը հատուկ մշտադիտարկման տակ է:
«Մարզպետի հետ քննարկում ենք ժամանակավոր պաշտոնակատարի հարցը, որովհետև ակնհայտ է, որ այստեղ պետք է ունենանք բավարար փորձառու և հմտություն ունեցող անձ, որը կկարողանա տեղում ճիշտ որոշումներ կայացնել»։
Նախարարը կարծում է, որ առաջիկա ամառային արձակուրդները բավարար ժամանակ են՝ խնդիրները վերլուծելու և ճիշտ հասցեագրելու համար: Վստահեցնում է՝ նոր ուսումնական տարին Մերձավանի դպրոցը կսկսի ավելի առողջ միջավայրում:




