ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ուկրաինական խնդիրը կլուծվի, երբ հանդիպեն Թրամփն ու Պուտինը․ փորձագիտական ու պաշտոնական գնահատականները շատ չեն տարբերվում

Ստամբուլում այսօր տեղի են ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ուղիղ բանակցությունները: Հանդիպմանը ներկա է եղել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Նա ներկաներին ասել է, որ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումը հնարավորություն է, որը պետք է գնահատել։  Ըստ թուրքական կողմի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները պետք է իրենք որոշեն հասնել խաղաղության, թե շարունակել ավերիչ հակամարտությունը։

Այս հանդիպմանը զուգահեռ՝ փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Ստամբուլ չմեկնելը։

Մայիսի 15-ին Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը չգնաց Ստամբուլ։ Թուրքիա չմեկնեց նաև ԱՄՆ նախագահ Թրամփը։ Սպասվում էր, որ նրանց ներկայությունը շատ հարցերի պատասխաններ կտար։  

Որոշ փորձագետներ ակնկալում էին, որ Պուտինը Թուրքիա կմեկնի մայիսի 16-ին։ Սակայն Կրեմլի խոսնակը հայտարարեց, որ ՌԴ նախագահն առաջիկա օրերին Թուրքիա չի մեկնելու։

Սրան հաջորդեց Դոնալդ Թրամփի արձագանքը լրագողների հարցերին․ նա վստահ չէ, թե որտեղ կլինի մայիսի 16-ին։ Մերձավորարևելյան շրջագայության ավարտին Թրամփը լրագրողների համար հասկացրել է, որ վերադառնում է Վաշինգտոն։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նախօրեին արդեն պարզաբանել էր, որ Թրամփը ևս հրաժարվել է Թուրքիա մեկնելուց, երբ արդեն պարզ է, որ Ռուսաստանի նախագահը բանակցություններին ներկա չի լինելու։

Ռուբիոն հստակացրել է նաև, որ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների ուղիղ բանակցություններն են։

Աբու Դաբիում գտնվող Թրամփին լրագրողը տեսախցիկներից  դուրս հարցրել է՝ ինչ է կարծում, երբ կկարողանա հանդիպել Պուտինի հետ։ Միացյալ Նահանգների նախագահը պատասխանել է․

«Հենց որ կարողանանք կազմակերպել։ Կարծում  եմ՝ ժամանակն է, որ մենք պարզապես անենք դա։ Ես ասացի՝ գիտեք, նրանք բոլորն ասում էին, որ Պուտինը գնում է, և Զելենսկին էլ է գնում։ Եվ ես ասացի, որ եթե չգնամ, երաշխավորում եմ, որ Պուտինը չի գնա։ Եվ նա չգնաց։ Եվ ես հասկանում եմ դա։ Բայց մենք դա անելու ենք, մենք դա անելու ենք։ Մենք պետք է դա անենք։ Միջին հաշվով  ամեն շաբաթ սպանվում է հինգ հազար երիտասարդ, և մենք դա անելու ենք։ Մենք դրան կհասնենք»։

ԱՄՆ պետքարտուղարն էլ պարզաբանում է, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու նպատակով  Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը դեռևս որոշված չեն։

«Ոչինչ չի պատահի, մինչև նախագահ Թրամփը չնստի Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Ես դեռ չգիտեմ ամսաթիվը և վայրը, բայց սա այս պահին իրոք միակ հնարավորությունն է»,-Fox News-ին ասել է Ռուբիոն։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Պուտինի՝ Ստամբուլ չմեկնելուց հետո հայտարարում է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր՝ պատժամիջոցների 17-րդ փաթեթը կընդունվի երեքշաբթի օրը։

«Պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է։ Մենք այն կընդունենք Բրյուսելում  երեքշաբթի օրը»,-գրել է նա X սոցիալական ցանցում։

Մերցը ասել է նաև, որ Ստամբուլ չմեկնելով՝ Ռուսաստանի նախագահն իրեն անհարմար դրության մեջ է դրել։

«Այն փաստը, որ նախագահ Զելենսկին, այնուամենայնիվ, գնաց Ստամբուլ, մեծ զիջում էր։ Պուտինը չեկավ․ նա իրեն դրեց անբարենպաստ վիճակում»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ Պուտինը, չմեկնելով Ստամբուլ, հստակորեն ցույց տվեց, որ իրեն հավասար չի համարում Ուկրաինայի նախագահ Զելենսկիին և չի կարծում, որ ուկրաինական խնդրի լուծումը նրա ձեռքում է․

«Ռուսաստանի նախագահը և ընդհանրապես Ռուսաստանը, ըստ էության, Ուկրաինայի առաջնորդին և Ուկրաինային նայում է ոչ թե որպես առանձին սուբյեկտի իրավահարաբերությունների, այլ դիտարկում է որպես արևմուտքի կցորդ։ Լայն առումով Ռուսաստանը, ես կարծում եմ, որ համարում է, թե պայմանավորվածություններ պետք է ձեռք բերի ոչ թե Ուկրաինայի կամ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ, այլ ԱՄՆ և ԵՄ երկրների հետ, առավել շատ՝ Միացյալ Նահանգների և Դոնալդ Թրամփի հետ»։

Ամեն դեպքում Ստամբուլում մայիսի 16-ին տեղի է ունեցել ԱՄՆ-Թուրքիա-Ուկրաինա եռակողմ հանդիպում, որին մասնակցել են մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Քիթ Քելոգը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Մինչև ռուս և ուկրաինացի բանակցողների հանդիպումը Ռուբիոն արդեն կարծիք էր հայտնել, որ բանակցային թիմերի մակարդակից ելնելով՝ լուրջ առաջընթացը քիչ հավանական է։

Ըստ Ուկրաինայի ներկայացուցիչների՝ Դոլմաբախչե պալատում նախատեսված հանդիպման ժամանակ առաջինը պետք է քննարկվի հրադադարի հարցը, մինչդեռ Ռուսաստանի ներկայացուցիչները խոսում են «հակամարտության պատճառների վերացման մասին»:

Քաղաքագետ Արա Պողոսյանը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոսելով Ստամբուլի ռուս-ուկրաինական բանակցույթունների մասին, նույնպես կարծիք հայտնեց, որ որևէ էական առաջընթաց այս հանդիպումից պետք չէ սպասել։

«Այն սկսվեց արդեն իսկ «ֆալշ ստարտով», հետևաբար, իմ կարծիքով, այս պահին այս հանդիպումը չի կարող որևէ դրական ելք մտցնել իրադարձությունների մեջ։ Ես կարծում եմ, որ այս հանդիպմանը կհաջորդեն այլ հանդիպումներ, որոնք գուցե այլ տրամադրվածության և նախադրամադրվածության պայմաններում լինեն, և իսկապես որոշակի բեկում մտնի հակամարտության լուծման և ընդհանրապես բանակցային գործընթացում»։

Ուկրաինական խնդրում լուրջ առաջընթացի համար ակնկալվող Թրամփ-Պուտին հանդիպումը, ըստ փորձագետի, թերևս շուտով տեղի ունենա, քանի որ ԱՄՆ և ՌԴ միջև ռազմավարական նշանակության հարցերում փոխըմբռնում կա։ Բացի այդ՝ փոխըմբռնման հանգույցներ կան նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։

Կարդացեք նաև

Back to top button